Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՆ

Փետրվար 06,2008 00:00

Ի պատասխան իրենց ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքների, նրանք գերադասում են լռել

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սատարող ուժերի կոնգրեսում (12.12.2007) կայացած ելույթի ժամանակ ներկայիս իշխանություններին մեղադրեց կոռուպցիայի, պետական փողերը սեփական կարիքների համար օգտագործելու եւ ժողովրդին խաբելու մեջ: Ելույթում բերված փաստերի եւ վերլուծությունների համաձայն, մեր պետության հարկային ու մաքսային մարմինները տարիներ շարունակ ծառայել են ի շահ որոշ իշխանավորների եւ նպաստել են, որպեսզի նրանց բանկային հաշիվները գնալով մեծանան: Այս ծանրագույն մեղադրանքներին իշխանության ներկայացուցիչներից ոմանք տարբեր ամբիոններից համառոտ ու շատ դեպքերում նաեւ հարցին չառնչվող պատասխաններ տվեցին: «Առավոտը» փորձեց այս մեղադրանքների առնչությամբ պարզաբանումներ ստանալ այն իրավասու մարմիններից, որոնց ուղղակիորեն վերաբերում են այս մեղադրանքները:

Լ. Տեր-Պետրոսյանը մեղադրանք էր ներկայացրել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, նշելով, որ ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռուսական կողմն իր 55 տոկոս մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը 4 տարվա ընթացքում պետք է ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար բնակիչներին ու ձեռնարկություններին: Սակայն այդ գազաքանակը սպառվեց 2 տարում՝ 1998-1999 թվականներին, իսկ վաճառքից գոյացած 148 մլն դոլարը պարզապես անհետացավ: «Խնդիրն առնչվում է ոչ թե մեր ընկերությանը, այլ «Հայ-գազ» ՍՊԸ-ին, որի գործունեության համար մենք պատասխանատու չենք»,- «Առավոտն» այսպիսի պարզաբանում ստացավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, այն հարցին ի պատասխան, թե ո՞ւմ գրպանն է մտել 148 մլն դոլարը, եւ իսկապե՞ս խախտվել է ընկերության հիմնադրման պայմանագրի վերոնշյալ կետը: Չնայած «ՀայՌուսգազարդի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը վստահեցրեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի մեղադրանքների հետ իրենք ընդհանրապես կապ չունեն, սակայն նշենք, որ 1998-ին «ՀայՌուսգազարդ» ընկերությունն արդեն հիմնադրվել էր, այսինքն՝ առաջին նախագահի մեղադրանքները հենց «ՀայՌուսգազարդին» են վերաբերում:

Էներգետիկայի նախարարությունից հաստատեցին, որ, իսկապես, ՀՀ էներգետիկայի նախարարության, ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ «Իտերա» միջազգային կորպորացիայի միջեւ 1998-2001թթ. կնքվել է նման համաձայնագիր, ըստ որի՝ մեր պետությանը մատակարարվել է 2 հազար 121,4 մլն խմ բնական գազ՝ 148,5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: «ՀՀ կառավարության որոշմամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադիր կապիտալի ձեւավորման ընթացքում առաջանալիք ակտիվները հանդիսանում են ՀՀ էներգահամակարգի ձեռնարկությունների դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի հստակեցման արդյունքում չծածկված ֆինանսական ճեղքվածքի մարման աղբյուրներից մեկը»,- տեղեկացրին նախարարությունից: Այսինքն, այդ 148,5 մլն դոլարը ծախսվել է էներգահամակարգում գործող մի շարք ձեռնարկությունների թողած պարտքերն ու ֆինանսական ճեղքերը փակելու համար: Պատկերացնելու համար, թե որքան մեծ գումար է 148,5 մլն դոլարը, նշենք, որ ՀՀ պետբյուջեով շատ ոլորտների պետական կառավարման համար ողջ տարվա ընթացքում ավելի քիչ գումար է հատկացվում: Ուստի կարելի է ասել, որ նախարարությունն այդ 148,5 մլն-ով կարող էր ոչ թե ճեղքվածք փակել, այլ մի ամբողջ անցք, որոնցից մեր երկրում այնքան շատ կան: Նախարարությունից պարզաբանեցին նաեւ, որ բնական գազը մեր հանրապետությունում սպառվել է ոչ թե 2, այլ 4 տարվա ընթացքում, այսինքն՝ համաձայնագրի կետերը ճշտորեն պահպանվել են եւ ոչ մի խախտում էլ չկա: Ըստ նախարարության տրամադրած տվյալների, 1998-ին Հայաստանին մատակարարվել է 600 մլն խմ բնական գազ, 1999-ին՝ դարձյալ 600 մլն խմ, 2000-ին՝ 500 մլն խմ, իսկ 2001-ին՝ 421.4 մլն խմ: Որպես ապացույց, որ «հանելուկային» 148.5 մլն դոլարը ոչ թե յուրացվել է որոշ պաշտոնյաների կողմից, այլ ծառայել է միայն երկրի ու ժողովրդի բարօրությանը ու էներգահամակարգի ճեղքերն է փակել, նախարարությունից ընդգծեցին, որ 1998-ին համակարգն ունեցել է 101 միլիարդ դրամի պարտք, իսկ 2007-ին այդ պարտքից մնացել է ընդամենը 4.7 միլիարդ դրամ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաեւ նշել էր, որ 2002 թվականից սկսած՝ Հայաստան ներմուծվող բենզինի ամսական ծավալները կազմել են 12.000-15.000 տոննա: Մինչդեռ 1997-ին արդեն ներկրվում էր ամսական 30 հազար տոննա: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իրականում այս վերջին տարիներին ավելի շատ բենզին է ներմուծվել: Փաստորեն, ներմուծված բենզինի մնացած քանակությունը կամ մաքսանենգ ճանապարհով է մտել Հայաստան, կամ մաքսայինի հովանավորությամբ ու առանց փաստաթղթային ձեւակերպումների: «Առավոտի» հարցին՝ մաքսայինն աչքաթո՞ղ է արել մի քանի միլիարդ դոլարի բենզինի ներմուծման ծավալները՝ Մաքսային պետական կոմիտեից պատասխանեցին. «ՀայՌուսգազարդի» տրամադրած տվյալների համաձայն, ավտոմեքենաների գազալիցքավորման կայաններում օգտագործված բնական սեղմած գազի քանակը 2000 թվականի համեմատ 2006-ին աճել է 759 տոկոսով կամ 7,6 անգամ: 2000-2007թթ. բենզինի ներկրման ծավալները գրեթե մնացել են անփոփոխ՝ կազմելով տարեկան մոտ 172 000 տոննա: 90-ական թվականներին բնական սեղմած գազը գրեթե նույն արժեքն ուներ, ինչ բենզինը, հետեւաբար, նախընտրելի էր վերջինիս կիրառումը: 2000-2006թթ. բենզինի գինը 4-4,5 անգամ աճել է սեղմած բնական գազի գնի նկատմամբ, ինչի արդյունքում էլ այդ ժամանակահատվածում արձանագրվել է վերջինիս օգտագործման ծավալների նման աննախադեպ աճը: Չպետք է անտեսել նաեւ, որ հատկապես վերջին տարիների ընթացքում աճել է դիզվառելիքով աշխատող ավտոմեքենաների ներմուծումը հանրապետություն. եթե 2000-ին ներմուծվել է 70 հազար 300 տոննա դիզվառելիք, ապա 2006-ին այդ ցուցանիշը կազմել է 112 հազար 700, իսկ 2007-ին՝ 121 հազար 200 տոննա»: Այսինքն՝ մաքսայինը բացառում է, որ մաքսանենգ ճանապարհով բենզին ներկրեն եւ կամ իրենց հետ համագործակցելով՝ իշխանավորները փող ուտեն:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկ այլ մեղադրանքի համաձայն, 2006-ին Ղազախստանից Հայաստան արտահանվել է 1 մլրդ 200 մլն խմ գազ, որի արժեքը կազմում է 157 մլն դոլար: Այդ մասին տեղեկատվություն կա Ղազախստանի պաշտոնական վիճակագրությունում: Մինչդեռ ներմուծված այդ գազաքանակի մասին Հայաստանի մաքսային փաստաթղթերում նշված չէ: Մաքսայինին ուղղված մեր հարցին՝ այն Հայաստան մտել է մաքսանե՞նգ ճանապարհով՝ մաքսայինի լրատվական ծառայությունից պատասխանեցին. «2006-ին Ղազախստանից մեր հանրապետություն է ներմուծվել ոչ թե 1 մլրդ 200 մլն, այլ 1 մլրդ 400 մլն խմ գազ, որի վերաբերյալ, բնականաբար, տեղեկատվություն կա մաքսային համապատասխան փաստաթղթերում, ավելին՝ տեղեկատվությունը վաղուց արդեն հրապարակվել է մաքսային վիճակագրության տարեկան տեղեկագրում, որը, ինչպես հայտնի է, հանրամատչելի փաստաթուղթ է»:

Քանի որ Լ. Տեր-Պետրոսյանի մեղադրանքներն առնչվում էին նաեւ Հարկային պետական ծառայությանն ու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մենք փորձեցինք նաեւ պարզաբանումներ ստանալ նրանցից: Գրավոր հարցն ուղարկելուց 10 օր հետո նախագահականից պատասխանեցին, որ իրենք առայժմ ոչ մի պատասխան չունեն եւ երբ ունենան՝ իմաց կտան: Հարկայինից ընդհանրապես հարկ չհամարեցին որեւէ բան պատասխանել: Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, նրանք գրավոր հարցմանը պետք է պատասխանեին 5-օրյա ժամկետում, այսինքն՝ թե՛ նախագահի եւ թե՛ հարկայինի լրատվական ծառայությունները խախտել են օրենքը: Հարկայինի լռությունից կարելի է եզրակացնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումը, որ նրանք իր մեղադրանքներին չեն կարող պատասխանել՝ անհիմն չէ:

Ի դեպ, վերջին 10 օրվա ընթացքում հարկայինից անընդհատ ասում էին, որ այդ մեղադրանքների պատասխանն ուր որ է կուղարկեն: Փոխանակ իրենց գործը կատարելու, մեր տեղեկություններով՝ հարկայինի աշխատակիցները փորձել են մաքսայինից ճշտել, թե ինչ են իրեք պատասխանելու, որպեսզի իրենց տրամադրած տվյալները մաքսայինի տվյալներից շատ տարբեր չլինեն ու հակասություն չառաջացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել