Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԷԼԻ՝ ՍՈՒՏ

Փետրվար 06,2008 00:00

Հերթական անգամ բախվեցինք այն իրողությանը, որ մեր քաղաքական գործիչներն անտեսելով այն փաստը, որ կան ականատեսներ, ի վերջո՝ ձայնագրություն, փորձում են, շա՜տ մեղմ ասած, խեղաթյուրել իրականությունը: Այս անգամ էլ նման գործելակերպի դիմեց ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում փետրվարի 1-ի իր հանդիպման ընթացքում ծեծկռտուքի մասին Echannel-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թալինում որոշ միտինգավորներ ծեծել էին Սարգիս Կարապետյանին, որովհետեւ նա բանավեճի մեջ էր մտել միտինգն անցկացնողների հետ՝ «Կոնֆլիկտն առաջացել է միտինգի ընթացքում, ելույթ ունեցողներին հակաճառելու արդյունքում: Մեր պարագայում պատկերն այլ էր. միտինգն ավարտված էր, բարձրախոսները՝ անջատված: Ես զրուցում էի մարդկանց հետ, հավաքվածները բավական շատ էին, ու միտինգի մյուս ծայրում, որտեղով անցնում էր ճանապարհը, սկսվեց ծեծկռտուք»: Պատկերը բնավ այլ չէր առնվազն այն մասով, որ հանրահավաքն ավարտված չէր, բարձրախոսներն էլ անջատված չէին (համապատասխան ձայնագրությունը պահպանել ենք, եւ այն, ի դեպ, հաղորդվել է նաեւ «Ռադիոլուրով»), Վահան Հովհաննիսյանը դեռ հարթակին էր եւ պատասխանում էր մի ծերունու հարցին, երբ մեկը մեքենան քշեց հանրահավաքի միջով՝ ազդանշաններով խանգարելով:

Ակնհայտ է, թե ինչու է Վահան Հովհաննիսյանը փորձել վերախմբագրել կատարվածը: Քանի որ հենց ինքն էր հունվարի 30-ի ասուլիսում Թալինի միջադեպի կապակցությամբ ասում. «Նման սուր դրսեւորումները, այլանդակությունները մեզ համար ընդունելի չեն», հավելելով, որ նման անթույլատրելի արարքների համար գլխավոր պատասխանատուն թեկնածուներն են, որոնք պետք է կարողանան զսպել իրենց ակտիվիստներին (անտեսում էր, որ նման միջադեպեր կարող են տեղի ունենալ թեկնածուների կամքից անկախ, ինչպես եղավ նաեւ իր դեպքում): Ու հիմա պատկերի նման խեղաթյուրման նպատակն է ցույց տալ, թե այս երկու միջադեպերի միջեւ տարբերություն կա, եւ ինքը որեւէ պատասխանատվություն չի կրում, որ իր հանդիպման ընթացքում ցուցաբերված անհարգալից վերաբերմունքին հավաքվածները տվեցին նման ոչ համարժեք արձագանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել