Լրահոս
Օրվա լրահոսը

Կռիվ՝ մեկ ձայնի համար

Փետրվար 23,2008 00:00

\"\"Չնայած Արամ Հարությունյանը վերահաշվարկից հետո ակնկալում էր ձայների ավելացում, սակայն նրա քվեները ճիշտ էին հաշվել՝ 1 ձայն:

Արդեն քանի օր է՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսի պահանջով մայրաքաղաքի եւ մի շարք մարզերի ընտրատարածքներում քվեաթերթիկների վերահաշվարկ է ընթանում: Երեկ «Առավոտը» մասնակցեց Թիվ 4/04 եւ 4/07 ընտրատեղամասերի վերահաշվարկին: Թիվ 4/04 ընտրատեղամասում գրանցված 1645 քաղաքացուց նախագահական ընտրություններին մասնակցել էր 1180-ը, չնայած դրան՝ այդ տեղամասի հանձնաժողովի տվյալներով՝ սպառվել էր 1179 ծրար: Հաշվման գործընթացի ժամանակ այդ մեկ ծրարը հայտնաբերեցին անվավեր քվեաթերթիկների մեջ, քանի որ ընտրողը ծրարի վրա խզմզել էր:

Վերահաշվարկին ներկա էին ՕԵԿ, ՀՀԿ, ՀՅԴ եւ դատական համակարգի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացանք՝ «Ժառանգության» ներկայացուցիչը, կասկածներ ունենալով, որ վերահաշվարկն արդար կընթանա, հրաժարվել էր դրան մասնակցել: Այս ընտրատեղամասի վերահաշվարկի արդյունքում հանձնաժողովականները կեղծման որեւէ դեպք չհայտնաբերեցին: Միայն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1 քվեաթերթիկն էր վիճահարույց, քանի որ, բացի վանդակում նշումից, մի գիծ էլ ավելի էր դրված: Այն համարվեց անվավեր: Նշենք, որ այս տեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանից 49 ձայն ավելի էր ստացել: Այս տեղամասի համար ձայների վերահաշվարկի դիմում-բողոք էր ներկայացրել «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, որն այստեղից ստացել էր ընդամենը 1 ձայն: Ըստ մեր տեղեկությունների, պարոն Հարությունյանը հստակ իմացել է, որ իր օգտին 2 հոգի առնվազն քվեարկել էր, ուստի նա համոզված լինելով, որ այս տեղամասում արդյունքները հաստատ կեղծված են, դիմել էր վերահաշվարկի: Նկատենք, որ Ա. Հարությունյանը թիվ 4/04 տեղամասից իսկապես 2 ձայն էր տարել: Նրա մյուս ձայնը հանձնաժողովի անդամները հայտնաբերեցին անվավեր քվեաթերթիկների մեջ. Ա. Հարությունյանի ընտրողը նշումը դրել էր ոչ թե վանդակում, այլ թեկնածուի անունից առաջ: Ուշադրության արժանի էին անվավեր քվեաթերթիկները. ընտրողները չբավարարվելով բոլորին դեմ քվեարկելով՝ թեկնածուների անունները ջնջել էին, քվեաթերթիկի վրա խաչեր էին քաշել:

Թիվ 4/07 ընտրատեղամասի հաշվարկման ժամանակ ներկա էր նաեւ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի անդամ, դիտորդ Արմեն Հակոբյանը: Նա ակտիվ պաշտպանում էր այն քվեները, որոնք հանձնաժողովականները՝ վանդակից նշանը փոքր-ինչ դուրս լինելու պատճառաբանությամբ, ուզում էին համարել անվավեր: Այդ դեպքում պետք է 3 ձայն պակասեր ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանի քվեներից: Դիտորդը պնդում էր, որ քվեաթերթիկի վրա հստակ նշված է քաղաքացու կամքը, ի՞նչ նշանակություն ունի, որ «նշանը վանդակից մի քանի միլիմետր դուրս է, քանի որ հնարավոր է՝ մեծահասակ մարդ է քվեարկել, ու ձեռքը դողացել է»: Նրան հակադարձեց ՀՀԿ անդամ, ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Շահինյանը՝ ասելով. «Դա մենք ենք որոշում, մի խոչընդոտեք մեր աշխատանքին»: Ի վերջո, այդ քվեաթերթիկները համարվեցին վարվեր: Թիվ 4/07-ում հօգուտ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի մի քվեաթերթիկ սպրդել էր տեղամասային հանձնաժողովի աչքից եւ համարվել վավեր: Մինչդեռ վերահաշվարկման արդյունքում այդ թերթիկի վրայից բացակայում էր հանձնաժողովի անդամներից մեկի, այսինքն՝ երրորդ ստորագրությունը: Սա նկատեց Կարինե Շահինյանը: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Մելիք Մելքումյանն արդարացավ, որ իրենք դա չեն նկատել, սակայն ընտրական հանձնաժողովը համարեց, որ դա հանձնաժողովի մեղքն է ու դրանից չպետք է տուժի քվեարկությանը մասնակցած քաղաքացին: Բացի այդ, տիկին Շահինյանը Վ. Հովհաննիսյանի քվեաթերթիկներից մոտ 10-ը զննեց առանց մյուս ներկայացուցիչների՝ միայն հանձնաժողովի նախագահի հետ: Սակայն նկատելով, որ դա կարող է կասկածների տեղիք տալ, առաջարկեց, որ գործընկերներն էլ իրենց միանան:

Այս ընտրատեղամասում վերահաշվարկը մնաց կիսատ, քանի որ աշխատանքային ժամն ավարտվեց: Այս առնչությամբ ընտրատեղամասի նախագահ Մելիք Մելքումյանը «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց, որ վերահաշվարկն արհեստական ձգձգվում է: Նրա կարծիքով, քվեաթերթիկների հաշվելն ու ստուգելը շատ դանդաղ է ընթանում: Ընտրական հանձնաժողովի անդամները անընդհատ շեշտում էին, որ իրենք շատ հոգնած են ու ի վիճակի չեն հաշվարկը շարունակելու: Թիվ 4/07-ի վերահաշվարկը կշարունակվի այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել