Լրահոս
Օրվա լրահոսը

Գրադարաններում ցրտից ուշաթափվում են

Հունվար 22,2008 00:00

Ըստ դրանց տնօրենների, ջեռուցման խնդրի լուծումը միայն իրենցից չի կախված

Հայտնի մի համոզմունք կա, թե մարդկային ուղեղը սառը պայմաններում թարմ եւ երիտասարդ է մնում: Եթե այս իմաստնությամբ դատենք Հայաստանի հանրային գրադարաններում տիրող իրավիճակը, ապա կստացվի, որ այստեղ հաճախող ընթերցողների եւ աշխատակիցների «բախտը բերել է»: Պատճառն այն է, որ գրադարանների տարբեր սենյակների ջերմաստիճանը հազիվ հասնում է +15-ի, իսկ ընթերցասրահներում երբեմն շատ ավելի ցուրտ է լինում: Եթե հաշվենք, որ գրադարանների աշխատակիցները օրական 7-8 ժամ են անցկացնում այս պայմաններում, իսկ ընթերցողները օրական միջինը 2 ժամ, կարելի է ասել, որ այդ «զովությունը» նրանց լրիվ բավական է կյանքի առաջիկա տարիներին թարմ ուղեղ ունենալու համար: Իսկ թե մյուս օրգաններն ինչ ճակատագիր կունենան, դժվար չէ գուշակել: Երբ այցելեցինք Ավ. Իսահակյանի անվան եւ Ազգային գրադարաններ, նկատեցինք, որ երկուսում էլ ընթերցողները վերարկուներով էին, իսկ գրադարանի աշխատակիցներից ոմանք մի քանի տակ փաթաթվել էին շալերով եւ շորերով: Գրադարանների տնօրեններից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, երբ է այս հարցը լուծվելու: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն ասաց. «Շենքը տաքացնելու խնդիր ունեն բոլոր գրադարանները: Եվ, ըստ էության, դրանցից ոչ մեկում առկա չեն այն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան տաքացման հարցը ամբողջությամբ լուծել: Դրա համար նախ պիտի լուծվի շենքերի նախկին խողովակաշարերի դեմոնտաժման հարցը, որ կարողանանք կաթսայատուն աշխատեցնել, եւ ջրհեղեղը չքշի մեր գրականությունը»: Դ. Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարի, 1940-ից հետո առաջին անգամ, կկատարվի գրադարանի՝ Տերյան փողոցում գտնվող թամանյանական մասնաշենքի հիմնանորոգումը: Սակայն այս հարցն էլ շատերի մեջ դժգոհություն է առաջացրել: Ասում են, թե այս մասնաշենքը պիտի թանգարան դառնա, իսկ ֆոնդերը եւ ընդհանուր ընթերցասրահը տեղափոխվեն Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենք, ինչի պատճառով կմիանան տարբեր ուղղվածության ընթերցասրահներն ու բաժինները: Իսկ ցրտերին դիմակայելու համար, ըստ տնօրենի, այժմ գրադարանում այսպիսի իրավիճակ է տիրում. «Ձմեռային ռեժիմից ելնելով եւ էլեկտրականություն խնայելու համար՝ 2 գիտական ընթերցասրահները միավորել ենք, ուսանողներին էլ սպասարկում ենք մյուս գիտական ընթերցասրահի տարածքում»: Նրան հիշեցրինք, որ անցյալ տարի Ազգային գրադարանում ցրտից մի ընթերցող էր ուշաթափվել: Այս կապակցությամբ պրն Սարգսյանն ասաց. «Մարդ կարող է ուշաթափվել միայն -10 աստիճանի դեպքում: Տվյալ անձնավորությունը գուցե սոված կամ հյուծված է եղել»:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի ընթերցողներն էլ ընթերցասրահը տաքացնելու համար տնօրեն Հասմիկ Կարապետյանին առաջարկել են գոնե պատուհանները թերթերով պատել: Սակայն այդ դեպքում սենյակը կմթներ, դրա համար էլ գրադարանի աշխատակիցները որոշել են պատուհանները «եվրո» դարձնել եւ դրանց անցքերը փակել «սկոչներով»: Հ. Կարապետյանը, սակայն, խնդիրն այս կերպ է մեկնաբանում. «Երբ խոսում են տնտեսական երկնիշ աճերից, ուրախանում եմ՝ մտածելով, որ առաջ ենք գնում, պետբյուջեն հարստանում է, եւ դա կանդրադառնա նաեւ մշակույթի բնագավառի վրա: Ախր գրադարանի շենքի տաքացման հարցը միայն մեզնից կախված չէ: Օրինակ՝ դեկտեմբերի կեսերին փորձեցինք ավելի տաքացնել սենյակները, չնայած ապահովում էինք պահանջվող 15-16 աստիճանը, սակայն 3 օր առանց լույսի մնացինք՝ կաբելները չդիմացան հզորությանը: Ուստի, ժամանակն է վերականգնել քաղաքի կոմունալ տնտեսությունը, այն շարքից դուրս է եկել: Մանավանդ որ, գրադարանի շենքի ջեռուցման հարցն էլ է դրանից կախված: Փաստեմ, որ այժմ ողջ Ամիրյան փողոցը շինարարության մեջ է, եւ գործող բոլոր կոմունիկացիաները ժամանակավոր են, ու միայն Կենտրոնի կառուցապատումից հետո հնարավոր կլինի գլոբալ ինչ-որ հարց լուծել»: Գրադարանի առաջատար գրադարանավարուհի Գոհար Կարապետյանն էլ հավելեց. «Օրական միջինը 30 հոգի օգտվում է ընթերցասրահից: Իհարկե, ցուրտ է, բայց մարդիկ ստիպված գալիս են, քանի որ քննական շրջան է: Ավելի ծանր է վիճակը ընդհանրապես չտաքացվող գրապահոցներում: Այնտեղից գիրք բերելու համար ստիպված վերարկու, ձեռնոցներ ենք հագնում, հետո ներս մտնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել