Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԱՎՈՏ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 14,2007 00:00

Հսկայական եկամուտներ ունեցող, բայց պարզեցված հարկ վճարող շատ խոշոր բիզնեսմեններ վերջապես ստիպված կլինեն իրենց եկամուտներին համապատասխան հարկ վճարել:

Հայաստանում պարզեցված հարկով աշխատող 26 հազարից ավելի կազմակերպություն կա: Քանի որ ի սկզբանե այդ հարկատեսակը նախատեսված էր փոքր եւ միջին բիզնեսին (ՓՄՁ) աջակցելու համար, այսօր այդ հարկման ռեժիմում գործող յուրաքանչյուր բիզնեսմեն կոկորդ է պատռում՝ բողոքելով, որ կառավարությունն ուզում է իրենց մտցնել ընդհանուր կարգով հարկման ռեժիմի տակ, որ դրանով մանր ու միջին բիզնեսը մեր երկրում կվերանա, որ իրենք ստիպված կլինեն լքել Հայաստանն ու գնալ արտասահման եւ այլն: Խոսքը, մասնավորապես, «Պարզեցված հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների մասին է, ըստ որոնց, 2008-ից պարզեցված հարկ վճարողների շրջանակները պետք է հնարավորինս նեղացվեն, որպեսզի այդ օրենքից չկարողանան օգտվել խոշոր գործարարները: Բնականաբար, այդ կրճատումների տակ կարող են ընկնել նաեւ այնպիսի ընկերություններ, որոնք իսկապես բոլոր «չափանիշներով» համապատասխանում էին պարզեցված հարկատեսակից օգտվելու համար սահմանված բոլոր կետերին, ուստի, այսպես թե այնպես, այդ փոփոխությունն ինչ-որ չափով վնասելու է մանր բիզնեսին: Մանր ձեռնարկություններն այլեւս, նույն հարկման ռեժիմի տակ ընկնելով խոշոր գործարարների հետ, չեն կարողանա դիմանալ հարկային ճնշումներին ու կփակվեն: Բայց դա հարցի միայն մի կողմն է: Միայն մի քանի ընտանիքի բյուջեին հարված չհասցնելու համար մինչ օրս պարզեցված հարկատեսակի բացթողումների պատճառով վնաս էր կրում մեր երկրի ընդհանուր բյուջեն, ուստի միանշանակ կարելի է ասել, որ այդ փոփոխությունները ոչ միայն անհրաժեշտ էին մեր հարկային համակարգում, այլեւ՝ նույնիսկ ուշացած:

Բանն այն է, որ հազարավոր խոշոր գործարարներ, որոնց ամսական շրջանառությունը կես միլիարդ դրամից ավելի էր կազմում, նախկինում հեշտությամբ կարողանում էին իրենց շրջանառությունը փոքր ցույց տալ ու օգտվել պարզեցված հարկից: Իսկ դա նշանակում է, որ բիզնեսմենը ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ կամ շահութահարկ վճարելու փոխարեն օգտվելով մեկ պարզեցված հարկատեսակից՝ զգալիորեն նվազեցնում է իր հարկային բեռը: Աշխարհի բոլոր երկրներում փորձը ցույց է տալիս, որ երբ հարկերը նվազեցվում են, հարկային մուտքերն ավելանում են, որովհետեւ ստվերը կրճատվում է. բիզնեսմենը տեսնելով, որ իրենից քիչ հարկ են պահանջում, գերադասում է ցույց տալ ամբողջ եկամուտները, հանգիստ խղճով քնել ու հետն էլ ցածր հարկեր վճարել: Սակայն Հայաստանում այդպես չեղավ. մեր գործարարները գերադասեցին ստվերը պահպանել, հանգիստ խղճով քնել ու ավելի ցածր հարկեր վճարել: Արդյունքում՝ ըստ Հարկային պետական ծառայության տրամադրած տվյալների, վերջին մի քանի տարիներին պարզեցված հարկ վճարողների թիվը մեր երկրում ավելացավ մոտ 13 անգամ, մինչդեռ այդ տիպի հարկային եկամուտներն ավելացան ընդամենը 3 անգամ: Այդ իսկ պատճառով կառավարությունը որոշեց եւ ԱԺ-ն էլ հաստատեց, որ այլեւս թույլ չեն տալու, օրինակ, ներմուծողներին, մտնել այդ հարկման այդ դաշտ, որովհետեւ նրանք հավասար պայմաններում չէին տեղական արտադրությամբ զբաղվող փոքր բիզնեսմենների հետ: Բացի այդ, մինչ օրս շատ գործարարներ, ունենալով մի քանի սուպերմարքեթներ, մի քանի առեւտրային կազմակերպություններ, մի քանի կրպակներ ու տաղավարներ, դրանցից յուրաքանչյուրը գրանցում էին որպես առանձին կազմակերպություն ու շրջանառությունը ցույց տալով տարեկան մինչեւ 50 մլն դրամ, օգտվում էին պարզեցված հարկման արտոնությունից: Բազմաթիվ խոշոր մարքեթներ մինչ օրս պարզեցված հարկով են աշխատել: Նրանք այնքան քիչ հարկ են վճարում, որ խոշոր հարկատուների ցանկում որեւէ սուպերմաքեթի անուն չես գտնի: Պարզեցված հարկից օգտվելու արդյունքում նույնիսկ շատ խոշոր ռեստորանային համալիրները, որոնք ամեն օր հարսանիքներ, քեֆեր են ունենում եւ շաբաթական 100 մլն դրամի շրջանառություն ունեն, դարձյալ խոշոր հարկատու չեն համարվում՝ տարեկան տվյալներով վճարելով ընդամենը մի քանի մլն դրամի հարկ:

Հայաստանում շատ կան նաեւ համատեղ ձեռնարկություններ, որոնք փաստաթղթերով գործում են իբրեւ առանձին կազմակերպություններ եւ նույնպես օգտվում պարզեցված հարկի արտոնությունից: Համատեղ գործունեության պայմանագիր կնքելու դեպքում կողմերն իրավունք չունեն պարզեցված հարկ վճարել, ուստի շատ գործարարներ, թեեւ ներքին կարգով համատեղ բիզնեսներ են ունենում, բայց այդ ամենը ներկայացնում են իբրեւ առանձին-առանձին՝ շրջանառությունը փոքր ցույց տալու եւ արտոնյալ հարկման դաշտ մտնելու համար:

Ըստ օրենքի, պարզեցված հարկ վճարողն իրավունք չունի զբաղվել արտարժույթի առքուվաճառքով, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի բիզնես ունենալ, բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական կազմակերպություն աշխատեցնել եւ այլն: Եթե նույնիսկ տարիների ընթացքում պարզվեր, որ պարզեցված հարկ վճարող որեւէ գործարար, կրպակ ունենալուց բացի, նաեւ բանկ կամ այլ «արգելված» բիզնես ունի, միակ գործողությունը, որ կարող էր անել հարկայինն այդ ապօրինությունից հետո՝ ընդամենը 100 հազար դրամի չափով տուգանելն էր: Ուստի գործարարներին էլ մեղադրել չի լինի. այսպիսի արքայական պայմաններ ում էլ առաջարկեին՝ չէր հրաժարվի: Նման սողանցքներ թույլ էր տալիս օրենքը, ուստի հիմա, երբ ուզում են շտկել սխալը եւ «մաղել» այդ հարկման դաշտ մտնողներին, թերեւս արժե այդ ճանապարհին զոհ տալ մի քանի ազնիվ գործարարների: Ըստ էության, դա զոհողություն չի էլ կարելի համարել, որովհետեւ հարկայինը կարող է իսկապես մանր եւ իսկապես միջին գործարարների համար սահմանել նոր արտոնություններ, նրանց ինչ-որ կերպ զտել ու աջակցել, որպեսզի գոյատեւեն: Նախընտրական քարոզչությունների ժամանակ բոլոր քաղաքական կուսակցությունները մի շարք ծրագրեր ունեին՝ ՓՄՁ- ների զարգացմանն աջակցելու, կարելի է կյանքի կոչել այդ ծրագրերը, բայց տեսնել, որ անօրինականություններ են կատարվում ու որեւէ քայլ չձեռնարկել այդ ուղղությամբ, թերեւս, անթույլատրելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել