Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԼԱ՛Վ ԵՂԵՔ

Մայիս 13,2008 00:00

Ծաղկաձորյան սեմինարի ժամանակ խորհուրդ տվեց ճանաչված կինոգետ Կիրիլ Ռազլոգովը

Մայիսի 9-11-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կայացավ «Ժամանակակից կինոքննադատության առանձնահատկություններն ու խնդիրները» թեմայով սեմինար՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների, Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլոց, հրավիրված էր նաեւ Մոսկվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կիրիլ Ռազլոգովը:

Նա խոսեց ոչ միայն ժամանակակից կինոքննադատության առանձնահատկությունների, այլեւ կինոլրագրության ու փառատոների լուսաբանման մասին: Յուրօրինակ էքսկուրս կատարելով դեպի «Եվրոպայից փախած հրեաների կողմից հիմնված մեծ Հոլիվուդ» (գեղարվեստական առումով), նա նշեց, որ հիմա էլ Հարավ-Արեւմտյան Ասիայի երկրներն են այնտեղ ստեղծում նորհոլիվուդյան կինո: Ռազլոգովը հիշեց, թե ինչպես էր ԽՍՀՄ նախկին հանրապետություններում խորհրդային ռեժիմի փլուզումից հետո մի տեսակ վարկաբեկվել կինոն եւ անգամ մեկ շնչի հաշվարկով հաճախելիությունը կինոդահլիճ՝ հասել ընդհուպ 0,091 տոկոսի: Եվ դա այն դեպքում, երբ աֆրիկյան երկրներում սկսել էին գիտակցել, թե որքան շահավետ է «կինո անելը»: Ըստ բանախոսի, ավելի ուշ Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում հանդիսատեսին դահլիճ բերելու համար դիմեցին այլ «հնարքների»՝ նկատի ունենալով, որ չկա գրաքննություն եւ կարելի է ցուցադրել ամեն ինչ՝ սկսած մերկ մարմիններից: Բայց դա էլ չօգնեց:

Իր երկրի օրինակով Ռազլոգովը կրկին փաստեց, որ հետագայում գտնվեցին կազմակերպություններ ու մարդիկ, որոնք ստեղծեցին մոդեռն կինոդահլիճներ: Դրանցից որոշների «համակարգում» սրճարաններ կային, որտեղ մի բաժակ սուրճ վայելելուց զատ, կարելի էր նաեւ ֆիլմ դիտել: Իսկ այդպիսի հնարավորություն ուներ որոշակի խավ, որովհետեւ տոմսերը սկսվում էին 10-15 դոլարից: Այսպես կոչված՝ VIP-սրահներում էլ դրանք արժեին 100-150 դոլար: Այժմ ՌԴ-ում հին ու բարի ժամանակների նման ամոթ չէ սիրելի մարդուն կինո հրավիրելը: Եթե Հայաստանում ընդամենը 2 նորմալ կամ հայաստանյան չափանիշներով մոդեռն համարվող կինոթատրոն կա, ապա Ռուսաստանում դրանք մեծաթիվ են: Ռազլոգովի փոխանցմամբ, իրենց մոդեռն կինոթատրոնների հաճախորդների գերակշիռ մեծամասնությունը ապահովված ընտանիքների զավակներն են, «էլիտար» երիտասարդներ, որոնք ուշ սեանսների են գալիս հիմնականում հետեւյալ նպատակով՝ ֆիլմ են դիտում, սպասելով մինչեւ կբացվեն խաղատները: Ըստ Ռազլոգովի, որոշ երիտասարդներ էլ էլիտարության իրենց ընկալումն ունեն՝ կարող են «փակել» ողջ կինոդահլիճը իրենց ընկերուհու հետ եւ դրանից «կայֆ ստանալ»: Անվանի կինոգետի հավաստիացմամբ, հիմնականում այդ վիճակն է ՌԴ խոշոր քաղաքներում, բայց ո՛չ գավառներում, որովհետեւ. «Մոսկվայի ու Ռուսաստանի գավառների միջեւ տարբերությունը նույնն է, ինչ Ռուսաստանի ու Հայաստանի»: Մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրենը իր հայրենիքը համարում է կինոտերություն եւ նշում, որ ՌԴ-ում ցուցադրվում են բոլոր լավագույն ֆիլմերը, որոնք դիտում ու արժեւորում է ողջ աշխարհը: Ի դեպ, ՌԴ բյուջեով 1 մլրդ դոլար է հատկացվում կինոարտադրությանը եւ այնպիսի քաղաքականություն է տարվել, որ ռուսական հեռուստասերիալները դուրս են մղել արտասահմանյանը:

Խոսելով կինոաշխարհի արդի միտումներից, մասնագետը նկատեց՝ քանի որ կինո նկարելը արդեն շահավետ է ու հարգի, աշխարհի լավագույն համալսարաններում բացվել են կինոֆակուլտետներ: Հայաստանյան «Ոսկե ծիրանը» տարածաշրջանում միջին հեղինակության եւ արդեն կայացած կինոփառատոն համարող Ռազլոգովը նշում է, որ ԱՄՆ-ը շուրջ 2000 կինոփառատոն ունի, Ռուսաստանը՝ 60, Ֆրանսիան՝ 300-400, որից 200-ը՝ միայն Փարիզում: «Ճիչերն ու աղմուկ-աղաղակը, թե հիմա մշակութային եւ մասնավորապես կինոճգնաժամ է, իրականությանը չեն համապատասխանում,- ասում է Ռազլոգովը ու հավելում,- փառատոների եւ էքսպերտների դերն ահռելի է այն առումով, որ իրենք են որոշում, թե ինչն է լավ եւ ինչը՝ վատ»: Մի հետաքրքիր նկատառում էլ ըստ բանախոսի. «Եթե աշխարհի խոշոր եւ հեղինակավոր փառատոներում պատվավոր հյուրերի թվում մեծ տեղ են զբաղեցնում մամուլի ներկայացուցիչները, ապա գավառական փառատոներում՝ աստղերը: Վերջին հաշվով, մամուլից է կախված, թե ինչ ռեզոնանս կունենա փառատոնը իր հայրենիքում եւ ողջ աշխարհում, այնպես որ, պետք է լավ հարաբերություններ ձեւավորել ԶԼՄ-ների հետ»: Խոսելով կինոքննադատության մասին, արվեստաբանն ասաց, որ այն այլեւս էկզոտիկ զբաղմունքի է վերածվել եւ «մասսայական բնավորություն չունի»:

Ինչ վերաբերում է կինոփառատոների լուսաբանմանը, անվանի կինոգետը համոզվել է, որ բոլոր երկրներում էլ հետեւյալ միտումն է նկատվում. ԶԼՄ-ներն ավելի շատ ուշադրություն են դարձնում կինոփառատոների հյուրերի հագուկապին ու զարդեղենին, քան ֆիլմերի վերլուծություններին: Ռուսաստանցի լրագրողները Ռազլոգովին հաճախ են դժգոհում, որ իրենց խմբագիրները թույլ չեն տալիս «ծանրանալ» կինոյի վրա, պատճառաբանելով, որ ընթերցողին ու հեռուստադիտողին ավելի շատ ինտրիգներն են հետաքրքրում: Դրա համար էլ լրագրողները, օրինակ, ֆիքսել էին, թե ինչպես մի փառատոնի բացմանը Սթիվեն Սիգելը ժամանել էր իր չեչեն «ախպերության» «Համմերով»: Իսկ անձամբ իր ընկերոջից Ռազլոգովը լսել է, թե ինչպես է վիրավորված Սոֆի Մարսոն ցանկացել հեռանալ Մոսկվայի կինոփառատոնից, նրան փորձել են կանգնեցնել փառատոնի հովանավոր բիզնեսմենները՝ նետելով. «Քած, էդ ո՞ւր ես գնում, հապա հետ տուր մեր փողերը»: Ասում են, Ս. Մարսոն այդ փառատոնի վրա 100000 եվրո էր «նստել»: Ռազլոգովի խոսքով, այս առումով «ամենածախուն» Կատրին Դենյովն է՝ մինչեւ 50000 եվրո չեն վճարում՝ իր ներկայությամբ չի պատվում որեւէ բարձրաշխարհիկ միջոցառում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել