Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գրադարանային ոլորտը ամենախոցելին է

Ապրիլ 05,2008 00:00

Երեկ փաստեց մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետը

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանն էր: Նա փաստեց, որ մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացած է Երեւանում, հետո էլ հավելեց. «Անցյալ տարի կառավարության կողմից հաստատվել է Մարզերում մշակութային կյանքի զարգացման ծրագիրը, որի հաստատմանն անմիջապես հետեւել է մեր կողմից մշակված «Մշակութային մարզ» ենթածրագիրը: Վերջինս էլ նախատեսում է մարզերում եւ Երեւանում գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերի կազմակերպում: Ենթածրագրի համար նախկինում հատկացված էր 17 մլն դրամ՝ նախատեսված խմբերի ճանապարհածախսի եւ օրապահիկի համար, իսկ այս տարվա բյուջեն դարձել է 28 մլն»:

Կ. Վարդանյանն անդրադարձավ նաեւ գրադարանների խնդիրներին, վերանորոգման աշխատանքներին: Նրա խոսքերով, մշակույթի ոլորտը այսօր խոցելի է, իսկ նրա առավել խոցելի հատվածն է գրադարանային համակարգը. «Այս համակարգը 90-ականներին բոլորիս աչքի առաջ խարխլվեց, մոռացվեցին գրքի ու գրականության հետ կապված ավանդույթները, մինչդեռ հայ ժողովրդին բնորոշ էր գրապաշտությունը, վերջին հրատարակություններն ամեն գնով ձեռք բերելու, ընթերցելու մղումը, ընտանիքների անձնական գրադարաններով միմյանց հետ մրցելը եւ այլն»: Վարչության պետի փոխանցմամբ, 1996 թ., երբ օրենքով հաստատվեց երկրի նոր վարչատարածքային բաժանումը, մարզերում, շրջաններում գտնվող բոլոր մշակութային հաստատություններն անցան տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը: Ըստ բանախոսի, այժմ մշակույթի նախարարության ենթակայության տակ է ընդամենը 13 գրադարան, որից 3-ը՝ Երեւանում (Ազգային, Խնկո-Ապոր, Երաժշտագիտական) եւ մեկական՝ յուրաքանչյուր մարզում: Կ. Վարդանյանն անդրադարձավ նաեւ գրադարանների շենքային պայմաններին: Ըստ նրա, 2003 թ. կառավարությունում հաստատվել է Մշակույթի օբյեկտների նորոգման համալիր ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը. «Ամեն տարի այդ ծրագրում ընդգրկվում են նորոգման ենթակա տասնյակ մշակութային կազմակերպություններ, որոնց ցանկերը համապատասխան հիմնավորումներով ներկայացնում է մշակույթի նախարարությունը: 2009թ. ծրագիրն ունի հատկապես գրադարանային ուղղվածություն, որովհետեւ ընդգրկել ենք մարզերի բոլոր գրադարանները, բացառությամբ՝ անցյալ տարի վերանորոգված Լոռիի գրադարանը: Սկսելու ենք նաեւ Ազգային եւ Խնկո-Ապոր անվան գրադարանների մասնակի վերանորոգումը, բնականաբար՝ պահպանելով թամանյանական ոճը»:

Բանախոսը հայտնեց, որ 2007թ. ապրիլին կառավարության կողմից հաստատված՝ Մարզերում մշակութային կյանքի զարգացման ծրագրում կա մի կետ, որը նախատեսված է մարզպետարաններում առանձին մշակույթի բաժիններ ստեղծելու համար, որպեսզի առավել մեծ ուշադրություն դարձվի ոլորտի հարցերին. «Փորձը ցույց է տվել, որ կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով ստորաբաժանումները, որոնք կոչվում են վարչություններ, հիմնականում գործում են կրթության առումով, ինչ վերաբերում է մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերին, ցանկալի է, որ դրանք լինեն առանձին»: Կ. Վարդանյանի ձեւակերպմամբ, 1991-ից հետո փակված գրադարանների թիվն ուղղակի աղետալի է (չհրապարակեց), իսկ գործող գրադարանների թիվը 730-740 է: Ինչ վերաբերում է գրավաճառ ցանցին, ապա Երեւանում կա ընդամենը 3-5 գրախանութ: Պրն Վարդանյանը ասուլիսին ասաց նաեւ, որ տարեցտարի 200000-300000 դրամով փորձում են ավելացնել գրադարանների համալրման համար տրամադրվող գումարը, ինչն էլ, իր կարծիքով, նախորդ տարիների համեմատ մեծ ձեռքբերում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել