Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ՊՈՂՈՏԱ

Մարտ 28,2008 00:00

Հյուսիսային պողոտան երեկոները վերածվում է «բերմուդյան եռանկյունու», որտեղ հայտնվածներն անհետանում են մի քանի ժամով:

Նախորդ օրը բերման ենթարկվածներից շատերը երեկ էլի եկել էին Հյուսիսային պողոտա: Ասենք, այստեղ էր նախորդ օրը ոստիկանությունում 4,5 ժամ անցկացրած Արսեն Խառատյանը: Մեր հարցին, թե ի՞նչ էին անում այդ ընթացքում՝ նա պատասխանեց. «Ոչ մի բան: Բացարձակապե՛ս: Միայն անուն, ազգանուն, հասցե էին հարցնում ու նաեւ՝ լուսանկարեցին: Ոչ մի բացատրություն չտվեցին իրենց այս գործողությունների համար»:

Հավելենք, որ նախորդ օրը բերման ենթարկվածների հետ երեկ եկել էին նաեւ նրանց հարազատները: Եվ այսպես, Արսեն Խառատյանի հետ միասին քաղաքական զբոսանքին մասնակցեց նրա մայրը՝ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության նախկին պետ Հրանուշ Խառատյանը:

Նախորդ օրը բերման էին ենթարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հորը: Սակայն նա դարձյալ եկել էր Հյուսիսային պողոտա՝ այս անգամ նաեւ կնոջ, դստեր եւ թոռնիկի հետ: «Իմ ավագ սերունդը մասնակցել է 1988-ի շարժմանը՝ ազատության ոգով լեցուն անձնավորություններ են,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:- Իսկ իմ փոքր աղջիկը, որ 3 տարեկան է՝ հիմիկվանից պիտի սովորի ազատության ոգին իր մեջ կրել»:

Եվ այս ամենն էր թերեւս պատճառը, որ այս տղամարդուն բերման ենթարկելու հրահանգ տալուց առաջ՝ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը նախ նրան հրահանգեց, որ մյուս անգամ այլեւս չերեւա այս պողոտայում:

Երեկ ոստիկանները նաեւ փոքր-ինչ վերանայել էին իրենց գործելակերպը: Բերման ենթարկվածներին միանգամից տանում էին ոչ թե Կենտրոնի ոստիկանություն, այլ քաղաքի ծայրամասերի՝ Էրեբունու, Շենգավիթի եւ այլ բաժանմունքներ:

Սակայն մի հարցում վերանայում չկար. նրանք շարունակում էին բերման ենթարկել նաեւ կանանց, որոնց միակ օրինախախտումն այն էր եղել, որ մի պահ կանգնել էին Հյուսիսային պողոտայում:

Այս կինը կանգնել էր մեքենայի առջեւ՝ խոչընդոտելով, որ բերման ենթարկեն իր քրոջ որդուն՝ Սեյրան Հովսեփյանին: «Մենք ուղղակի տուն էինք գնում՝ ուրիշ ոչ մի բան,- պատմեց կինը:- Միանգամից եկան, թեւերը բռնեցին ու տարան»:

Ուժ կիրառելով՝ կնոջը հեռացրին մեքենայի առջեւից: Այդ տեսարանով հետաքրքրված մի տղամարդու գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը հրահանգեց. «Մի կանգնեք այստեղ»: «Ինչո՞ւ չկանգնեմ»,- հարցրեց տղամարդը: «Իրեն էլ տարեք»,- հրահանգեց գնդապետը: Ի դեպ, հենց նա էր մեր երեկվա հրապարակման հերոսը, որը բոլոր նման հարցերին պատասխանում էր. «Որովհետեւ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի հետ զրուցում էր մի տղամարդ, որը հենց ավարտեց զրույցը եւ ցանկացավ հեռանալ՝ բերման ենթարկեցին: «Նա Երեւանի պետական համալսարանի դասախոս է՝ Նորիկ Գալստյանը,- ասաց Վարդան Խաչատրյանը:- Ղարաբաղում մարտական գործողությունների է մասնակցել եւ Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի ամենամտերիմներից մեկն է: Եվ ինքն էլ է ամենամեծ ներդրում ունեցողներից մեկը: Չգիտեմ… դրա վարձքն է ստանում երեւի»:

Ցանկանում էին բերման ենթարկել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին, բայց նրա հետ մի քանի բառ փոխանակելուց հետո ոստիկանները հեռացան: «Ջահելներն ինձ չէին ճանաչում: Հարցրին՝ քաղաքի՞ բնակիչ եք: Ես ասացի՝ կարող եմ ասել, թե ով եմ,- պատմեց պրն Ղազարյանը:- Գնդապետն ինձ ճանաչեց ու հանձնարարեց, որ չտանեն»: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես եղավ, որ նրան չտարան՝ ոստիկաններից մեկը խորհուրդ տվեց. «Նրան ապտակիր՝ երկուսիդ էլ կտանենք»:

Լուսանկարում պատկերված Տիգրան Պասկեւիչյանի գործընկերներից մեկը, որը չցանկացավ, որ հրապարակենք իր անունը՝ պատմեց. «Եկան հետեւիցս, մտան թեւերս, մտցրին մեքենա ու տարան: Ես այդ պահին զանգում էի: Հարցրի՝ ո՞ւր եք տանում: Արդեն մեքենայի մեջ էի: Ասացի՝ գնալու ենք, հետ գանք՝ լրագրող եմ: Ասացին՝ ոչինչ: Բայց կանչեցին իրենց շեֆին, նայեց ու ասաց՝ «Վերտու» հեռախոսով լրագրող չեմ տեսել»: Այնուամենայնիվ՝ բաց էին թողել:

Ընդհանուր առմամբ՝ երեկ առանց որեւէ բացատրության եւ պատճառաբանության բերման ենթարկեցին շուրջ 20 հոգու: Այդ թվում եւ՝ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանին: Ժամը 23-ի սահմաններում նրանց բոլորին ազատ էին արձակել: Եվ այս էլ որերորդ օրը՝ անպատասխան մնաց ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանի հարցը, թե ինչո՞ւ իրեն էլ չեն բերման ենթարկում՝ չէ՞ որ ինքն էլ է զբոսանքի դուրս եկել: Թու-թու՝ աչքով չտանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31