Լրահոս
Օրվա լրահոսը

Հատել են բիզնեսի համար

Մայիս 01,2008 00:00

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Ռիմա Ավանեսյանի 20 տարվա այգին 20 րոպեում ոչնչացրել են:

Կնոջ պատմելով, օրը ցերեկով մի քանի անծանոթ մարդիկ, առանց իրեն տեղյակ պահելու, ներխուժել են պարտեզ ու անխնա կտրատել պտղատու 6 հաստաբուն ծառ. «Այդ մարդիկ առիթից օգտվել են, որ ես զավակներ չունեմ եւ միայնակ թոշակառու եմ, հետեւաբար չեմ կարող իրենց դեմ պայքարել: Որդիներիս կորցնելուց հետո այս այգին իմ միակ մխիթարանքն է: Զբաղվում եմ, հող եմ մշակում եւ ինչ-որ չափով վիշտս թեթեւացնում եմ»:

Ռ. Ավանեսյանը տարիներ առաջ գաղթել է Ադրբեջանից: Նրա 2 զավակներին գաղթի ժամանակ սպանել են, ամուսինն էլ վերջերս է մահացել: Նրա ներկայացմամբ՝ 20 տարի առաջ Բյուրեղավանի քաղաքային իշխանությունները, որպես տուժած, իրեն՝ բնակարանին կից մոտ 80 մետր հողատարածք ու մի քանի տնկիներ են հատկացրել: Սակայն կնոջը հողի համար որեւէ փաստաթուղթ չեն տվել: Նրա խոսքերով. «Էդքան տուժել եմ, ուրեմն ինձ մի փոքր հողակտո՞ր էլ չի հասնում»:

Բյուրեղավանցիների վստահեցմամբ՝ այդ հատվածը շատ հարմար է սպասարկման եւ առեւտրի կետեր բացելու համար, քանի որ գլխավոր ճանապարհի եզրին է, մարդկանց անցուդարձն էլ շատ է:

«Քաղաքում բոլորն ասում են, որ քաղաքապետն այդ հատվածն այգիներից մաքրում է, որպեսզի խանութներ բացի կամ էլ վաճառի: Մեր շենքի մոտ մի քիչ կանաչ տարածք կա, է՞դ էլ են ուզում վերացնել: Շրջակայքում գազի լցակայաններ են ու խանութներ, օդ չկա շնչելու, ամբողջ օրը գազ ենք շնչում: Այդ ծառերը գոնե մի քիչ թթվածին են տալիս»,- «Առավոտին» դժգոհեցին քաղաքի մի խումբ բնակիչներ: Նրանց հասած լուրերի համաձայն, ծառերի «սպանդը» կազմակերպել է Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանի քրոջ որդին՝ առանց բնակիչներին տեղյակ պահելու: Ռ. Ավանեսյանը Բյուրեղավանի քաղաքապետարանից ճշտել է, որ այդ հատվածում օրինական հողհատկացում չի եղել, հետեւաբար ծառերը կտրվել են ապօրինաբար. «Հարեւաններից մեկի այգին էլ էին վերցրել, բայց իրեն զգուշացրել էին, ոչ թե իմ այգու նման հինգ րոպեում 6 հատ ծառ կտրել ու փախել են»: Նշենք, որ տիկին Ռիման միակ տուժողը չէ, Բյուրեղավանի այդ հատվածում էլի մի քանի բնակիչների այգիներ են ոչնչացվել եւ տեղում խանութներ կառուցվել:

Այս բողոքի առնչությամբ մի քանի օր շարունակ «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ Բյուրեղավանի քաղաքապետարանի պատասխանատուներից, սակայն որեւէ պաշտոնյայի հետ հնարավոր չեղավ հեռախոսով կապվել, քանի որ քաղաքապետարանի բոլոր հեռախոսները պարտքի պատճառով անջատված էին: Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանի բջջային հեռախոսը նույնպես երեկ ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում:

«Առավոտը» պատրաստ է տպագրել նաեւ քաղաքապետարանի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել