Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր շենքը մի օր կփլվի»

Ապրիլ 04,2008 00:00

\"\"Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է

Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ խորհրդային տարիներին նկուղի ջրերը հատուկ սարքերով մաքրվում էին, բացի այդ, այն տարիներին նկուղը նաեւ օդափոխիչ անցքեր ուներ, ինչի շնորհիվ ջրերը որոշ չափով չորանում էին: Ներկայումս այդ օդանցքերը փակ են, քանի որ շենքի տակ խանութներ են կառուցվել եւ որեւէ օդանցք չի մնացել: «10 տարի է՝ մեր նկուղում 6 մետր խորությամբ կեղտաջուր է լցված: Այդ ջրերը ճահճանում են, իսկ ամռանը շրջակայքում անտանելի գարշահոտություն է տարածվում, էլ չենք ասում, որ մեր բնակարանները միջատներով ու առնետներով են լցված: Եվ քանի որ այդ կեղտաջրերը չեն վերանում, ուստի այդ կենդանիների դեմ պայքարն էլ չի օգնում»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց նույն շենքի բնակիչ Անժիկ Շահինյանը:

Բնակիչների պատմելով՝ շենքի հիմքն այնքան է խոնավացել ու քայքայվել, որ մուտքի պատերը խոնավությունից փլվել են. «Վերելակի կողքի պատերը մի քանի անգամ արդեն փլվել են, մի կերպ նորոգել ենք, բայց այդ խոնավությունն այնքան շատ է, որ պատերը պարբերաբար փլվում են»:

Բնակիչների խոսքերով, երկու տարի առաջ, երբ շենքի խմելու ջրի խողովակներն էին փոխում, բանվորներն անգամ չեն կարողացել նկուղում գործ անել, քանի որ ջուրն այնքան շատ է եղել, որ ներս մտնել հնարավոր չի եղել. «Աստված չանի՝ բնակարաններում վթար լինի կամ մեկի խողովակը պայթի, չենք կարողանա նկուղից ընդհանուր ջրագիծը փակել, եւ բնակարանները ջրով կլցվեն»:

Շենքում տիրող հակասանիտարական վիճակի համար բնակիչները մի քանի անգամ դիմել են Հիգիենիկ հակահամաճարակային կենտրոն. «Սանէպիդից գալիս են մոծակների համար ինչ-որ քիմիական բան լցնում, բայց ոչ մի օգուտ էլ չի տալիս, ասում են՝ պետք է նախ այդ տիղմը վերացնել, որպեսզի շրջակայքը վերջնական մաքրվի, համ էլ մոծակներն ու առնետները կվերանան»:

Քաղաքային իշխանությունների կողմից որեւէ արձագանք չստանալով, բնակիչները հույսները կապել էին նախագահական ընտրությունների հետ: «Ընտրություններից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի շտաբից էին եկել, ասել էին՝ ինչ պրոբլեմներ ունեք՝ գրեք-տվեք: Ես էլ մի նամակ գրեցի, մանրամասն շարադրեցի, խնդրեցի օգնել մեզ, բայց այս անգամ էլ՝ ոչ մի արձագանք»,- պատմեց Եվգենյա Քոչարյանը:

Շենքը սպասարկող համատիրության 5-րդ տեղամասի պետ Ռոբերտ Հունանյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Նար-Դոսի 75 շենքի նկուղում գոյացած կեղտաջրերի մաքրման աշխատանքներն իրենք չեն կարող իրականացնել. «Այդ շենքի տարածքում գետնի տակով ջրեր են հոսում, մենք դրա դեմը չենք կարող առնել, ով ժամանակին այդ շենքի նախագիծն արել է ու այդտեղ շենք է կառուցել՝ թող նրան էլ դիմեն»:

Կենտրոն համատիրության ինժեներ Համլետ Կարապետյան էլ վստահեցրեց, որ այդ շենքի տակով իսկապես ջրեր են հոսում, եւ իրենք դա ոչ մի կերպ չեն կարող ցամաքեցնել. «Նար-Դոսի 75 շենքի խնդրի վերաբերյալ տեղյակ են մի քանի պատկան մարմիններ՝ քաղաքապետարան, թաղապետարան: Մենք դիմել ենք նաեւ նախագծող ինստիտուտ, որպեսզի իրենց մասնագետները ասեն, թե ինչպես պետք է այդ ջրերը ցամաքեցնել, բայց դեռ ոչ մի լիարժեք պատասխան չեն տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել