Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»

Մայիս 09,2008 00:00

\"\"Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան

աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու միջոցով:

Հայաստանի մաքսային եւ հարկային վարչարարությունը, ըստ էության, չի նպաստում, որպեսզի արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող գործարարները կարողանան առանց խնդիրների զարգացնել իրենց բիզնեսը: Մաքսային պետական կոմիտեն մշտապես խնդիրներ է ստեղծում ապրանքների մաքսազերծման ժամանակ, Հարկային պետական ծառայության իրականացրած հարկահավաքման մեխանիզմի արդյունքում էլ գերհարկվում են ազնիվ գործարարները, իսկ անբարեխիղճ ու, որպես կանոն, մաքսանենգ ճանապարհով ապրանքներ ներմուծողները «վրիպում» են հարկայինի աչքից:

Մեր երկրում բիզնեսով զբաղվող տասնյակ գործարարների հավաստմամբ, իրենք հիմնականում առանց որեւէ դժվարության կարողանում են «լեզու գտնել» ու ապրանքներ ձեռք բերել նույնիսկ օտարերկրյա ամենահեղինակավոր ընկերություններից, սակայն Հայաստանի սահմանի վրա մաքսավորներն այնքան խնդիրներ են ստեղծում ու այնքան փաստաթղթեր են պահանջում, որ ցանկացած ապրանքի ներկրումը դառնում է չափազանց դժվար: Բացի այդ, գործարարների հավաստմամբ, տասնյակ լրացուցիչ փաստաթղթերի համար բավականին շատ ժամանակ ու գումար է ծախսվում, որի արդյունքում էլ հավելյալ բարձրանում է տվյալ ապրանքի գինն ու սպառողին հասնում ինքնարժեքից բազմապատիկ թանկ գնով: Համակարգչային ու կենցաղային տեխնիկայի բիզնեսով զբաղվող մի քանի գործարարներ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրին, որ մաքսատան տեսուչներն ու վերահսկող մարմիններն առանց որեւէ հիմնավորման եւ ապացույցի, հաշվի չեն առնում տվյալ ապրանքի ձեռքբերման համար վճարած արժեքը հավաստող փաստաթուղթը կամ, այլ կերպ ասած՝ հաշիվ-ապրանքագիրը, եւ մաքսազերծումը կատարում են ոչ թե հաշվի առնելով այն գինը, որ իրենք փաստացի վճարել են տվյալ ապրանքի համար, այլ այն, ինչը իրենք հարմար են գտնում:

Ըստ գործարարների. «Մաքսատան ղեկավարությունը արդեն նախապես որոշել է, թե կոնկրետ որ ապրանքի մաքսազերծման համար ինչքան պետք է վճարել, ու որքան էլ փորձես ապացուցել, որ դու ապրանքը գնել ես ոչ թե կոնկրետ արտադրող ընկերությունից, այլ մի 2-րդ կամ 3-րդ անձից՝ օգտագործված վիճակում, կամ այն գնել ես զգալի զեղչերով, միեւնույն է, դա մաքսայինի աշխատակիցների համար որեւէ նշանակություն չունի»: Համակարգչային տեխնիկայի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Կոմպմարկետ» ընկերության տնօրեն Գագիկ Ջուլհակյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ օրերս ապրանքի ներմուծման ժամանակ, դրսում ընդամենը 28 դոլարով ձեռք բերված համակարգչային աքսեսուարը ստիպված է եղել մաքսազերծել 120 դոլարով, քանի որ մաքսայինում պարզապես չեն հավատացել նրա ներկայացրած ինվոյսային արժեքին ու պնդել են, որ մաքսազերծման համար հիմք է այն գինը, որն իրենց մոտ նշված է: Ստացվում է, որ ներկրողը կարող է իզուր ժամանակ ու նյարդեր վատնել արտերկրում՝ հնարավորինս էժան գնով ապրանք ձեռք բերելու համար, սակայն Հայաստանում ստիպված կլինի այն մաքսազերծել ինքնարժեքից հնգապատիկ թանկ գնով:

Գ. Ջուլհակյանը մեզ հետ զրույցում ասաց նաեւ, որ շատ հաճախ խնդիրներ են առաջանում՝ կապված ապրանքների պահեստավորման հետ: Նրա խոսքերով. «Շատ հաճախ ներկրված ապրանքի համար այնքան փաստաթղթեր են պահանջում, որ դրանց ձեռքբերման համար տասնյակ օրեր են պահանջվում, իսկ ապրանքն էլ օրերով մնում է մաքսային պահեստներում ու մեզ համար լրացուցիչ ծախսեր առաջացնում»:

Ըստ Գ. Ջուլհակյանի, Մաքսային կոմիտեն այլ տարբերակ չունի ու պետբյուջեից իրենց վրա դրված պլանը կատարելու համար ստիպված նեղում է գործարարներին: «Սինոփսիս» ընկերության փոխտնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքերով էլ՝ միշտ կա այն մտավախությունը, որ մաքսատանն այնքան հարկեր ու տուրքեր կվերցնեն, որ պարզապես կթալանեն գործարարին: Նրա խոսքերով. «Փոխանակ նպաստելու, որ մեր երկրի ներմուծող եւ արտահանող ընկերությունները կարողանան նորմալ դաշտում աշխատել, մեզ մաքսայինը որակում է որպես աֆերիստներ ու ստախոսներ ու բացահայտ կասկածում մեր ներկայացրած հաշիվ-ապրանքագրին»: Գործարարների ներկայացմամբ, մաքսայինի սխալ վարչարարության հետեւանքով, իրենք դրսում խնդիրներ են ունենում շատ հանրահայտ արտադրողների հետ, քանի որ մաքսայինի աշխատակիցները անգամ չեն հավատում 17-18 միլիարդ եվրոյի տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունների տրամադրած հաշիվ-ապրանքագրերին:

Այս առնչությամբ Մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային կարգավորման բաժնի պետ Ալբերտ Հարությունյանն «Առավոտին» պարզաբանեց, որ երբ տվյալ գործարարը ներկայացնում է Մաքսային օրենսգրքի 87 հոդվածին համապատասխանող բոլոր փաստաթղթերը, ապա մաքսազերծման ժամանակ որեւէ խնդիր չի առաջանում: Նշենք, որ համաձայն վերոնշյալ հոդվածի, մաքսազերծումը կատարվում է գործարքի գնով, այսինքն այնքանով, ինչ գնով որ ապրանքը գնվել է արտերկրում: Ըստ Ա. Հարությունյանի, դժվար է նաեւ միանշանակ հավատալ բոլոր ներկրողների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերին, քանի որ եղել են տասնյակ դեպքեր, երբ մաքսատանը ներկայացվել են ոչ արժանահավատ փաստաթղթեր: Մասնավորապես, պարոն Հարությունյանի տեղեկացմամբ, ներկրողը բերել է հաշիվ-ապրանքագիր, որտեղ նշված է եղել, որ տեսախցիկն արտադրողից գնվել է 2 դոլարով: Ա. Հարությունյանի տեղեկացմամբ, հաշիվ-ապրանքագրերը հաճախ կասկածի տեղիք են տալիս նաեւ այն դեպքում, երբ միեւնույն ժամանակահատվածում՝ նույն ապրանքը նույն երկրից 3 տարբեր ընկերություններ բերել են բոլորովին տարբեր գներով: Ա. Հարությունյանի խոսքերով, վերջերս «Կոմպլայն», «Կոմպմարկետ» եւ «Յունիքոմփ» ընկերությունները Արաբական Միացյալ Էմիրություններից միաժամանակ բերել են նույն ապրանքը նույն արտադրողից ու մաքսատանը ներկայացրել են իրարից բոլորովին տարբեր հաշիվ-ապրանքագրեր:

Նկատենք, որ այս կամ այն ապրանքի թանկ մաքսազերծման համար տուժողը սպառողն է, քանի որ, միեւնույն է, գործարարն այդ գումարը ավելացնում է վաճառվող ապրանքի արժեքին եւ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ըստ էության, վճարում է սպառողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել