Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՇԻՆՔԸ»՝ ԱՅԼԵՎՍ ՀՌԱԿ

Նոյեմբեր 27,2007 00:00

Նոյեմբերի 24-ին կայացած համագումարում «Դաշինք» կուսակցությունը միաձայն որոշումով վերակազմակերպվեց եւ 20 հազար անդամով միացավ մոտ 10 հազար անդամ ունեցող Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը (թվերն, ըստ կուսակցությունների ղեկավարների):

ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ խոսելով այդ մասին, Սամվել Բաբայանը հայտարարեց, որ «մեր պարտությունները ոչ ոքի վրա չեմ բարդելու, հրապարակներ դուրս չեմ գալու, չեմ գոռգոռալու»: Գնահատականներ բաժին հասան միայն ընդդիմադիր դաշտին. «Ինքնագոհություն. ահա այն հիմնական հիվանդությունը, որով տառապում է մեր քաղաքական դաշտը: Այն արդյունքները, որ գրանցեց ընդդիմությունը, որքան էլ ցավալի, բայց նույնքան էլ օրինաչափ էին: Անձնական հավակնությունների ձեռքը կրակն ընկած այդ գործիչները ընտրություններից հետո մի քիչ աղմկեցին՝ բողոքելով իրենց կյանքից, մի քիչ մեզ մեղադրեցին, թե ինչու մենք շատ չենք բողոքում, հետո հանգիստ գնացին տուն՝ գործը լիովին գլուխ բերածի կեցվածքով: Ես սովոր եմ հաղթանակներ տանել, եթե պարտություն էլ կրում եմ՝ եզրակացություններ եմ անում եւ նորից անցնում գործի»: Քաղաքական դաշտի ապաքինման միակ դեղատոմսը նա համարում է գաղափարական միավորումները:

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասաց, որ այս միասնությամբ ի կատար է ածվում «մեր պապերի դարավոր երազանքը՝ պետությունը ավելի պաշտպանված ու բարեկեցիկ դարձնել»: Միավորումը նա աննախադեպ համարեց, քանզի մեզանում միավորումները նախընտրական բնույթի են եղել. «Չեն մտել խորհրդարան՝ բաժանվել են, կամ մտել են՝ մեկ շաբաթ հետո են բաժանվել. փոխադարձ վիրավորանքներ եւ այլն»: Համագումարի պատվիրակներին խնդրեց սրտացավորեն վերաբերվել «այս մերձեցմանը»: Նաեւ ասաց, որ Սփյուռքի ընկերների հետ մի շարք ծրագրեր են իրականացվելու, ու շարքերը պիտի դրանք նպատակային ուղղորդեն:

Արդեն հունվար ամսին կայանալիք ՀՌԱԿ համագումարը կընտրի կուսակցության ատենապետին կամ ղեկավար մարմնին: Կուսակցության ղեկավարման ձեւաչափն առայժմ հստակեցված չէ, բայց երեք բանախոսներն էլ պնդում էին, որ իրենք թիմային աշխատանքի կողմնակիցներ են: Այդ համագումարում կհստակեցվի նաեւ նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել