Լրահոս
Օրվա լրահոսը

Գովք՝ «երիտասարդական» ռազմավարությանը

Ապրիլ 04,2008 00:00

Իսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի

«Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք բոլոր հ/կ-ների, երիտասարդների, պետական կառավարման համակարգի կարծիքները, որից հետո նախագիծը կներկայացնենք կառավարության ընդունմանը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա հավաստիացմամբ, այս ռազմավարությունը համահունչ է աղքատության հաղթահարման պետական ծրագրին եւ փորձում է սահմանել այն ուղղությունները, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում կառավարությունը պետք է իրականացնի երիտասարդական ոլորտում:

Ըստ բանախոսի, նոր ռազմավարությունը նախկինում մշակվածներից տարբերվում է նրանով, որ հիմքում ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի վերլուծական մասն է՝ անկախ սոցիոլոգիական հարցումների, գիտական աշխատանքների, վիճակագրական տվյալների համախումբ. «Փորձել ենք հասկանալ երիտասարդության հիմնախնդիրների իրական պատկերը»: Փոխնախարարը հնգամյա ռազմավարության միջոցով խոստացավ լուրջ ֆինանսական ներդրումներ, իրավական դաշտ ապահովող գործառույթներ, մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին եւ այլն: Ա. Պողոսյանը ռազմավարությունից առանձնացրեց երիտասարդների մասնակցային գործընթացի ապահովումը՝ այսինքն այն, որ պետությունը երիտասարդությանը վերաբերող ցանկացած որոշում կայացնելիս անպայման պետք է հաշվի առնի նրանց կարծիքը, բարելավի նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները, նպաստի հայրենասիրական դաստիարակությանը, ազատ ժամանցի կազմակերպմանը եւ այլն: Ա. Պողոսյանի խոսքով, գերակայություն է համարվում «երիտասարդական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացումը»: Նա նաեւ հավելեց, որ իրենց հարց է տրվել, թե ինչո՞ւ ըստ փաստաթղթի գերակա չի հայտարարվել կրթության ոլորտը. «Կառավարության գործունեության ծրագրում կրթությունը, որպես գերակա ուղղություն, այսպես թե այնպես, ընդգրկված է»:

Ա.Պողոսյանը երեկ երիտասարդներին բաժանեց մի քանի խմբերի. նրա խոսքով՝ 16-18 տարեկանները համարվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտներ,18-30 տարեկանները՝ երիտասարդներ: Պարզվում է, երիտասարդների թիվը ՀՀ-ում կազմում է բնակչության 25,6 տոկոսը՝ 826 000 է: «Առավոտը» փոխնախարարին հարցրեց, թե ի՞նչ է մտածում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության այն հայտարարության վերաբերյալ, որտեղ Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը որակվել էր որպես դեկլարատիվ բնույթ կրող, եւ արդյո՞ք նախարարությունը հաշվի է առել նրանց նկատառումներն ու մտահոգությունները: «Ես ողջունում եմ «Սարգիս Տխրունու» առաջարկները: Բայց կա մի օրինաչափություն՝ իրենք հիմնականում զբաղվում են կրթական խնդիրներով: Ես «Առավոտում» կարդացել եմ նրանց հայտարարության մասին, որում կոնկրետ առաջարկներ չկային: Շատ լավ կլինի, որ նրանք ակտիվորեն իրենց առաջարկները ներկայացնեն մեզ, ինչպես անում են շատ կազմակերպություններ: Դեկլարատիվ հայտարարությունները հասարակական կարծիքի ձեւավորման առումով կարող են որոշակի կարծիք ապահովել: Բայց եկեք խոսքից անցնենք գործի… Ես ողջունում եմ ցանկացած առաջարկություն, դրա համար էլ մենք փորձել ենք այս ամենը ազատ քննարկման դնել ու կազմակերպել հանրային լսումներ»,- պատասխանեց Ա. Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Սարգիս Տխրունին» առաջարկում էր իբրեւ առաջնահերթություն դիտարկել բուհական կոռուպցիայի դեմ պայքարը, ուսանողական վարձավճարների իջեցումը, ուսխորհուրդների բարեփոխումը, երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել