Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վերջին մրցանակները՝ Քոչարյանի ձեռքից

Հունվար 24,2008 00:00

\"\"Մշակույթի գործիչներն այլեւս ուրիշի կգովեն

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում կայացավ արվեստի եւ մշակույթի ոլորտում 2007թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակներ շնորհվեցին գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Դավիթ Հովհաննեսին՝ «Նոր քրոնիկոն» գրքի համար, երաժշտության ոլորտում Ռուբեն Սարգսյանին՝ «Ինչ որ մնաց», «Դեր Զորը վերապրածի խոստովանանքը», «Ի շրջանս յուր», «Պատարագ ուրվականի համար» նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար: Կերպարվեստի ոլորտում մրցանակ ստացավ Փարավոն Միրզոյանը՝ Հայաստանին նվիրված բնանկարների, նատյուրմորտների, դիմանկարների, ֆիգուրատիվ ազատ հորինվածքների գեղանկարչական շարքի համար, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում՝ Երեւանի քաղաքապետարանի շենքի համար, մրցանակները Ջիմ Թորոսյանին, Ռոլանդ Մարտիրոսյանին, Հենզել Հակոբյանին, Գագիկ Գալստյանին եւ Արծրուն Սերգոյանին տրվեցին: Թատրոնի եւ կինոյի բնագավառում այս անգամ էլ ոչ ոք մրցանակ չստացավ:

Դավիթ Հովհաննեսի խոսքերով՝ մրցանակն իր համար ընդամենը պաշտոնական վավերացումն է այն գործի, որն ինքն անում է արդեն 30 տարի. «Պիտի շարունակեմ գրել այն պոեզիան, որը կարտացոլի ժամանակի շունչն ու իր մեջ կունենա օրվա վավերականությունը՝ բարձրացված գեղարվեստական ստեղծագործության, տվյալ դեպքում՝ պոեզիայի մակարդակի: Հաճելի է, երբ տասնամյակների քո գործը նկատվում եւ պետականորեն գնահատվում է: Նշեմ, որ ոչ թե մրցանակներն են ստեղծում պոեզիա, այլ պոետն ինքն է ստեղծում մրցանակի հիմքը: Մրցանակը ընդամենը փայլ է տալիս բանաստեղծի ստեղծագործությանը»: Նա առիթը չկորցրեց հաճոյախոսելու ՀՀ նախագահին. «Տղամարդու ձեռքից՝ տղամարդու արժանի մրցանակ ստանալը մի գեղեցիկ հաճույք է»: Լավ էր, գոնե չասաց՝ միակ տղամարդու:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ նա ստուգե՞լ է իր մրցանակը, արդյոք նախկինի պես տառասխալներ չկա՞ն: «Ստուգել եմ, ամեն ինչ նորմալ է»,- պատասխանեց բանաստեղծը: Փարավոն Միրզոյանն էլ ասաց. «Այս մրցանակը առաջին հերթին պարտավորեցնում է արվեստագետին՝ հետագայում էլ ավելի լավ ստեղծագործելու համար: Գտնում եմ, որ արժանի եմ այս մրցանակին: Ամեն ինչ կանեմ՝ այս պատիվն ավելի բարձր պահելու համար»: Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մրցանակ չի շնորհվել թատրոնի եւ կինոյի բնագավառում: «Շատ պարզ պատճառով՝ թատրոնն ու կինոն պետք է առանձին քննվեն: Դա նույնն է, ինչ ճարտարապետությունն ու նկարչությունը միացնեն իրար: Բազմիցս դիմել ենք մշակույթի նախարարություն, առաջարկել՝ առանձնացնել այդ երկու բնագավառները, սակայն մեզ ամեն անգամ անհասկանալի պատճառներով մերժել են: Մի անգամ էլ ասացին, թե շուտով ՀՀ նոր նախագահ կընտրվի ու ձեւը կփոխվի: Ինձ թվում է՝ նախագահին նորմալ չեն էլ ասել, թե ինչն ինչոց է, թե չէ՝ ամեն ինչ այլ կերպ կլիներ: Գտնում եմ, որ այս անգամվա ցանկում կային մրցանակի արժանի բեմադրություններ եւ մեկ ֆիլմ, սակայն այդ մարդիկ մնացին ձեռնունայն»:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ, շնորհավորելով մրցանակակիրներին, շեշտեց. «Պետական մրցանակներ շնորհելը եղել է ձեր առաջարկը: Ես ընդամենը վավերացրել եմ այդ գործընթացը»: Անդրադառնալով թատրոնի ու կինոյի բնագավառում մրցանակների բացակայությանը, նա ցավալի համարեց այդ հանգամանքը: Այնուհետեւ ափսոսանքով ասաց. «Ես վերջին անգամ եմ մրցանակներ հանձնում, բայց ավանդույթն արդեն ձեւավորվել է ու, կարծում եմ, շարունակական կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել