Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵՖՈՐՄԱՏՈՐ

Մարտ 22,2008 00:00

\"\"Այս օրերի քննարկվող հիմնական հարցերից է, թե ով կնշանակվի երկրի վարչապետ՝ ապրիլի 9-ից հետո, սակայն որոշ հարցերի պատասխանները պարզ կլինեն Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո:

Երեկ ստորագրվեց քառակողմ կոալիցիոն հուշագիրը Հանրապետականի, «Օրինաց երկրի», «Բարգավաճ Հայաստանի» եւ Դաշնակցության միջեւ: Կողմերը պնդում են, որ դրանում ամրագրված են համատեղ աշխատելու սկզբունքները, եւ, իբր, դեռ ոչ մի խոսակցություն չի գնում պորտֆելների բաժանման մասին: Սակայն նման «սկզբունքային» կոալիցիաներով այլեւս մեր հասարակությանը չես զարմացնի, եւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամենից կարեւոր հարցը միշտ էլ լինում է նախարարական եւ այլ պորտֆելների բաժանումը: Ի դեպ, դեռ նախընտրական շրջանում պատասխանելով լրագրողների հարցերին, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե նախագահական ընտրություններն անցնեն մեկ փուլով, ապա հաղթած նախագահը ավելի ազատ կլինի կառավարություն ձեւավորելու հարցում եւ որեւէ մեկին որեւէ բան պարտք չի լինի: Ընտրություններն անցան մեկ փուլով, բայց հայտնի իրադարձությունների հետեւանքով ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ընտրված նախագահը ուղղակի ստիպված է իր հետ աշխատելու հրավիրել մեծ թվով քաղաքական ուժերի: Մնում է, որ Սերժ Սարգսյանը, իրոք, փորձի դիմել այնպիսի քայլերի, որոնց արդյունքում տեղի կունենան բարեփոխումներ: Կապրենք՝ կտեսնենք:

Կոալիցիոն 4 էջանոց հուշագրում նշված է 22 սկզբունք, որոնք ընդգրկում են աղետի գոտուց մինչեւ գյուղատնտեսություն, աղքատության վերացումից մինչեւ խոսքի ազատություն, Սփյուռքի հետ կապերի ամրապնդումից մինչեւ աշխատատեղերի ստեղծում եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացում: Իրոք, որեւէ խոսք չկա պաշտոնների բաժանման մասին, սակայն գաղտնիք չէ, որ կողմերն այժմ ջանասիրաբար լծված են պաշտոնների բաժանման գործին: «Առավոտը» զրուցեց մի քանի իրազեկ մարդու հետ, սակայն քանի դեռ որեւէ իրական խոսակցություն եւ ապացույց չունենք նշված տեղեկությունների մասով, հարկ ենք համարում ընդգծել՝ այն անունները, որ կնշենք, ուղղակի քննարկվող անուններ են, դրանց պետք է վերաբերվել մեծ վերապահումով, քանի որ չի բացառվում, որ վերջին պահին այս կամ այն պորտֆելը կամ պաշտոնը կտրվի բոլորովին անսպասելի անձանց, որոնց անունները առայսօր չեն էլ քննարկվել:

Ըստ էության, ամենից կարեւոր պաշտոնը, որն ամենից շատ է հուզում բոլոր տրամաչափի պաշտոնյաներին, վարչապետի պաշտոնն է: Ռոբերտ Քոչարյանի տարբերակը բացառված է ի սկզբանե: Բացառողները պնդում են, որ դրա մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս մեկուկես տարի առաջ: Վարչապետի հավանական թեկնածուների ցուցակը աղքատ չէ՝ մեզ հայտնի է մի քանի անուն՝ «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյան, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան (երկու օր շարունակ մենք փորձում ենք այս մասին հարց ուղղել ԱԺ նախագահին, բայց նա հավանաբար շատ զբաղված է եւ մեր հեռախոսազանգերին չի պատասխանում), մոսկվաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյան եւ Հանրապետական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյան: Մեր դիտարկմամբ, վարչապետ պետք է դառնա մեկը, ով ծանոթ է երկրի իրավիճակին, անմիջական շփում ունի քաղաքական ուժերի հետ, քիչ թե շատ ընդունված է բոլորի կողմից, Հայաստանոււմ բիզնես չունի, կրիմինալ եւ օլիգարխիկ կապեր չունի, շատախոս չէ, վարկաբեկված չէ ընտրակեղծիքներով եւ այլն: Մեր դիտարկմամբ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նման է այս կերպարին: Սակայն, մյուս կողմից, խոսվում է նաեւ այն մասին, որ եթե ընտրված նախագահը միջանկյալ որոշում կայացնի, ապա կարճ ժամանակով վարչապետ կդարձնի Տիգրան Թորոսյանին եւ ԱԺ նախագահի պաշտոնում կընտրվի հենց Կարեն Կարապետյանը: Այլ սցենարի դեպքում խոսք է գնում նաեւ Վիկտոր Դալլաքյանի մասին՝ որպես ԱԺ նախագահ:

Նախարարական պորտֆելներ կստանան ՕԵԿ-ականները: Ըստ մեր տեղեկությունների, Արթուր Բաղդասարյանը ուղղակի երազում է պատժել իր նախկին կուսակից, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որը ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո լքեց կուսակցությունը եւ հավատարմության երդում տվեց ՀՀԿ-ին: Եվ այս պատճառով ՕԵԿ-ին առաջին հերթին կտրվի բնապահպանության նախարարի պորտֆելը: Նաեւ՝ կրթության եւ գիտության նախարարությունը կբաժանվի երկու մասի՝ գիտության մասը կտրվի ՕԵԿ-ին, եւ ասում են՝ նախարար կդառնա Մհեր Շահգելդյանը, իսկ Հեղինե Բիշարյանը կստանձնի ԱԺ փոխնախագահի թափուր պաշտոնը: Խոսվում է նաեւ այն մասին, որ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կդառնա Շիրակի մարզպետ:

Թերեւս որեւէ բան չի փոխվի «Բարգավաճ Հայաստանի» կյանքում, նոր պորտֆելներ այս կուսակցությանը չեն տրվի, բայց չի բացառվում, որ որոշ փոխնախարարական պաշտոններ կավելացվեն;

Դաշնակցությունը թերեւս կպահպանի իր ունեցածը, սակայն, ինչպես միշտ, այս կուսակցությունը ակնկալում է ուժային որեւէ կառույց ստանալ, եւ, մեր տեղեկություններով, դարձյալ չի կատարվի ՀՅԴ-ի երազանքը: Դաշնակցությունը ակնկալում է նաեւ արտաքին գործերի նախարարի պորտֆելը Վահան Հովհաննիսյանի համար, սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս պորտֆելը կստանա Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը: Շոշափվում է նաեւ Արկադի Ղուկասյանի անունը: Ըստ որոշ պնդումների, արդեն իսկ պայմանավորվածություն կա, եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին կտրվի նոր ստեղծվելիք սփյուռքի նախարարությունը, թեեւ այս տեղին հավակնում է նաեւ ՀՅԴ-ն:

Հանրապետական կուսակցության անդամ որոշ նախարարներ եւս կթողնեն իրենց պաշտոնը, առաջին հերթին՝ էներգետիկայի եւ ֆինանսների նախարարները: Ասում են, այս պաշտոններում կնշանակվեն երիտասարդ եւ «եվրոպաներում» կրթություն ստացած մարդիկ, ովքեր դեռ այնքան էլ հայտնի չեն մեր հասարակությանը: Պրոֆեսիոնալներ եւ ավելի երիտասարդ մարդիկ կնշանակվեն նաեւ ՆԳ եւ ԱԱԾ ղեկավարների պաշտոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել