Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՒՆԵՆՔ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 11,2008 00:00

Պատգամավորները առաջարկում են կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Խորհրդարանը երեկ քննարկեց ԱԺ նախագահի՝ օրեր առաջ շրջանառության մեջ դրած հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, որին մեր թերթն անդրադարձել է («Առավոտ», 09.04.2008): Երեկ ամբողջ օրվա ընթացքում օրենսդիրները միայն այս հարցն էին քննարկում, եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բառացիորեն չիջավ խորհրդարանի ամբիոնից: Հարցեր տալու համար հերթագրվել էր մոտ երկու տասնյակ պատգամավոր, եւ բոլոր հարցերին պարոն Թորոսյանը այնքան մանրամասն էր պատասխանում, որ թվում էր՝ օրվա ժամերը չէին բավարարի հարցի քննարկման համար: ԱԺ նախագահը, ի թիվս այլ մտքերի, ասաց. «Ինչքան էլ մենք ուզենանք խնդիրը հայանպաստ լուծում ստանա, պիտի հաշվի առնենք միջազգային իրավունքների սահմանները»: ՀՀԿ-ից պատգամավոր Համլետ Հարությունյանը նկատեց. «Քանի որ այսօր շատ-շատ փորձագետների կարծիքով հնարավոր է ադրբեջանական ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ, ապա այսօր ամենակարեւոր հարցն այն է, թե մարտունակ բանակի ետեւում արդյոք լինելո՞ւ է մարտունակ հասարակություն»: Ասածը պատգամավորը հիմնավորեց պատմական զուգահեռով: Հիշեցրեց, որ խորհրդային տարիներին «չկար մի ֆերմայի վարիչ, որի ձեռքը կտրված չլիներ, չկար որեւէ հաշվապահ, որի ոտքը կտրված չլիներ, եւ մենք երեխաներ էինք, թե ինչու են հատկապես այդ մարդիկ այդտեղ աշխատում: Հետագայում հասկացանք, որ դա պատերազմի վետերանների նկատմամբ պետական հոգածության ապացույցներից մեկն է: Այսօր ի՞նչ ենք տեսնում, ինչպե՞ս են վերաբերվում մեր պատերազմի վետերաններին: Օրինակ, դասալիքները, ես Ղարաբաղի օրինակով եմ ասում (եւ եթե անհրաժեշտ լինի՝ ես կարող եմ անուն-ազգանուններ ասել), այսօր զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ եւ հիմնականում զբաղված են հաշվեհարդար տեսնելով պատերազմի վետերանների հետ: Ինչո՞ւ՝ իրենց կենսագրությունը թաքցնելու համար, այդ վկաներից ազատվելու համար: Եվ, Աստված չանի, եթե մենք նորից կանգնենք պատերազմի եզրին, այդ տղաների օրինակով ինչպե՞ս է լինելու մարտունակ բանակի թիկունքը: Ես համոզված եմ, այդ դասալիքները նորից են դասալքվելու, նորից ենք մենք հաղթելու այդ տղաների միջոցով, բայց նորից վայելելու են այդ դասալիքները: Պետական ամենաբարձր պաշտոնի են նշանակվում ջահել տղաներ, եւ դրանց կենսագրությունը չի հրապարակվում մեր թերթերում, որովհետեւ խայտառակություն է, ցանկացած հայ մարդ պիտի նայի, թե 1992-94-ին նա որտեղ է եղել»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը երեկ առաջին անգամ որպես շարքային պատգամավոր ելույթ ունեցավ, եւ ակնհայտ էր, որ եւ գործընկերները, եւ լրագրողները ուղղակի կարոտել էին պարոն Հովհաննիսյանի կոլորիտային խոսքին: Իսկ ասելիքն այն էր, որ Հայաստանը վաղուց պետք է որդեգրած լիներ ավելի նախաձեռնողական, կոշտ եւ հաղթողի տրամաբանությունից բխող քայլեր եւ ոչ թե շարունակ խոսեր կոնկրետ զիջումների մասին՝ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը երբեք չի խոսում իր կողմից սպասվելիք զիջումների մասին. «Ադրբեջանը ոչ մի անգամ, ոչ մի բանակցության ժամանակ մինչեւ վերջ չի ասել՝ իր կողմից զիջումը որն է լինելու, մեր կողմից, չգիտես ինչու, խորանում են զիջումների մանրամասների մեջ: Ես կարծում եմ՝ ժամանակն է սրա մասին խոսել եւ ոչ միայն խոսել, այլ՝ քայլ անել»։ Պարոն Հովհաննիսյանը կրկնեց իր առաջարկը՝ սկսել ազատագրված տարածքների վերաբնակեցումը եւ դարձնել պետական ծրագիր: Անդրադարձավ նաեւ Մինսկի խմբին՝ ասելով. «Մենք Մինսկի խմբից գո՞հ ենք, ոչ, գոհ չենք, եւ երբ մեզ վախեցնում են Մինսկի խմբի լուծարումով, չպետք է կառչենք Մինսկի խմբից, ինչպես խորտակվողը փայտից է բռնում: Լուծարում են, թող լուծարեն: Դուք մի մոռացեք՝ հենց համանախագահները ահավոր վախենում են ձախողելուց, դրա համար Ադրբեջանի ճնշմանը ենթարկվում են, դրա համար Ադրբեջանի ճնշման տակ սկսում են անհասցե հայտարարություններ անել, դրա համար սկսում են անընդհատ խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»: Ըստ պատգամավորի, մեր երկրի քաղաքականությունը այս առումով «բավականին անատամ է». «Այն օրը, երբ Ադրբեջանը սկսեց բարբարոսաբար ջախջախել Ջուղայի հուշարձանները, մենք պիտի դուրս գայինք բանակցային պրոցեսից, պետք է սպառնայինք, որ բանակցային պրոցեսից դուրս ենք գալիս, տեսեք՝ թե ի՞նչ կկատարվեր: Այդ ժամանակ մեզանից կկառչեին, մեզանից ներողամտություն կհայցեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել