Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 04,2008 00:00

\"\"«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը

– Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների եւ հետընտրական զարգացումների ձեր գնահատականը։

– Նախքան նախագահական ընտրապայքարի սկիզբը ձեր թերթում ես հանդես եկա մի շարք հրապարակումներով, որպեսզի մեր հասարակությանն ու քաղաքական ուժերին ցույց տամ այն վտանգավոր ծուղակները, որոնց մեջ կարող են ընկնել Հայաստանը եւ նրա քաղաքական դաշտը՝ 2008թ. փետրվարի 19-ին ու դրանից հետո։ Կանխատեսելով 10 տարին մեկ կրկնվող՝ «նախկիններ-ներկաներ» դիմակայության նոր հավանականությունը, 2007թ. դեկտեմբերի 13-ին «Առավոտում» տպագրված «Հայաստանը նորից կարող է հայտնվել մուրճի եւ սալի արանքում» հոդվածում ես նախապես մտահոգություն եմ հայտնել, որ նման մրցակցության հետեւանքով Հայաստանում վրա են հասնելու «խառնակ ժամանակները»։ Գտնում էի նաեւ, որ «նախկիններ-ներկաներ» պայքարը չի տալու մեր երկրի առջեւ կանգնած հարցերի պատասխանները եւ պարզապես հերթական շրջապտույտն է լինելու՝ Հայաստանի քաղաքական կյանքում։ Ու քանի որ (ցավով եմ դա ասում) իմ մտահոգությունները անցած ամիսների ընթացքում իրականություն դարձան, կարծում եմ, հասկանալի է, որ այդ ամենի մասին վաղօրոք ահազանգ հնչեցնողը չէր կարող դառնալ նման շրջապտույտի ուղղակի կամ միջնորդավորված մասնակիցը։ Այժմ՝ հետընտրական շրջանում, երբ դժբախտաբար ուրվագծվում է նաեւ հաջորդ շրջապտույտի մեջ ներքաշվելու վտանգը, ժամանակն է, որպեսզի բացենք որոշ փակագծեր։

– Բայց չէ՞ որ, ի վերջո, մարդիկ գնացել են ընտրատեղամասեր ու քվեարկել կոնկրետ թեկնածուների օգտին, հետո բողոքել են, հանրահավաքներ ու երթեր կազմակերպել…։

– Ընտրությունն այն է, երբ մարդիկ հավատում են որեւէ թեկնածուի կամ նրա առաջադրած ծրագրերին ու քվեարկում նրա օգտին։ Մինչդեռ, փետրվարի 19-ի քվեարկությունը գերազանցապես տեղի է ունեցել ոչ թե «ում եմ ուզում», այլ «ում չեմ ուզում» հարցի շուրջ։ Այդ օրը ընտրատեղամասեր եկածների նշանակալի մասը քվեարկել է ինչ-որ մեկի դեմ։ Փետրվարի 19-ին բողոքական էլեկտորատն է եղել ամենամեծ ընտրազանգվածը եւ փաստորեն նա է որոշել ընտրությունների ելքը։ Կրկնում եմ՝ մեր քաղաքացիների մեծամասնությունը ինչ-որ առումով քվեարկել է ոչ թե հանուն այս կամ այն թեկնածուի, այլ ընդդեմ նրա հակառակորդի։ Իհարկե, նախորդ տարիներին նույնպես նման երեւույթ է արձանագրվել, քանի որ եւ՛ 1996-ին, եւ՛ 1998-ին, եւ՛ 2003-ին ընդդիմության ստացած ձայների մի մասը նույնպես «ընդդեմ իշխանությունների» քվեարկության արդյունք էր։ Բայց այս անգամ դա գրեթե համընդհանուր բնույթ է կրել։ «Ընդդեմ» քվեարկության թիրախ են եղել ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության թեկնածուները, այդ թվում՝ Լ. Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նույնպես ստացավ ձայներ, որոնց մի մասը թերեւս Ռ. Քոչարյանի իշխանության դեմ առաջ եկած դժգոհության քվեներն էին։ Ս. Սարգսյանին ձայն տվածների մի մասը նույնպես քվեարկել է ոչ թե նրա ընտրության օգտին, այլ որպեսզի բացառի Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը։ Այսինքն՝ «նախկիններ-ներկաներ» դիմակայությունը առաջ է բերել հիմնականում բողոքական քվեարկություն։ Եվ անգամ նրանք, ովքեր դեմ են եղել Ս. Սարգսյանին ու Լ. Տեր-Պետրոսյանին, ընդդեմ քվեարկելու իրենց բուռն ցանկությունը «իրացրել» են Ա. Բաղդասարյանին կամ Վ. Հովհաննիսյանին ձայն տալով։ Շնորհիվ բողոքական էլեկտորատի, այդ երկու գործիչները նույնպես ստացել են բավականաչափ ձայներ։ Այնպես որ, այս երեւույթը ոչ միայն երկկողմանի, այլեւ համընդհանուր բնույթ է կրել։ Սա փետրվարի 19-ին արձանագրված հիմնական օրինաչափությունն է, որն իր մասշտաբներով գերազանցել է հանուն այս կամ այն թեկնածուի տրված քվեները եւ անգամ՝ բոլոր տեսակի ընտրակեղծիքները։ Ընդդեմ քվեարկության արդյունքում ձայներ են բաժին հասել նաեւ այլ թեկնածուների. օրինակ՝ իմ ծանոթներից մեկը օրերս խոստովանեց, որ ձայն է տվել Արման Մելիքյանին, որովհետեւ վերջինս միակ թեկնածուն է, ում ինքը… չի ճանաչում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է սա նշանակում. մարդը ճանաչելով 9 թեկնածուներից՝ 8-ին, չի կարողացել առաջնորդվել անգամ՝ «չարիքից փոքրագույնը» ընտրելու սկզբունքով։ Եթե այդ ամենը գումարենք, ապա կստացվի, որ քվեարկածների կեսը (եթե ոչ ավելին) դրական իմաստով ընտրություն չի կատարել, այսինքն՝ տեղի է ունեցել այն շրջապտույտը, ինչի մասին նշել էի անցած դեկտեմբերի 13-ին՝ ձեր թերթում հրապարակված իմ հոդվածում։ Ընտրությունների ընթացքում խաղարկվել են երկու փոխբացասող սցենարներ, որոնց բախման արդյունքում հավասարապես շահել են «նախկիններ-ներկաներ» դիմակայության զույգ բեւեռները. եւ՛ վարչապետ Սերժ Սարգսյանը, եւ՛ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Առաջինը ձեռք է բերել իշխանություն, իսկ երկրորդը՝ իր դղյակում շրջափակված «մարտիրոսի» կամ «նահատակի» լուսապսակ՝ փորձելով ապահովել իր քաղաքական ռեաբիլիտացիան, իսկ տուժել է հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Մնացած քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնք, չնայած իմ հորդորներին, դարձան վերջին իրադարձությունների մասնակիցը, մեծ հաշվով՝ խաղից դուրս մնացին։ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը իրենց սուր դիմակայությամբ քաղաքական դաշտում ինչ-որ առումով նաեւ սանիտարների դեր խաղացին՝ նպաստելով «ով՝ ով է» հարցի հստակեցմանը։

– Այսօր շատերն են արձանագրում, որ անցած ընտրապայքարում ծրագրերի ու գաղափարների լուրջ մրցակցություն չեղավ եւ ընտրությունների ու հետընտրական զարգացումների անվան տակ իրականում այլ գործընթացներ ծավալվեցին, որոնց թիկունքում նշմարվեցին նաեւ որոշ արտաքին ուժերի ստվերները։

– Ծրագրերի ու գաղափարների մրցակցության հնարավորությունը, ինչպես ասացի, ի սկզբանե բացառվում էր, քանի որ հիմնական ընդդիմադիր թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված քարոզարշավը հիմնված էր, այսպես ասած՝ «վակուումը տատանելու» նպատակի վրա։ Պատճառն այն է, որ մեզանում դադարել է գործել պետության կառավարման հոգե-մտավոր ֆունկցիան եւ անգամ՝ իրեն «ազգային» համարող իշխանությունն ու նրան սատարող ուժերը նախորդ շրջանում նպաստել են պարզունակ նյութապաշտության արմատավորմանն ու հասարակության կյանքի ապագաղափարականացմանը։ Ասպարեզում առկա բազմաթիվ կուսակցություններից շատերն անցած տարիներին լիարժեքորեն չէին կատարում արժեքների գեներատորի գործառույթը, միայն ընտրությունից ընտրություն հիշեցնելով, թե իբր՝ իրենք գաղափարախոսություն ունեն։ Եվ ահա պարզվեց, որ գաղափարական-արժեքային վակուումի «տատանումը» կամ «ցնցումը» իրականում ավելի հզոր հնարք է, քան նույնիսկ՝ «կոմպրոմատների պատերազմը»։ Իսկ որոշ միամիտների թվում էր, թե Լ. Տեր-Պետրոսյանի պայքարը Ս. Սարգսյանի դեմ՝ ինչ-ինչ հնարավորություններ է բացում «երրորդ ուժերի» համար։ Մինչդեռ, այն դաշտի շրջագծում, որը գոյություն ուներ նախքան առկա վակուումի «տատանումը», Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հարցը կանխատեսելի էր։ Դա հասկանում էր նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը, ուստի դիմեց գաղափարական վակուումը լցնելու փոխարեն՝ այն հիմնավորապես ցնցելու քայլին, որի հետեւանքով քաղաքական դաշտում ավերածություններ առաջացան։ Դա մի կողմից հստակեցրեց «ով՝ ով է» հարցը, բայց մյուս կողմից առաջ բերեց այլ հարցականներ։ Պատճառն այն է, որ ցանկացած հստակեցում նաեւ նոր երկընտրանք է եւ այսօր պարտավոր ենք արձանագրել, որ ընտրապայքարի անվան տակ տեղի ունեցած հակադիր սցենարների բախումը բավականին վտանգավոր ճամփաբաժան է մեր երկրի ու ժողովրդի համար։

– Քանի որ վաղօրոք կանխատեսել եք վերջին զարգացումները, ապա խնդրում եմ մի փոքր ավելի մանրամասնեք…

– Հիշեցնեմ, որ նախընտրական շրջանում տպագրված իմ հրապարակումներով ես, միանգամայն կանխամտածված կերպով, քաղաքական շրջանառության մեջ եմ դրել Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետներից մեկի՝ Սիմոն Վրացյանի արձանագրած եւ ժամանակին մեր ժողովրդի համար ճակատագրական դեր ունեցած «մուրճի ու սալի» գաղափարը։ Այն ժամանակ «մուրճ» ասելով Ս. Վրացյանը նկատի ուներ բոլշեւիկյան Ռուսաստանը, իսկ «սալ» հասկացության տակ՝ քեմալական Թուրքիան։ Հիմա այս հասկացությունների տակ, իմ կարծիքով, այլ ուժեր են գործում, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Արդեն նախընտրական շրջանում նկատելի էր Հայաստանի շուրջը «մուրճի ու սալի» սկզբունքով գործող հզոր ուժերի դիմակայությունը՝ մեր ներքաղաքական կյանքից ներս տեղափոխվելու վտանգը։ Ընտրապայքարի ընթացքում հիմնական մրցակցող կողմերը արտաքուստ փորձում էին լինել, ինչպես մեր արտգործնախարարն է ասում՝ կոմպլեմենտար, սակայն նրանց ֆունկցիոնալ դերերը տարբեր էին։ Արդյունքում, շատ դեպքերում նույնիսկ իրենց կամքից անկախ, երկու տարբեր սցենարների մեջ հայտնված գործիչները դարձան կամ «մուրճի», կամ «սալի» գործառույթի կրողները եւ ինչ-որ առումով, փաստորեն, Հայաստանը հայտնվեց ընդդիմության կողմից մարմնավորվող՝ Արեւմուտքի «մուրճի» ու իշխանությանը բաժին մնացած՝ ռուսական «սալի» արանքում։ Հետընտրական շրջանում ուրվագծվող «գունավոր հեղափոխությո՞ւն», թե՞ արտակարգ դրություն երկընտրանքը դարձավ այս վտանգավոր երեւույթի արտաքին դրսեւորումը։

– Բայց ինչի՞ց սկսվեց այդ ամենը եւ ո՞վ է մեղավոր։

– Սկսվեց Ռ. Քոչարյանի կառավարման տարիներից, երբ ստեղծվեց խորը ճեղքվածք Հայաստանի առջեւ դրված ռազմավարական նպատակի՝ «ազգային գերխնդիր + ժողովրդավարական պետություն» բանաձեւի զույգ կշռույթների միջեւ։ Այդ ճեղքի մեջ, ցավոք սրտի, ներկա ընտրապայքարում, նոր սեպ խրեց Լ. Տեր-Պետրոսյանը։ Արտաքին ուժերն էլ օգտվեցին դրանից եւ «տեր կանգնեցին» մեր ռազմավարական նպատակները երկու կտորի բաժանող եւ դրանք իբրեւ մահակ գործածելու միջոցով մեկը մյուսին հարվածող՝ ներկաներին ու նախկիններին, իսկ Հայաստանի նոր ձեւավորվող ղեկավարությունը, որը կոչված է կրկին միաձուլել այդ «կտորները», հայտնվեց բավականին բարդ վիճակում։ Խախտվեց երկրի ներքին ու արտաքին հավասարակշռությունը, որից, ինչպես արդեն տեսանք, օգտվեց Ադրբեջանը՝ համապատասխան բանաձեւ անցկացնելով ՄԱԿ-ում։ Կարծում եմ, բոլորն են հասկանում, որ առանց արտաքին որոշ ուժերի ստվերային աջակցության՝ նման բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հազիվ թե շանսեր կունենար։ Բայց ամենավտանգավորն այն է, որ նման ճեղքվածքը իր ազդեցությունն ունեցավ նաեւ մեր հասարակության վրա։ Հայաստանի քաղաքական դաշտը ճկվեց «մուրճի ու սալի» տրամաբանությամբ գործող արտաքին ուժերի առջեւ եւ նրանք, ինչպես Մեծ լոռեցին էր ասում՝ իրենց «Հին կռիվը», հայերիս ձեռքերով տեղափոխեցին Հայաստանի ներքաղաքական դաշտից ներս։ Արդյունքում, կրկնում եմ, նախկինները մեր ներքաղաքական կյանքում դարձան Արեւմուտքի «մուրճը», իսկ ներկաները՝

Ռուսաստանի «սալը», եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվեցին նրանց արանքում։

– Կարելի՞ էր կանխել այդ ամենը։

– Եթե մենք ունենայինք կայացած քաղաքացիական հասարակություն եւ քաղաքական համակարգ։ Փետրվարի 19-ի շուրջը ծավալված քաղաքական սուր բանավեճի ու մանավանդ՝ դրան հաջորդած մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառներից մեկն այն էր, որ «նախկիններ-ներկաներ» դիմակայության միջոցով Հայաստանին պարտադրված երկու սցենարների բախման հանգույցում չկար ողջ ազգի կողմից անվերապահ հեղինակություն համարվող որեւէ կառույց կամ անհատ։ Որպես պատմաբան՝ կարող եմ փաստել, որ վաղ միջնադարում՝ Արշակունիների օրոք, այս հաշտարար ուժի դերը խաղում էին Հայոց կաթողիկոսները, իսկ, մասնավորապես, 1988-ի իրադարձությունների ժամանակ Վազգեն վեհափառի նման մեծ անհատները կրկնեցին նույն առաքելությունը: Բայց այժմ պարզվեց, որ չկա մեկը, որն ի վիճակի է կանգնել իր հարազատ ժողովրդի եւ իր հարազատ զինվորների արանքում։

Սա նշանակում է նաեւ, որ մենք կանգնել ենք մեր ժողովրդի ավանդական նպատակների ու արժեքների նկատելի արժեզրկման փաստի առաջ։ Այս պայմաններում մեր ուղեղի մեջ դանդաղորեն «կաթացվում» է ազատության ու հայրենիքի միջեւ ընտրություն կատարելու՝ հիմնավորապես սխալ ու վտանգավոր գաղափարը։ Մինչդեռ, իմ կարծիքով, Հայրենիք, Պետություն, Ազատություն հիմնարար արժեքները գոյակցում են ներդաշնակորեն։

– Իշխանությունը, այնուամենայնիվ, վերարտադրվել է, ուրեմն՝ ինչպե՞ս են հաղթահարվելու նախորդ տարիներին կատարված սխալները։

– Իշխանությունը նախորդ շրջանի սխալները սրբագրելու շանս ունի։ Ս. Սարգսյանը, ուզի, թե չուզի, մոտ ապագայում երկրի ներսում պետք է բոլորովին այլ քաղաքականություն վարի, քանի որ ժամանակն այլեւս չի սպասում։ Համակարգային բարեփոխումներն են Հայաստանի բարգավաճման, Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման տեսանելի ճանապարհը։ Եվ նույնիսկ՝ երկրում փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման՝ քաղաքական նախաձեռնություն դրսեւորելու ասպարեզում նոր նախագահի առջեւ ուրվագծվող կոնկրետ հնարավորությունը գտնվում է հենց բարեփոխումների հարթության վրա։ Անվիճելի է, որ Ս. Սարգսյանը նախորդ համակարգի ծնունդն է, բայց ժամանակները փոխվում են, մինչդեռ բոլորը չէ, որ ըմբռնում են «քաղաքական պահի» այս առանձնահատկությունը, ինչը սուբյեկտիվ մոտեցումը եւ օբյեկտիվ գործոնները միմյանց հետ շփոթելու արդյունք է։ Ինքս նման կոմպլեքսով չեմ տառապում, ինչը, սակայն, չի խանգարում իմ քաղաքական սկզբունքներից փոքր անգամ չշեղվելու գերխնդրին։ Այդ պատճառով, կրկնում եմ՝ Ս. Սարգսյանը շանս ունի, եթե կարողանա սահմանազատվել իրենց վարկաբեկած անձանցից եւ դիմել համարձակ քայլերի։ Անշուշտ, հետընտրական շրջանում՝ մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բավականին բարդացրին այս հնարավորության իրացումը։ Բանն այն է, որ նոր նախագահ Ս. Սարգսյանը եւ ընդդիմության առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը մինչ այդ իրադարձությունները ռեալ հնարավորություն ունեին գործելու Ու. Շեքսպիրի «Հենրիխ 4-րդ»-ի հերոսի հայտնի տրամաբանությամբ. «վտանգների եղնջուտից մենք կքաղենք փրկության ծաղիկները»։ Այսինքն՝ նրանք կարող էին դառնալ ուժեղ իշխանության եւ գրեթե նույնքան ուժեղ ընդդիմության առաջնորդները, ինչը, թող պարադոքս չհնչի, Հայաստանում ստեղծված պետական կառավարման արատավոր համակարգը փոխելու գործում կարող է վճռական դեր ունենալ։ Ի վերջո, թեեւ Լ. Տեր-Պետրոսյանը այդ համակարգի ճարտարապետներից մեկն է, իսկ Ս. Սարգսյանը՝ կատարելագործողներից, բայց նրանցից յուրաքանչյուրը, կարծում եմ, այսօր յուրովի գիտակցում է գործող համակարգի անհեռանկարայնությունը։

Հատկապես նշեմ, որ Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման համար հեռանկարային քայլ կարող է դիտարկվել Լ. Տեր-Պետրոսյանի կողմից նախագահական ընտրությունների ժամանակ իրեն աջակցած, ազատական գաղափարախոսություն դավանող ուժերի համախմբմամբ աջ ուղղվածություն ունեցող ուժեղ կուսակցության ստեղծումը։

Սակայն մարտի 1-2-ի դեպքերը ցույց տվեցին, որ Ու. Շեքսպիրի մատնանշած «վտանգների եղնջուտում» առկա հուսատու ծաղիկների կողքին նաեւ լուրջ ծուղակ է թաքնված։ Անցած իրադարձությունները նախ եւ առաջ լուրջ հարված հասցրին մեր երկրի միջազգային հեղինակությանը, իսկ ներքաղաքական առումով՝ զարգացման բարեփոխական ուղուն։ Բոլոր դեպքերում, վերջին հաշվով, ծուղակի մեջ հայտնվեց ողջ երկիրը եւ մեծագույն ցավով եմ դա ասում, իրականություն դարձավ 2007թ. դեկտեմբերի 13-ին «Առավոտում» հրապարակված իմ «Հայաստանը նորից կարող է հայտնվել մուրճի եւ սալի արանքում» հոդվածում մատնանշված՝ «քաղաքական վերնախավերի դիմակայությունը՝ ժողովրդի ու պետության պառակտման վերածելու վտանգը»։ Ինձ համար պարզապես անհասկանալի է նաեւ, թե ի՞նչ հաշվարկների վրա էր հիմնվում Ազատության հրապարակում շուրջ 10 օրվա միտինգներից ինչ-որ առումով՝ հոգնած ընդդիմության հանդեպ մարտի 1-ի առավոտյան նման մեծության ուժի կիրառման մասին որոշումը եւ, ի վերջո, այդ ո՞վ էր շահագրգռված դանդաղորեն մարող կրակը բորբոքելու հարցում։ Դեռեւս փետրվարի 29-ին «Փակագծին» տված իմ հարցազրույցում, որը լույս է տեսել հենց մարտի 1-ին, նշել էի. «Ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը, բռնի մեթոդների կիրառման դեպքում, կարող է պարտադրված լինել իր համար անցանկալի պարտավորություններ ստանձնել, մասնավորապես՝ կառավարության ձեւավորման եւ վարչապետի նշանակման ժամանակ, ինչպես նաեւ՝ խոցելի դառնալ արտաքին մարտահրավերների եւ, հատկապես, Կոսովոյի անկախության ճանաչման գործընթացի հետ կապված՝ Ղարաբաղյան թնջուկի հայանպաստ լուծման հարցում առավելագույն ակտիվություն ցուցաբերելու առումով»։ Առաջիկայում հարկ կլինի «ազգովին ճաշակել» այս ամենի դառը պտուղները։ Անգամ՝ տեղի ունեցած ողբերգությունից հետո էլ պնդում եմ իմ նախորդ տեսակետը, որը հրապարակվել է «Առավոտ» օրաթերթի 2008թ. փետրվարի 27-ի համարում՝ «Ստեղծված իրավիճակը պետք է լուծվի խաղաղ, իրավական, քաղաքական եւ քաղաքակիրթ ճանապարհով….»։

– Բայց Դուք չե՞ք կարծում, որ Հայաստանում խաղարկված սցենարների եւ դրանց հետեւանքով առաջ եկած լուրջ ճեղքվածքի հաղթահարման գործը վեր է լինելու այն մարդկանց ուժերից, որոնք այդ սցենարների մեջ են հայտնվել։

– Նրանք դեռեւս հնարավորություններ ունեն, որովհետեւ անձամբ իրենք նույնպես փակուղու մեջ են. «գունավոր հեղափոխության» մուրճի եւ փաստացի կերպով պահպանվող՝ արտակարգ դրության սալի արանքում հնարավոր չէ երկար «խաղալ»։ Ներազգային կյանքի պառակտման առաջին նախանշանները, ներքաղաքական հեռանկարների անորոշությունը, տնտեսության մեջ նկատվող բացասական միտումները, արտաքին օգնությունների ու ծրագրերի սառեցման վտանգը, ԼՂՀ-ի հանդեպ սպառնալիքների առարկայացումը՝ այդ ամենի հետեւանքն են։ «Հեղափոխություն կամ դիկտատուրա» փակուղային երկընտրանքը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ընտրությունը չէ, ուստի անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դուրս բերել երկիրը այս վտանգավոր աքցանից։ Մերժելի են տվյալ երկընտրանքի զույգ կշռույթներից որեւէ մեկը մեր ազգին պարտադրելու փորձերը՝ ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, քանզի ո՛չ «գունավոր հեղափոխության» փորձից ծնված իրադարձությունները եւ ո՛չ էլ արտակարգ դրության սապոգը հայ իրականության ծնունդը չեն։ Նախկին «Ղարաբաղ» եւ «Կռունկ» կոմիտեների զույգ առաջնորդների շուրջ 10-ամյա խուլ դիմակայության արդյունքում քայլ առ քայլ հասունացած եւ նախագահական ընտրությունների առիթով (եւ ո՛չ թե պատճառով) գործի դրված այս երկու սցենարները դրական լուծումների ճանապարհով չհաղթահարելու դեպքում, քաղաքական հերոստրատությունը Հայաստանում կարող է վերածվել վտանգավոր մոդայի՝ այրելով մեր բոլոր տաճարները։ Ցանկանում եմ հավատալ, որ այս ահազանգը կողմերին հեռու կպահի նման գայթակղությունից։ Բայց դա դեռեւս բավարար չէ, քանի որ հասարակությանն անհրաժեշտ են քաղաքական հեռանկարներ…։

– Իսկ ո՞վ կարող է ներկայացնել նման հեռանկարները։

– Միայն ու միայն՝ իշխանությունը։ Այժմ գնդակը նրա դաշտում է։ Պետության ու հայրենիքի բարձրագույն շահերը պահանջում են տեղի ունեցածից կատարել երկու հստակ ախտորոշումներ. առաջին, ակնհայտ է, որ մեր հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ առկա էր լուրջ դժգոհություն, որը գեներացվեց նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից, եւ որը պահպանվում է նաեւ այսօր, սակայն դժգոհության գեներացիան միջոց է, նրա պատճառների հաղթահարումը՝ նպատակ, իսկ միջոցը նպատակ դառնալու պարագայում ինչ-որ մի հանգրվանում առաջ է բերում փոխադարձ ատելություն, ներքին պառակտում եւ պարտություններ՝ արտաքին ճակատում։ Երկրորդ. տեղի ունեցածից հետեւություններ անելու համար հարկավոր է ոչ թե շարունակաբար հասարակության ուշադրությունն ուղղել ընտրությունների շրջանում իր դժգոհությունը գեներացիայի ենթարկած անձի վրա՝ չգիտես ինչու նրան վերագրելով ինչ-ինչ գերբնական հատկանիշներ, այլ բացահայտել կուտակված դժգոհության խորքային պատճառները ու մտածել դրանց հաղթահարման մասին։ Տվյալ ելակետից գնահատելով գործող վարչապետի կողմից կոալիցիոն կառավարություն ձեւավորելու նախաձեռնությունը, այն համարում եմ իրադարձությունների հետագա ընթացքը քաղաքական հարթություն տեղափոխելու եւ ներքաղաքական լարվածությունը ինչ-որ չափով մեղմելու՝ սկզբունքորեն ընդունելի, բայց շարունակություն ենթադրող քայլ։ Առանց հանրապետության քաղաքական, տնտեսական ու բարոյահոգեբանական բարդ իրավիճակի հաղթահարմանն ուղղված հետեւողական ջանքերի՝ նման կոալիցիան եւս կարող է վերածվել առկա դժգոհությունը քողարկելու միջոցի կամ լավագույն դեպքում՝ կոսմետիկ քայլի։ Ակնհայտ է, որ քաղաքական կոալիցիային մաս կազմող ուժերի ներկայացուցիչներից նախագահի նախկին թեկնածուներ Ա. Բաղդասարյանը եւ Վ. Հովհաննիսյանը մեծ թվով ձայներ են ստացել նախընտրական շրջանում դրսեւորած իրենց ընդդիմադիր կեցվածքների եւ իշխանություններին դատափետելու համար։ Հետեւաբար, այսօր խոսել, օրինակ՝ կոալիցիայի կողմից հասարակության 70 տոկոսի վստահությունը վայելելու մասին, մեղմ ասած՝ համոզիչ չէ եւ իրականությանը չի համապատասխանում։ Այդ վստահությունը ձեռք բերելու համար երկար ճանապարհ պետք է անցնել։

Հասարակության ներսում առկա դժգոհության պատճառները ոչ թե քաղաքական ուժերի չբավարարված ամբիցիաների մեջ են, այլ հայ մարդուն բնորոշ անհատականության զարգացման համար անհրաժեշտ պայմանների բացակայության։ Տեղի ունեցածը դրական լուծումների ճանապարհով հաղթահարելու մայրուղին հետեւողական բարեփոխումներ նախաձեռնելու եւ հասարակության առջեւ հստակ քաղաքական հեռանկարներ բացելու համարձակությունն է։ Մասնակի լուծումներն այստեղ ոչինչ չեն տա։ Հնարավոր չէ վերականգնել Քոչարյանի իշխանության տարիների «հավասարակշռությունը» եւ այն մեթոդները, որոնք կիրառվում են այսօր՝ իշխանությունից հեռացող նախագահի կողմից, պարզապես ինքնախաբեություն են։ Երբ անդունդի վրայով քայլող մարդը մի ոտքն առաջ դնելուց հետո թեքվում է մի կողմ, նա պետք է առաջ տանի հաջորդ ոտքը՝ հավասարակշռությունը վերականգնելու համար, կամ էլ՝ գլորվի ներքեւ։ Արագորեն անդունդը «չգլորվելու» համար իշխանությունը կանգնած է երկրորդ քայլն անելու հրամայականի առաջ, քանի որ առաջին քայլն արդեն արել է ժողովուրդը, Լ. Տեր-Պետրոսյանին, իր իսկ բնորոշմամբ՝ սեփական դժգոհության արտահայտման «գործիքը» դարձնելու միջոցով։ Բայց, միեւնույն ժամանակ, անցած ընտրություններում ընտրողների հստակ մեծամասնության տված «ընդդեմ» քվեները չի կարելի անվերջ չարչրկել՝ դիտարկելով իբրեւ որեւէ մեկին ցույց տրված աջակցության արտահայտություն։ Ժողովուրդն ընդամենն ասել է. «ես չեմ ուզում ապրել այսպես եւ ու՛մ ուզում եք պատրաստ եմ ձայն տալ՝ միայն թե վիճակը

Սկիզբը՝ 6-7 էջերում:

փոխվի»։ Սա է իրականությունը ու դրա վրա «գունավոր սցենարներ» խաղարկելու ձգտումը եւ ընդհակառակը՝ այդ ամենից սարսափելով, Հյուսիսային պողոտայում սիրահարված զույգերի զբոսանքը կամ համբուրվելը քաղաքական կատեգորիա դարձնելու փորձերը ես համարում եմ երկու փակուղային ու վտանգավոր մոլորություններ։ Մեզանում ոմանց թվում է, թե ուժով կարելի է ամեն ինչ անել։ Դա ինքնախաբեություն է, քանզի կրկնում եմ՝ վերջին իրադարձություններից հետո հնարավոր չէ վերականգնել նախքան նախագահական ընտրությունները Հայաստանում եւ նրա շուրջն առկա խախուտ ներքին ու արտաքին հավասարակշռությունը։ Ուրեմն՝ պետք է դրսեւորել առաջ գնալու եւ նոր մակարդակի վրա նոր հավասարակշռություն ձեւավորելու վճռականություն ու կամք։ Առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում Հայաստանին անհրաժեշտ են համալիր քաղաքական բարեփոխումներ, որոնք կպսակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններով եւ երկիրը նորից կվերականգնի հավասարակշռությունը։ Այդ բարեփոխումների հիմնական ուրվագծերը ես ներկայացրել եմ մարտի 18-ին՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ։ Մասնավորապես, ես առաջարկել եմ.

1. Ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով՝ մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրելու եւ խորհրդարանին եզրակացություն ներկայացնելու համար:

2. Հանրապետության նոր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելուց հետո ներում շնորհել այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցել հայտնի բռնարարքներին, այլ պայքարել են իրենց քաղաքական հայացքների համար:

3. Քայլեր իրականացնել «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների վերաբացման ուղղությամբ:

4. Մշակել մեխանիզմ՝ Հանրային հեռուստատեսությամբ երաշխավորված կարգով ընդդիմությանը հեռուստաեթեր տրամադրելու համար:

5. Հանրապետության նոր նախագահի գլխավորությամբ ստեղծել լուրջ լիազորություններով օժտված կառույց՝ Քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:

6. Ընդունել «Հասարակական պալատի մասին» օրենք, որը հնարավորություն կտա հավաքել Հայաստանի մտավոր ընտրանին եւ դրա կարողություններն օգտագործել պետական հիմնախնդիրներ լուծելու համար:

7. Հաշվի առնելով նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը, սկսել ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստումը՝ մի շարք փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում: Մասնավորապես՝ 1/ անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, 2/ ձեւավորել հավասարակշռված ընտրական հանձնաժողովներ, որոնցում հավասարաչափ ներկայացված կլինեն իշխանությունն ու ընդդիմությունը:

Այդ եւ հնարավոր այլ փոփոխությունները կատարելուց մեկ տարի հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

8. Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ՝ հանրաքվեի դնել սահմանադրական հետեւյալ փոփոխությունները՝

1 /Մարզպետների ինստիտուտը դարձնել ընտրովի:

2/ Հայաստանը դարձնել խորհրդարանական հանրապետություն, որի կառավարությունը ձեւավորվում է ԱԺ ընտրությունների արդյունքների հիման վրա, իսկ հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը:

Առաջարկվող փոփոխություններն իրականացնել խորհրդարանական ընդդիմության հետ միասին, կոնսենսուսային հիմունքներով, աշխատանքներում ներգրավելով նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին:

Ազգային ժողովի ամբիոնից ներկայացված իմ առաջարկություններին կավելացնեի նաեւ հետեւյալը.

ա) Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների միջոցով ստեղծել կուսակցությունների համամասնական ցուցակները քվեարկության դնելու օրենսդրական մեխանիզմներ, որոնք թույլ կտան դրանցից յուրաքանչյուրում տեղերի բաշխումը վերապահել այն ընտրողին, ով քվեարկում է տվյալ կուսակցության օգտին. սա հնարավորություն կտա հաղթահարել կուսակցական վերնախավերի լճացման եւ շահակցական խմբերի վերածվելու՝ մեզանում հաճախ նկատվող իրողությունը:

բ) «ԱԺ Կանոնակարգ» օրենքում համապատասխան փոփոխությունների միջոցով խորհրդարանական փոքրամասնության համար ապահովել հստակ ու անբեկանելի իրավունքներ՝ նրա օրենսդրական նախաձեռնությունները ԱԺ լիագումար նիստերում քննարկելու, խորհրդարանի ղեկավարության եւ հանձնաժողովների նախագահների կազմում փոքրամասնության համար որոշակի պաշտոններ քվոտավորելու, ԱԺ լիագումար նիստերում եւ հայտարարությունների ու կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմության հնչեցրած ելույթների հեռուստատեսային լուսաբանումն ապահովելու համար:

գ) Ստեղծել համապատասխան մեխանիզմ, որով Հանրային հեռուստատեսության խորհրդի (անկախ կարգավորող մարմնի) ԱԺ կողմից նշանակվող անդամներին կառաջարկի խորհրդարանական փոքրամասնությունը:

դ) Հանրապետության նոր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից՝ ապրիլի 9-ից հետո, ներում շնորհել Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Արման Բաբաջանյանին։

Հավելեմ, որ մարտի 24-ին շրջանառության մեջ եմ դրել ԱԺ որոշման նախագիծ՝ 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ Այդ կառույցի հիմնական նպատակներն են՝ երկրում առկա կացության ուսումնասիրությունը, հասարակական–քաղաքական կյանքում հանդուրժողականության, փոխադարձ վստահության եւ համերաշխության մթնոլորտի վերականգնմանն ուղղված եզրակացություններ խորհրդարանին ներկայացնելը, Հայաստանում համակարգային փոփոխությունների եւ քաղաքական ռեֆորմների համալիր ծրագրի մշակումը: Այսինքն, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի տեսքով առաջարկում եմ մի մեխանիզմ՝ իրավիճակային եւ հեռանկարային հիմնախնդիրները քաղաքական հարթությունում քննարկելու եւ համապատասխան լուծումներ գտնելու համար: Հավելեմ, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին լիարժեք ձեւով կարող են մասնակցել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:

Իմ բոլոր առաջարկները միտված են երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությունը բացառապես քաղաքական ճանապարհով հանգուցալուծելու նպատակին, որի «այլընտրանքը» քաղաքական հետապնդումներն ու ռեպրեսիվ մեթոդներն են։ Դրանք չափազանց վտանգավոր են ժողովրդի եւ պետության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել