Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ԵՎ ՈՉ ՄԻ ՆՈՐ ՈՒՂԵԳԻՐ

Ապրիլ 08,2008 00:00

\"\"Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի ազատ, կանանց եւ հունահռոմեական ոճերի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի՝ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում էր մեկական օլիմպիական ուղեգիր:

Ազատ ոճային տղամարդկանց հավաքականի եւ կանանց մրցաշարերում մեր միակ մասնակցի՝ Կարինե Շադոյանի անփառունակ մրցելույթների մասին նախորդ համարում տեղեկացրել ենք: Հիմա արդեն հարկադրված ենք արձանագրել նաեւ, որ ըմբշամարտի այս ոճում մեր հավաքականի վիճակը ճգնաժամային է դարձել: Այս էլ արդեն որերորդ անգամ նրանք խոստանում ու հավաստիացնում են, թե հաջորդ պատասխանատու մրցումներում, որտեղ հատկապես օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում, Պեկինի վարկանիշ ձեռք կբերեն ու ամեն անգամ տեր չեն կանգնում իրենց խոսքին:

Դրա փոխարեն հայ մարզասերներին ուրախացրին հունահռոմեականները, որոնք, թեեւ եղած երկուսին նոր ուղեգրեր չավելացրին, սակայն մեզ «սփոփեցին» Եվրոպայի առաջնության մեդալներով: 55 կգ քաշային Ռոման Ամոյանը միայն եզրափակիչում տանուլ տվեց ադրբեջանցի Ռովշան Բայրամովին, որին պարտվել էր նաեւ հարեւան հանրապետության մայրաքաղաքում կայացած աշխարհի վերջին առաջնությունում:

Հայաստանից գերազանց հանդես եկավ նույն Բաքվում անցկացված աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը, որին լեգենդար Ալեքսանդր Կարելինը միշտ էլ համարել է իր փոխարինողը մրցագորգում: Պատրիկեեւը եզրափակիչում հանդիպեց օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Հասան Բարոեւի հետ: Առաջին մրցափուլում Յուրին ահեղ մրցակցին հաղթեց չորս միավորի «չոր» առավելությամբ, իսկ երկրորդում հաղթեց 3:1 հաշվով ու երրորդ անգամ դարձավ Հին Աշխարհամասի չեմպիոն (2002, 2004 եւ 2008 թվականների):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել