Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մեկն եմ նրանցից»

Ապրիլ 04,2008 00:00

«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը…

«Հացադուլ հայտարարած մարդիկ իմ եղբայրներն են, ում հետ ճանապարհ ենք անցել 1988-ից, միասին պայքարել ենք, ձեռք բերել ու կորցրել, սխալվել…… Միասին ապրել ենք եւ շարունակում ենք միասին պայքարել։ Փաստում եմ, որ իմ ընկերներն այսօր պատանդ են: Այսպես պատանդ են վերցվել Տեր-Պետրոսյանն ու ՀՀ նախագահի ընտրություններով ձեւավորված նոր քաղաքացիական շարժումն ընդհանրապես»,- ողջույններ հղելով քաղաքական պայքարի կիզակետում գտնվող իր ընկերներին՝ առաջին նախագահի թիմի անդամ Աշոտ Բլեյանը միաժամանակ նշում է, որ սա փուլ է, որով պետք է անցնել: Այն, որ մարտի 1-ի դեպքերի առիթով մարդիկ իրենց քաղաքական-քաղաքացիական գործունեության համար են կալանավորված եւ շարունակում են պայքարել(ինչի դրսեւորումներից մեկն էլ հացադուլն է), ապացուցում է, որ նրանք քաղբանտարկյալներ են։ Եվ Աշոտ Բլեյանը վստահ է՝ նրանք քաղաքական պայքարի լավագույն օրինակ ցույց կտան՝ մնալով շարժման ավանգարդում: «Ես նրանցից մեկն եմ: Կարծում եմ՝ այսպես պետք է ասի մեզնից յուրաքանչյուրը, որովհետեւ այս մարդիկ ձերբակալվել եւ հետապնդվում են հրապարակային այն գործողությունների համար, որի մասնակիցն եմ ես եւ 100 հազարավոր այլ մարդիկ: Ես չեմ կարող ինքնախաբեությամբ զբաղվել, ինձ չեն կարող հիպնոսացնել, այն աստիճանի միամտի տեղ դնել, որ ես տարակուսեմ, թե կա մի բան, որ իմ ընկերներն արել են, ու ես չգիտեմ, նախաքննությունն էլ պիտի պարզի: Այդպես կարող են ասել անպատասխանատուներն ու վախկոտները: Ես գիտեմ, որ իմ ընկերների արարքներում հանցակազմ չկա: Նրանք պայքարել են իրենց եւ այլոց իրավունքների համար՝ հրապարակային, օրենքով չարգելված միջոցներով»,- ասում է մեր զրուցակիցը: Նա իրեն եւ հրապարակում եղած մարդկանց համարում է այս գործով վկա եւ զարմանում է, թե ինչու իրեն չեն ներգրավում, քանզի պատրաստ է պատմելու իր տեսածները: Ավելին, կարծում է, որ նաեւ տուժող է՝ իշխանության ուժի գործադրման արդյունքում եւ հավաստիացնում է, որ դատավարության ինչ-որ փուլում կգտնի դրան սեփական մասնակցությունը բերելու ձեւը:

«Սովետն անմեռ է, ընդ որում, բոլշեւիզմը՝ իր ամենատխուր էջերով, որովհետեւ իմ, քո, նրա մեջ է ու մեր աչքի առաջ, մեր թողտվությամբ հաստատվում է»,- կարծում է Ա. Բլեյանը: Զուգահեռներ անցկացնելով 1990 եւ 2008 թվականների գարունների միջեւ՝ մեր զրուցակիցը փաստում է, որ այն ժամանակ էլ, հիմա էլ ունենք դիկտատուրա՝ տնտեսությանը, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը տիրապետող նոմենկլատուրային դիկտատուրա։ «1990թ. գտնվեց ելքը եւ Գերագույն խորհրդի արդար, խաղաղ ընտրություններով քաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Հիմա էլ ընտրությունները չեն ավարտվել, քանզի ճգնաժամը առկա է: Ընտրությունը, ի վերջո, քաղաքական ճգնաժամը լուծելու միջոց է»,- ասում է մեր զրուցակիցը: Նա Երրորդ Հանրապետության դեմ ուղղված հանցանք է որակում դաժանությունը, որով նեոբոլշեւիզմը գործում է Երրորդ Հանրապետության արժեքների եւ Հանրապետությունը ստեղծողների, արցախյան շարժման ազատամարտիկների, իրենց ընտրական եւ քաղաքացիական իրավունքներից օգտվող քաղաքացիների նկատմամբ։ Այսքանով հանդերձ, մեր զրուցակիցը վստահ է, որ հայաստանցիներս կունենանք բավարար հաստատակամություն եւ միասնականություն՝ նոր քաղաքացիական շարժման հռչակած խնդիրները լուծելու համար: «Ժամանակին՝ 1988-ից սկսած, անտեսել ենք անհատի իրավունքների եւ ազատությունների համար պայքարը. հիմա դա ենք անում, առանց դրա չի կարող լինել մեր երազած, մեզ ու մեր զավակներին արժանի կյանքը: Առաջին պլանում քաղաքացին է՝ որպես գիտակցված շահ՝ իր իրավունքներով եւ ազատություններով, եւ բնական է, որ այդ պայքարի առաջին շարքում անկոտրում մարդիկ են՝ այսօրվա հացադուլավոր կամ «հետախուզվող» քաղբանտարկյալները: Պայքարի այս փուլում եւս նրանք կարեւոր գործ են անում»,- ասում է նա: Այս համատեքստում Աշոտ Բլեյանը ողջունում է Հյուսիսային պողոտայի զբոսանքները, Մասիսում, Հրազդանում, Գյումրիում բողոքի ակցիաները, մշակութային մի խումբ հարգելի գործիչների հայտնի հայտարարությունը… Ուրախ է, որ դրանք ինչ-որ կենտրոնից կազմակերպվող, նախապես երաշխավորված չեն, այլ ինքնաբուխ դրսեւորումներ են, որ ակտիվացնում են այսօրվա արտակարգ դրության մեջ պասիվացած քաղաքացուն:

Ի պատասխան «Առավոտի» դիտարկման՝ հարկ կա՞ քաղաքացիական պոռթկումը կանոնակարգելու եւ ուղղորդելու, մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ որոշակի փուլում այն ինչ-որ կազմակերպական տեսք կընդունի. «Գուցե ոչ թե վերեւից կլինի, այլ ներքեւից առաջ կմղվեն նոր դեմքեր: Անպայման կգտնվի հակաբռնության կազմակերպման ձեւը՝ ե՛ւ հայտնի, ե՛ւ նոր առաջնորդներով»: Ա. Բլեյանը մերժում է իրեն հաղթող հռչակած կոալիցիայի եւ նրա մաս կազմող քաղաքական ուժերի մեղադրական կեցվածքը. «Ավա՜ղ, 1988-ի շարժումով սկսված արտաքին պատերազմը ոչ միայն չհաջողվեց վերջնական խաղաղ ելքի բերել, այլեւ նեոբոլշեւիզմը այն տեղափոխեց հասարակության մեջ՝ դեմ հանդիման կանգնեցնելով իրավունքների համար պայքարող հասարակությունը եւ իր անդամներից կազմված բանակն ու ոստիկանությունը։ Ավա՜ղ, այս ներքին պատերազմը, որի պատասխանատուն գործող իշխանությունն է, եւ որի հրամանով կամ թողտվությամբ մարտի 1-ին կրակել են մեզ վրա, բոլորիս պարտությունն է։ Ավա՜ղ, մենք այսօր մտասեւեռված ենք Ազատության հրապարակը վերանվաճելու վրա, երբ Հայաստանի արտաքին խնդիրներն ավելի ու ավելի անլուծելի են դառնում….»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել