Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆԸ

Փետրվար 23,2008 00:00

\"\"Արման Մելիքյանը առաջարկում է իր միջնորդությունը՝ կողմերին հաշտեցնելու գործում

«Այս ընտրությունները փոխադարձ անհանդուրժողականության եւ ատելության ընտրություններ էին, որովհետեւ հասարակությունը ոչ թե ընտրում էր նախագահի իր թեկնածուին, այլ քվեարկում էր այն թեկնածուի դեմ՝ ում չէր ցանկանում տեսնել այդ պաշտոնում»,- երեկ փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններն այսպես գնահատեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Այս ամենից բանախոսը ենթադրում է, որ թե՛ հասարակությունը, թե՛ պետությունը «լրջորեն հիվանդ են եւ բուժման կարիք ունեն»: Թե՛ իշխանությունների եւ թե՛ ընդդիմության վարքագիծը, Արման Մելիքյանի համոզմամբ, այսօր տանում է ոչ թե «բուժման, այլ բուժումը փոխարինում են մահապատժով»: «Ես դեմ եմ մահապատժին, դեմ եմ գլխատումներին: Այս ընտրությունները թող բոլորիս համար դաս լինեն: Մենք հասել ենք այն եզրին, որից հետո կարող են բախումները սկսվել, եւ լուրջ դեֆորմացիայի կենթարկվեն հասարակություն-պետություն փոխհարաբերությունները: Մենք պետք է ներքին երկխոսության ճանապարհը բռնենք»,- ասում է նա: Եվ քանի որ այս իրավիճակից ելքը Արման Մելիքյանը ոչ ուժային, ոչ էլ իրավական դաշտում է տեսնում, ուստի առաջարկում է. «Որպես հետընտրական շրջանի թիվ մեկ խնդիր՝ ձեւակերպել երկրում անկախանալուց ի վեր սաղմնավորված եւ ձեւավորված պետական կառավարման կոռուպցիոն համակարգի վերացումը եւ դրա փոխարեն բիզնեսից տարանջատված ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված, ուստի նաեւ՝ թափանցիկ գործող ու հաշվետու պետական կառավարման համակարգի ներդրում: Հստակ ձեւակերպել ընդդիմության դերն այս գործընթացում: Ճիշտ կլինի, որ ընդդիմությանը տրվեն մի շարք վերահսկողական բնույթի պաշտոններ իրավապահ մարմիններում, արդարադատության ոլորտում, պետբյուջեի ծախսերի վերահսկողության ոլորտում»: Եթե կողմերը համաձայնություն տան, Արման Մելիքյանը պատրաստ է միջնորդի դերն իր վրա վերցնել:

Արման Մելիքյանն ասում է, որ ինքն իր «խողովակներով» կարողացել է ճշտել ընտրատեղամասերի իրական պատկերը. «Անշուշտ, եղել են չարաշահումներ, բռնություններ, բայց դրա հետ մեկտեղ, ինձ համար, համենայնդեպս, հավաստի աղբյուրների վկայությամբ՝ Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, այնուամենայնիվ, առավելություն ունեցել է: Իմ ունեցած տվյալների հիման վրա ես չեմ կարող պնդել՝ արդյոք այդ առավելությունը բավարա՞ր էր առաջին փուլում ընտրություններն ավարտելու համար: Հիմա ինձ համար տարբերություն չկա՝ ժողովրդի 60 տոկո՞սն է ատում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ձայնը տալիս Սերժ Սարգսյանին, թե՞ հակառակը: Ամենակարեւորն այն է, որ արմատավորվել է ատելության մթնոլորտը, եւ եթե մենք այն չհաղթահարենք՝ լուրջ խնդիրներ կունենանք ե՛ւ ներսում, ե՛ւ հարեւանների հետ»: Բանախոսն ասում է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշ պատգամավորներ արդեն կոչ են անում ադրբեջանցի երիտասարդներին՝ պատրաստ լինել պատերազմի, եւ համոզում են, որ շատ արագ քայլքով՝ մեկ օրում կհասնեն Երեւան: Նման բաները Արման Մելիքյանը պատահական չի համարում, ուստի մեկ անգամ էլ կոչ է անում՝ «թողնել ատելության բոլոր անձնավորված դրսեւորումները»: Նա գտնում է, որ այս իրավիճակը նախընտրական մթնոլորտի արդյունք է, որի համար պատասխանատու են բոլոր կողմերը՝ «բարի լինեն եւ կրեն այդ պատասխանատվությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել