Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԴԵՌ ՎԱՂ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԴ ՄԱՍԻՆ»

Ապրիլ 05,2008 00:00

\"\"Լենինի արձանի թափուր տեղը լրացնելու մասին նման կարծիքի է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Այսօր Երեւանը հնարավոր չէ պատկերացնել առանց հայտնի արձանների (թվարկումն անհարկի ենք համարում), քանդակներ էլ կան, մանավանդ վերջին շրջանում տեղադրված, որոնց գոյությունը, ըստ «Առավոտի» հետ զրուցած մասնագետների, բնավ պարտադիր չէ: Դրանց հեղինակների թվում կան նաեւ հայտնի անուններ: Վերջիններիս վաստակը չնսեմացնելու համար անուններ չենք նշում, բայց ասենք, որ թե ճարտարապետները, թե քանդակագործները մասնավոր զրույցներում դժգոհել են պատվերների համար առաջարկվող գումարի չափից, նույնիսկ արտահայտվելով՝ «ստացածի դիմաց մի բան էլ ավելին ենք անում»:

Հանդիպեցինք Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, որը սիրով պատասխանեց մեզ հուզող հարցերին:

– Ինչպե՞ս եք վերաբերվում մեր օրերում ընդունված այն «կարգին», որ թաղապետարաններն են անցկացնում մրցույթներ՝ այս կամ այն արձանը իրենց համայնքում տեղադրելու համար, եւ արդյո՞ք նրանք համագործակցում են ձեզ հետ:

– Կան թաղապետարաններ, որոնք համագործակցում են եւ կան այնպիսիք, որոնք ինքնուրույն են որոշումներ կայացնում, մոռանալով, որ այս կամ այն քանդակը տեղադրելու համար շատ կարեւոր է քաղաքաշինական միջավայրը: Կան դեպքեր, երբ ճիշտ տեղում գտնվող թեկուզ ոչ բարձրակարգ աշխատանքը նայվում է: Դեպքեր էլ կան, երբ արվեստով քանդակը միջավայրի ոչ ճիշտ ընտրությունից տուժում է: Օրինակ, իմ կարծիքով, Անդրանիկի արձանի դեպքում ոչ աշխատանքն է գոհացուցիչ, ոչ էլ տեղը: Արգիշտիի արձանն էլ, որի հեղինակը Լեւոն Թոքմաջյանն է, ճիշտ տեղում չի կանգնեցված: Ցանկը կարող եմ շարունակել: Ինձ եւ համախոհներիս չի գոհացնում Տերյանի արձանը, Կարաբալայի արձանն էլ գուցե ժողովուրդը ընդունում է, ասելով, թե ժամանակի մեր թշվառությունն է ցույց տալիս, ինքս միանշանակ դեմ եմ: Կամ անդրադառնամ այսօրվա մեր քաղաքաշինությանը. այն, ինչ կառուցվում է այսօր (նկատի ունի երեւանյան «երկնաքերերը»- Ս. Դ.), որոնց հեղինակները, բնականաբար, ճարտարապետներն են, իրենց մասշտաբներով բոլորովին այլ բան են «ասում», թեեւ մեր համաքաղաքացիներից շատերը ցնցված են այդ նորակառույցներով: Նույն բանն է, ինչ արվեստում: Այսօր մենք հեռացել ենք Կոմիտասից, թատերական օջախներում ներկայացումներն անցնում են կիսադատարկ դահլիճներում: Այդ ինչպե՞ս է, որ այսօր Մոսկվայի թատրոնները կարողանում են ապահովել հանդիսատես, իսկ մենք՝ ոչ: Երաժշտաարվեստում էլ, թատերարվեստում էլ, մեր բնագավառում էլ, ես չեմ վախենում հայտարարել, որ տարիների կորուստ ու հետընթաց ունենք: Իհարկե, երբեմն-երբեմն լուսավոր շողեր առկայծում են: Մեծանուն Վիլյամ Սարոյանի 100-ամյակի առիթով Երեւանի կենտրոնում այս տարի կտեղադրվի Դավիթ Երեւանցու հեղինակած արձանը, որն արժանացել է եւ մեր միության, եւ Երեւանի գլխավոր ճարտարապետի ու նրան կից ստեղծված խորհրդի բարձր գնահատականին: Չմոռանանք, որ մեր օրերում արձանները պատվիրվում են մեկենասների կողմից, օրինակ՝ Բաբաջանյանի արձանը, Ծովակալ Իսակովինը եւ այլն: Լինում է նաեւ հետեւյալ կերպ. օրինակ, Օղակաձեւ զբոսայգում վաղուց պետք է կանգնած լիներ Դերենիկ Դեմիրճյանի արձանը, իսկ մինչ այսօր պատվիրատուն չի հայտնվել (տեղեկացնենք, որ արձանը պատվիրված է պետության կողմից դեռեւս 1980-ականների վերջերին- Ս. Դ.):

– 1991թ. սկսած, երբ մայրաքաղաքի գլխավոր հրապարակից հանվեց Լենինի արձանը, ժամանակ առ ժամանակ անցկացվեցին մրցույթներ, բայց այդպես էլ կոմունիզմի առաջնորդի արձանի տեղը մինչ այսօր թափուր է…

– 1992, 1993, 2000 եւ 2005 թվականներին կայացած մրցույթները ցույց տվեցին, որ երեւի թե վաղ է մտածել այդ ուղղությամբ: Նշեմ, որ առաջարկներ եղան Նոյից մինչեւ Սասունցի Դավիթի արձանի տեղափոխումը, կրոնական բնույթի անսամբլներ եւ այլն: Անձամբ ես գտնում եմ, որ հրապարակում ոչ մի արձան էլ պետք չէ տեղադրել: Բայց եթե, այնուամենայնիվ, քաղաքապետարանը գտնի Հանրապետության հրապարակում արձան տեղադրելու անհրաժեշտությունը, անպայման կհայտարարվի մրցույթ եւ Ճարտարապետների միությունը սիրով կհամագործակցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել