Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մայիս 06,2008 00:00

\"\"Բերբերյանը նույնպես կմեկնի Պեկին

Վարշավայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսին Չինաստանում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը: Նա Լեհաստանի մրցագորգում տարավ հինգ հաղթանակ, այդ թվում նաեւ բացարձակ 3-րդ տեղի համար եւ մեր ազատ ոճայինների համար ապահովեց օլիմպիական երրորդ վարկանիշը:

Այս շաբաթվա վերջին Իտալիայում մեկնարկելու է հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու նախավերջին վարկանիշային մրցաշարը, որտեղ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր քաշային կարգում մասնակիցներին կբավարարի անգամ երկու երրորդ տեղերից մեկը: Հռոմում մեր հունահռոմեականների ունեցած երկու ուղեգրերին, որ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել էին Արման Ադիկյանը՝ 66 կգ քաշային կարգ, եւ Յուրի Պատրիկեեւը՝ 120 կգ, նորերը ավելացնելու համար մրցագորգ են մտնելու Ռոման Ամոյանը՝ 55 կգ, Խոսրով Մելիքյանը՝ 60, Արսեն Ջուլֆալակյանը՝ 74, Դենիս Ֆորովը՝ 84, Արման Գեղամյանը՝ 96 կգ քաշային կարգ:

Աշխարհի գավաթի երեք ուղեգիր

Պլովդիվում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական 9-րդ առաջնությունը, որտեղ, չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելուց բացի, խաղարկվում էին նաեւ 2009 թվականի վերջին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր:

Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Հոլանդիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Տիվյակովը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Ցավոք, մեր հանրապետության տղաներն ի վիճակի չեղան պայքարել մրցանակային տեղերից որեւէ մեկի համար: Բայց դրա փոխարեն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեց՝ դրա համար պայքարում հաղթելով իր թիմակից Վլադիմիր Հակոբյանին: Սակայն Վլադիմիրը նույնպես կարող է ուղեգրի արժանանալ շնորհիվ իր բարձր վարկանիշի: Բայց դա դեռ հետագայի խնդիր է:

Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը հիմնական մրցաշարի ավարտին 8,0 միավորով բաժանեց 2-7-րդ տեղերը եւ, ըստ կանոնակարգի, նույնպես աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեց: Ավելի ուշ նրան միացավ նաեւ Էլինա Դանիելյանը, որը այդ իրավունքը նվաճեց թայ բրեքում:

Մեկնարկը խոստումնալից էր

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, որը գլխավորում է Արմեն Գյուլբուդաղյանցը, մայիսի 3-ին Իտալիայում անցկացվող միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում մեկնարկային խաղում 4:1 խոշոր հաշվով հաղթեց տեղի «Մոնցա» ակումբի իր հասակակիցներին: Մեր երիտասարդները նույն մրցաշարում երեկ հանդիպեցին նույն տարիքային խմբի «Վիչենցայի» թիմի հետ:

Այսօր՝ Ալեքսանդր Աբրահամ-Մեհդի Ազրի

IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդր Աբրահամը, որ հանդես է գալիս առաջին միջին քաշային կարգում, այսօր Ֆրանսիայում վեց ռաունդից բաղկացած վարկանիշային մենամարտ է անցկացնելու տեղացի բռնցքամարտիկ Մեհդի Ազրիի հետ: Ալեքսանդրը վերջին մարտն անցկացրել էր փետրվարի 16-ին՝ Նյուրնբերգում, միավորներով պարտության մատնելով նույնպես ֆրանսիացի Շուքրի Ենթուրին: Այն ժամանակ նա հայտարարել էր. «Իհարկե, բավարարված եմ, քանի որ հաղթեցի: Բայց վստահ եմ, որ կարող եմ ավելի լավ մենամարտել: Մինչեւ այս մենամարտը տեւական ընդմիջում եմ ունեցել, դրա համար էլ ինքնավստահությունս մի փոքր պակասել էր: Սակայն ամեն մարտից հետո այն ավելանում է: Նյուրնբերգից հետո ծնկիս եւ մեջքիս հետ կապված խնդիրներ էին առաջացել: Դրա համար էլ նախապատրաստական փուլն այնքան էլ երկար չի տեւել: Այդուհանդերձ, լավ կանխազգացողություն ունեմ եւ վստահ եմ, որ կարող եմ իմ ոճով հանդես գալ: Այո, մրցակիցս ելույթ է ունենում հարազատ հարկի տակ եւ անպայման կձգտի հաղթանակի: Բայց երբ ես լավ մարզավիճակում եմ, ոչ ոքից չեմ վախենում»:

Մայք Թայսոնը փախել է Աբրահամից

Խոսքը ոչ թե լեգենդար բռնցքամարտիկի մասին է, այլ նրա անունը կրող ճագարի, որին IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հինգ տարի պահում էր իր տանը: Այս տխուր լուրն Աբրահամն առավ Շվեյցարիայում, որտեղ նա ներկայումս նախապատրաստվում է կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ անչափ պատասխանատու ռեւանշ մրցամարտին: «Գուցե նա մոլորվե՞լ է Բեռլինի իմ տան այգում,- անհանգստացել է Արթուրը:- Համենայնդեպս, հուսով եմ, որ աղվեսի բաժին չի դարձել»:

Աբրահամը խոշոր փոխհատուցում է նշանակել իր երկարականջ բարեկամին գտնողին: Նա խոստացել է ապահովել հունիսի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք իր մենամարտին նրա ներկայությունը՝ անձամբ վճարել ճանապարհածախսը, հյուրանոցի եւ սննդի վարձը եւ մենամարտի տոմս տրամադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել