Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 04,2008 00:00

ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

\"\"«Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն

Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, մեջբերելով քաղաքագետ Արմեն Այվազյանին, փորձում էր համոզել, որ Երեւանում մարտի սկզբին տեղի ունեցած պատժիչ գործողությունները «տեղավորվում են զարգացած երկրներում ընդունված պրակտիկայի տրամաբանության մեջ»: Խնդիրը հետեւյալն էր. ցույց տալ, թե ինչպես են տարբեր երկրներում իշխանությունները ճնշում զանգվածային անկարգությունները եւ բողոքի ցույցերը: Համեմատելով երեւանյան բողոքի ցույցերը տարբեր երկրներում տեղի ունեցած նման դեպքերի հետ, մեջբերելով զոհերի եւ ձերբակալվածների քանակը՝ թղթակիցն ու քաղաքագետը փորձում էին արդարացնել մեր իշխանությունների իրականացրած քաղաքական հաշվեհարդարը՝ ներկայացնելով այն իբրեւ ժողովրդավարական աշխարհում ընդունված եւ սովորական բան: Ռեպորտաժում հիշատակվեցին ԱՄՆ-ում 1992-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Հունգարիայում, Վրաստանում վերջին տարիներին տեղի ունեցած բողոքի ցույցերը: Արդյո՞ք կարելի է դրանք համեմատել Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ դատեք ինքներդ:

1992-ի մայիսին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «սեւերի խռովությունը»: Այս պատմությունը «Հայլուրին» գրավել էր այնքանով, որ խռովությունը ճնշելու ընթացքում սպանվել է 54, ձերբակալվել 11.000 մարդ: Սակայն ի՞նչ վտանգ էր սպառնում այդ ժամանակ ԱՄՆ պետության գոյությանը՝ «Հայլուրին» չի հետաքրքրում: ԱՄՆ-ում կատարվածը պատմության մեջ եզակի դեպքերից է, որ կոչվում է բազմառասայական խռովություն: Այն ճնշելու համար պահանջվել է 7.300 ոստիկան, մոտ 2.000 ոստիկանապետ (շերիֆ), ավելի քան 10.000 ազգային գվարդիականներ, 3.000-անոց ծովային հետեւակ՝ զրահամեքենաներով եւ Դաշնային Բյուրոյի 1.000 գործակալներ: ԱՄՆ-ի պատմության մեջ այս ամենամեծ խռովությունը սկսվել էր 1992-ի ապրիլի 29-ին, երբ շրջանային դատարանը արդարացրեց չորս ոստիկանների, ովքեր մահակներով ծեծել էին սեւամորթ իրավազանց Ռոդնի Քինգին: Անշուշտ, Քինգը դրանից չէր մահացել. նա այսօր էլ կենդանի է եւ նստած է բանտում նոր զանցանքի համար: Ծեծի սիրողական նկարահանումը ցուցադրվել էր բոլոր հեռուստաալիքներով՝ նույնիսկ ԱՄՆ-ից դուրս: Ոստիկանները, ամեն դեպքում, նստել էին մեղադրյալի աթոռին:

Ոստիկանների արդարացման դատավճռի հրապարակման օրը Լոս Անջելեսի բազմահազար սեւամորթ բնակչությունը դուրս եկավ փողոցներ: Մի քանի ժամ հետո բողոքի ցույցը վերաճեց զանգվածային անկարգությունների եւ սկսեց տարածվել քաղաքով մեկ: Սեւամորթ ցուցարարներին միացել էին նաեւ քաղաքի լատինամերիկյան եւ ասիական ծագումով բնակիչները: Անկարգությունների ընթացքում այրվել էր 5.500 շենք, այդ թվում՝ 17 կառավարական շենք: Տուժում էին հիմնականում քաղաքի հարուստ եւ սպիտակ բնակիչները: Ցուցարարները բացահայտ կրակում էին ոստիկանների եւ նրանց ուղղաթիռների վրա: Հրդեհներից առաջացած ծուխը ծածկել էր ամբողջ քաղաքը, եւ Լոս Անջելեսի օդանավակայանը ստիպված էր մի քանի օր դադարեցնել չվերթները: Երրորդ օրը խռովությունն արդեն տարածվել էր տասնյակից ավելի ԱՄՆ քաղաքներում: Մասնակիցների թիվը հասել էր 100 հազարի: Անկարգություններն ուղեկցվում էին զանգվածային թալանով: Հազարավոր մարդիկ օրեր շարունակ մեքենաներով թալանում էին տրիկոտաժի ֆաբրիկան, բազմաթիվ խանութներ, սուպերմարքեթներ, մասնավոր եւ պետական ձեռնարկություններ: Լրագրողները կատարվածն անվանում էին քաղաքացիական պատերազմ: Ոստիկանությունը չէր միջամտում առնվազն 4 օր, չնայած կային զոհեր: Համադրելի՞ է, արդյոք, ԱՄՆ-ում տեղի ունեցածը երեւանյան դեպքերի հետ, որտեղ միակ օրինազանցությունը, նույնիսկ պաշտոնական վարկածով, խաղաղ ցույցերի չարտոնված լինելն էր:

«Հայլուրն» իր ռեպորտաժում վկայակոչեց նաեւ Ֆրանսիայի դեպքերը: 2005-ի հոկտեմբերին Փարիզում սկիզբ առան 1968-ից հետո ամենախոշոր զանգվածային անկարգությունները: Հիմնականում ներգաղթած արաբների խտրականության դեմ բողոքի ցույցերն ուղեկցվում էին բռնություններով: Երեք շաբաթ տեւած անկարգությունների ընթացքում այրվել էր մոտ 9.000 ավտոմեքենա: Բռնությունների արդյունքում տուժում էին ոչ միայն ոստիկանները, այլեւ շարքային քաղաքացիները: Հուզումները տարածվել էին ավելի քան 300 բնակավայրերում: Իրավապահների միջամտության արդյունքում ոչ ոք չէր զոհվել, վիրավորվել էր 126 ոստիկան:

Անդրադառնանք Հունգարիայի դեպքերին: Որեւէ մեկը Հայաստանում կարո՞ղ է պատկերացնել, որ ցուցարարները (ընդամենը 10-25 հազար մարդ) նախ քարկոծեն Հանրապետական կուսակցության շենքը, որովհետեւ վարչապետն այդ կուսակցության ղեկավարն է, հետո երկու գիշեր շարունակ ավերեն քաղաքի խանութները, այրեն մեքենաները, ոստիկանների վրա նետեն «Մոլոտովի կոկտեյլներ», հետո փորձեն գրավել Ռադիոտունը, հաջորդ օրը հաջողությամբ գրավեն Հեռուստակենտրոնը, ջարդեն ներսում եղած համակարգիչներն ու սարքավորումներն այնպես, որ բոլոր ալիքների հեռարձակումը երկրում ընդհատվի եւ այլն: Հենց սա է տեղի ունեցել Բուդապեշտում 2006-ի սեպտեմբերին, երբ ցուցարարները պահանջում էին վարչապետ Ֆերենց Դյուրչանի հրաժարականը: Մինչ այդ լրագրողները հայթայթել եւ հրապարակել էին գաղտնի մի ձայնագրություն, որտեղ վարչապետը խոստովանել էր, որ ընտրություններում հաղթելու համար կառավարությունը, պատկերացրեք, ժողովրդին սուտ տեղեկություններ է տարածել տնտեսության վիճակի մասին: Եթե Հայաստանը նման լիներ Հունգարիային, ապա մենք պետք է ամեն օր «Հայլուրի» թողարկումներից հետո գրոհեինք Հանրային հեռուստատեսությունը:

Ի դեպ, «Հայլուրը» չի ասում, թե ի՞նչ զիջումների են գնացել այս երկրների կառավարությունները բողոքի ալիքը մեղմելու համար: Օրինակ՝ ԱՄՆ-ում անմիջապես իրագործվեցին լուրջ սոցիալական ծրագրեր: Հունգարիայի կառավարությունը ստիպված եղավ անցկացնել հանրաքվե, որի ժամանակ ժողովուրդը մերժեց վճարովի բուժսպասարկման եւ վճարովի կրթության համակարգի ներմուծումը: 2001 թվականին Արգենտինայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհվել էր 21 մարդ: Սակայն դրանից հետո նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան եւ ամբողջ կառավարությունը հրաժարական տվեցին:

Չմոռանանք նաեւ, որ հարեւան Վրաստանում ընդդիմադիրների ցույցը ցրելու ժամանակ ոչ ոք չզոհվեց, որից հետո, սակայն, նախագահ Սահակաշվիլին հրաժարական տվեց եւ նշանակեց արտահերթ ընտրություններ: Դատելով այն մասին, որ բողոքի ցույցեր ցրելը ընդունված բան է քաղաքակիրթ աշխարհում, «Հայլուրը» մոռանում է նշել, որ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է նաեւ հրաժարական տալը: Որովհետեւ ցանկացած իշխանություն, որը ստիպված է եղել ուժ կիրառել, արդեն մեղավոր է:

Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանության ոչ մի ներկայացուցիչ իրեն մեղավոր չհամարեց. չհետեւեց ոչ մի հրաժարական, ոչ մի զիջում: Վերը նշված երկրներում իշխանությունը ծանրակշիռ հիմքեր է ունեցել ուժ կիրառելու: Հայաստանում ուժի գործադրումն ունեցել է պաշտոնական մի անհեթեթ հիմնավորում, այն է՝ ոստիկանության օպերատիվ տեղեկությունը ցուցարարների մոտ զենքի առկայության մասին: Հիմա մեզ ուզում են համոզել, որ վարկածը ստուգելու համար սպանվեց 8 մարդ, վիրավորվեցին հարյուրավոր խաղաղ ցուցարարներ եւ ոստիկաններ:

Ակնհայտ է, որ մարտի 1-2-ին իշխանությունների կազմակերպած ջարդը համարժեք չէր իրավիճակին: Պարզապես իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսել իրեն չսատարող ընտրազանգվածի հետ:

Հաշվեհարդարը շարունակվում է…

ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել