Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջահելների կռիշները թռել են»

Մարտ 27,2008 00:00

Մարտի կեսերից սկսված քամիները մեծ վնաս են հասցրել Հայաստանի մի շարք մարզերի

Օրերս հանրապետությունում մոլեգնած ուժեղ քամիներից Լոռու եւ Գեղարքունիքի մարզերը մեծ վնասներ են կրել: Քամին քշել-տարել է տների, անասնագոմերի տանիքները, ջարդուփշուր արել ապակիները՝ մարդկանց հասցնելով նյութական վնասներ: Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում մոտ 24 տուն է վնասվել: Այդ գյուղի գյուղապետ Բորիս Բալյանի ներկայացմամբ՝ «Հիմնականում վնասվել են տանիքները, 2-3 հատ էլ էլեկտրական հենասյուներ են պոկվել, բայց դրանք արդեն վերականգնվել են: Դպրոցի տանիքի շիֆերներն էլ է քամին քշել: Դե, մեր գյուղը նախկինում թուրքի գյուղ է եղել, հիմա հայերով վերաբնակեցված է ու տները հին են, գյուղացիներից շատերն էլ չեն հասցրել վերանորոգել: Դա էլ է դեր խաղացել, որ տները քամիներին չեն դիմացել»: Նույն մարզի Վահանի գյուղապետ Վանուշ Ապրեսյանի խոսքերով էլ՝ քամիներից տուժել է մոտ 63 տնտեսություն: Այս գյուղում նույնպես տների տանիքները, պատուհաններն ու անասնագոմերն են վնասվել. «Մենք դեռ վերջնական հաշվարկ չենք կատարել, թե գյուղացիները որքան վնասներ են կրել: Դե, ստուգում ենք, ընդհանուր ցուցակներից կրճատումներ ենք անում կամ ավելացնում: Այս պահին էլ մեր գյուղում ուժեղ քամի է»: Դպրաբակ գյուղի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանի տվյալներով էլ՝ իրենց գյուղում մոտ 35 տուն է վնաս կրել. «1000 հատ շիֆեր, 200 քմ ապակի է կոտրվել: Դպրոցի շենքը, «ԱրմենՏելի» հենասյունն էլ է վնասվել, բայց արդեն վերականգնվել է: Անընդհատ գյուղացիները գալիս- տեղեկացնում են վնասների մասին, մեր կազմած հանձնաժողովի անդամներն էլ գնում են տեղում ստուգում: Մի քանի օրից վերջնական արձանագրություն կկազմենք ու վնասների մասին կներկայացնենք մարզպետարան»:

Աստղաձորի գյուղապետ Բալաբեկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ նման երեւույթներն իրենց համար արդեն սովորական են դարձել, քանի որ բարձրլեռնային գոտում են բնակվում: «Մեր գյուղում հիմնականում ձեղնահարկերն են տուժել, 5-6 հոսանքասյուներ, որոնք շտապ վերականգնվել են: Այս տարի ավելի քիչ վնաս է եղել: Տուժել են հիմնականում այն տները, որոնց տանիքները չեն վերանորոգվել կամ էլ վերանորոգելիս շիֆերին ամրագոտի չեն խփել, որ խփեին՝ սենց բան չէր լինի: Օրինակ, 1957 թվի տուն կա, նորմալ սարքած է տանիքը ու էս քամիները ոչինչ էլ չեն արել: Դե, էսօրվա ջահելները ո՞նց են, սառոչկա են հագնում առանց մայկայի, դուրս են գալիս ու մրսում: Նույնն էլ էդ տուն սարքողները, տուն են սարքում՝ տանիքն առանց ամրագոտու»,- ասաց գյուղապետը: Տուժածներին կօգնե՞ն մեր հարցին Բ. Մինասյանն ասաց. «Ոչ միայն օգնելու ենք, այլեւ ստիպելու ենք, որ ամրագոտիներն անպայման փակցնեն»:

«Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետի օգնական Խոսրով Խլղաթյանը վստահեցրեց, որ նախորդ գիշեր էլ Ծովաքար եւ Վարդենիկ գյուղերում դպրոցների տանիքներն են վնասվել. «Փրկարար ծառայությունը հանձնաժողով է կազմել եւ տեղում ստուգումներ են անցկացնում: Վերջնական տվյալները, թե ինչ ծավալի վնասներ են եղել՝ պարզ կլինի մինչեւ ապրիլի 7-ը»: Վերը նշված գյուղերից բացի, Գեղարքունիքի մարզում տուժել են նաեւ Ճամբարակ եւ Մարտունի քաղաքները, Մադինա, Նորավանք, Գետիկ եւ մի շարք այլ գյուղեր:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Նորիկ Բաբայանն էլ նշեց, որ երեկվա դրությամբ մոտ 20 համայնք տուժել է, սակայն այդ թվերը պարբերաբար փոփոխվում են, քանի որ կան շատ սահմանամերձ գյուղեր, որտեղից մարդիկ մի քանի օրվա ընթացքում են հասնում կենտրոն, որպեսզի տեղյակ պահեն, թե իրենք ինչ վնասներ են կրել. «Հանձնաժողովն էլ դեռ պետք է գնա տեղում ստուգի, այնպես որ, վերջնական տվյալներ չեմ կարող ասել»: Պարոն Բաբայանի ներկայացմամբ՝ տուժած գյուղերից են Հաղպատը, Լեռնանցքը, Կաթնաղբյուրը, Ձորագյուղը, Ջիլիզան: Քամու վնասներից անմասն չեն մնացել նաեւ Վանաձոր, Ալավերդի եւ Ստեփանավան քաղաքները: Այստեղ էլ տուժել են բազմաբնակարան շենքերի տանիքներն ու ապակիները, նաեւ մի քանի դպրոց:

«Մեր գյուղում 150 տուն վնաս է կրել, բայց թեթեւ վնասներ են. տանիքի շիֆերներն են պոկվել: Մոտ 4 էլեկտրասյուն է վնասվել, բայց արդեն վերականգնվել է: Հեռախոսագծերի հենասյուներն էլ շատ փտած էին ու այս վերջին քամիներից վնասվել են: Առայժմ դրանք չեն վերականգնվել, բայց գյուղում հեռախոսային կապ կա: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ վնասների ծավալը մեծ չէ»,- «Առավոտին» վստահեցրեց Լոռու մարզի Ագարակ գյուղի գյուղապետ Ռուբեն Բարխուդարյանը:

Իսկ Լեռնանցքի գյուղապետ Լեմիկ Աբգարյանի խոսքերով էլ՝ մոտ 18 տնտեսություն է տուժել եւ դպրոցի տանիքը. «Ամենաշատը տուժել է մեկ ընտանիք, որի՝ տանիքից բացի, նաեւ ավտոմեքենան է վնասվել: Ընդհանուր առմամբ վնասները թեթեւ են: Նախորդ գիշեր էլ ուժեղ քամի էր ու նույն տեղում, բայց այս անգամ ոչ մի վնաս չի եղել: Ներկա պահին ամեն ինչ նորմալ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել