Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչն առաջատար է «ԱԼՄ»-ում, Ծառուկյանը՝ «Կենտրոնում»

Նոյեմբեր 23,2007 00:00

Ըստ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի դիտարկումների, ՀՀ նախագահին վերաբերող հիշատակումները հիմնականում բացասական են:

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն էր, թեման՝ «Թիմ» հետազոտությունների կենտրոնի եւ ԵՄԱ-ի իրականացրած դիտարկումները, որոնք վերաբերում էին 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին՝ հայաստանյան ԶԼՄ-ների հոկտեմբեր ամսվա աշխատանքին: Դիտարկվել են 4 համապետական TV՝ Հ1, հ2, «ԱԼՄ», «Արմենիա», 3 մայրաքաղաքային՝ «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» եւ Հանրային ռադիոն: Խումբը քանակական տվյալների վերլուծության միջոցով փորձել է պարզել առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ ԶԼՄ-ների ուշադրության աստիճանը: Դիտարկման օբյեկտ են հանդիսացել 19 քաղաքական գործիչներ (ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլք), այսինքն նրանք, ովքեր հայտարարել են 2008թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը առաջադրելու մասին, կամ այն գործիչները, ովքեր ԶԼՄ-ների կողմից հաճախ դիտարկվել են իբրեւ հավանական թեկնածու, նաեւ 2007 թ. ԱԺ ընտրություններում ձայների ավելի քան 1%-ը հավաքած կուսակցությունների առաջնորդները: Պարզվել է, որ հետազոտվող ալիքներից առավել քաղաքականացված են «ԱԼՄ»-ն, «Կենտրոնը», «Երկիր մեդիան» եւ հ2-ը, իսկ քաղաքական գործընթացներին ամենաքիչ ուշադրություն դարձրած TV-ն «Արմենիան» է: Դիտարկման արդյունքները փաստում են, որ «ԱԼՄ»-ի ուշադրությունը քաղաքական գործիչներին՝ հիմնականում կենտրոնացված է «ԱԼՄ»-ի սեփականատեր, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի անձի վրա, այսինքն՝ նրան բաժին է ընկել եթերաժամանակի 82%-ը: Պարզվել է, որ Տ. Կարապետիչը սեփական TV-ի հաշվին ստացել է երկու անգամ ավելի շատ համախառն լուսաբանում, քան ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ից նախագահի հավանական թեկնածու Սերժ Սարգսյանը: Իսկ վերջինիս դեպքում լուսաբանումների գերակշիռ մասը բոլոր TV-ներում եւ Հանրային ռադիոյում նա ստացել է իբրեւ վարչապետ: Դիտարկող խմբի համոզմամբ, Ս. Սարգսյանի՝ հաճախակի եւ երկարատեւ ժամանակահատվածով եթերում երեւալը իր անվիճելի ազդեցությունն է ունենում ընտրողների վրա: Պարզվել է նաեւ, որ համախառն լուսաբանմամբ երկրորդ տեղում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հետազոտված TV-ների մեծ մասում զիջում է միայն Ս. Սարգսյանին եւ («Կենտրոնում») ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ «Երկիր մեդիայում»՝ ՀՀ առաջին նախագահն առաջին տեղում է: Ըստ դիտարկման արդյունքների, հեռարձակվող TV-ների ուշադրությունը կենտրոնացված է հիմնականում Ս. Սարգսյանի ու Լ. Տեր-Պետրոսյանի վրա: Սակայն մի տարբերությամբ՝ եթե վարչապետը բոլոր ալիքներով հաճախ հիշատակվել է դրական (բացասականը եղել է 2 անգամ), ապա առաջին նախագահի դեպքում ճիշտ հակառակն է՝ ընդամենը 6 դրական եւ 111 բացասական հիշատակում: ԲՀԿ առաջնորդի դեպքում Գ. Ծառուկյանն իր դրական հիշատակումներով առաջատար է՝ շնորհիվ «Կենտրոն» TV-ի: Դիտարկողներն արձանագրել են նաեւ այն, որ հոկտեմբերին ցուցադրվել են բազմաթիվ գովազդային նյութեր, որոնք էլ ուղղակի եւ անուղղակի ձեւով նպաստել են դիտարկման օբյեկտ հանդիսացած որոշ գործիչների (Ս. Սարգսյան, Գ. Ծառուկյան եւ այլք) դրական իմիջի ձեւավորմանը: Բ. Նավասարդյանի համոզմամբ, այսօր Գ. Ծառուկյանի օգտին աշխատում են մի քանի TV-ներ, իսկ ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանին՝ ապա. «Ես չեմ կարող հիշել որեւէ դիտարկում, երբ ընտրություններից առաջ որեւէ քաղաքական գործիչ այսքան բացասական լուսաբանում ստանար»: Նրա խոսքերով, այսօր ինչ որ անում են TV-ները, միանգամայն հակասում է Ընտրական օրենսգրքի սկզբունքներին: «Եթե լրատվամիջոցները խախտում են օրենսգրքի կանոնները, ապա այդ օրենսգիրքը չի կարող արդյունավետ լինել: Քարոզչական միջոցներով բռնանալը անթույլատրելի է»,- կարծում է Բ. Նավասարդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել