Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանի կառավարությունում ՀՅԴ-ն տեղ չունի

Մայիս 21,2008 00:00

Ուստի դարձել է ընդդիմություն

Այսօր տեղի է ունենալու Հայ Հեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի բացումը, ուր որոշվելու է աշխարհասփյուռ դաշնակցականների առաջիկա 4 տարիների ռազմավարությունը: Այս առիթով Հայաստան են ժամանել նաեւ Լիբանանի ՀՅԴ կենտրոնի ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյանը եւ Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Վերջիններս երեկ «Հայելի» ակումբում հանդիպեցին լրագրողներին:

Հ. Մխիթարյանը նախ անդրադարձավ վերջին 3 տարիներին Լիբանանում ծավալվող քաղաքական իրադարձություններին, տեղի հայերի մասնակցությանը դրանց եւ Լիբանանի ներկայիս վիճակին. «Այսօրվա կացությամբ երկիրը բնականոն վիճակի մեջ է եւ ապահով է, թեեւ դեռ ընտրված նախագահ չունի: Ցանկալի է, որ նախագահ դառնա բանակի հրամանատարը: Լիբանանն ունի ընդամենը նախարարների խորհուրդ, որի իրավացիությունը, դժբախտաբար, ընդդիմությունը հարցականի տակ է դրել: Կարեւոր է նաեւ ընտրական օրինագծի ընդունումը, որը դեռ չկա: Ղեկավարության մեջ էլ ներկայացված են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը»: Ըստ բանախոսի, Լիբանանի այն շրջաններում, ուր այժմ ապրում են հայերը, վիճակը համեմատաբար կայուն է, որոնց ապահովության համար խորհրդակցել են Լիբանանի հայ-ազգային 3 կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն եւ ՌԱԿ-ը: Հ. Մխիթարյանը հայտնեց, որ լիբանանահայ դաշնակցությունն իր կենսագրության մեջ առաջին անգամ դարձել է ընդդիմադիր, իսկ մյուս երկու կուսակցությունները իշխանամետ ուժերին են հարում. «Սակայն մի բան հաստատ կարելի է ասել, որ 3 կուսակցություններն էլ լիբանանահայության միասնականության հարցում սկզբունքային դիրքորոշումներ են որդեգրել»: Հ. Մխիթարյանի այս գնահատականին Շ. Գանտահարյանն ավելացրեց. «Տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց երբ հայ ժողովրդի անվտանգության եւ ճգնաժամային խնդիրներ են լինում, մենք հավաքական ենք դառնում: 3 կուսակցություններն էլ ճգնաժամի հանգրվաններում գիտեն, որ պետք է վեր դասել համայնքի անվտանգության շահերը, չնայած տարբեր քաղաքական հայացքներին»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կարելի է հիմնավորել ՀՅԴ-ի ներկայիս ընդդիմադիր կեցվածքը Լիբանանում, Հ. Մխիթարյանը պատասխանեց. «Կա խնդիր, որը կապված է կառավարության առաջին կարգի պաշտոնյաների նշանակման հետ: Կառավարությունում ՀՅԴ-ն մերժվեց իշխանությունների կողմից: Այդ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ մենք կարող ենք ընդդիմության մաս կազմել, եթե լինենք կառավարության կազմում: Մի տեսակ անվստահություն կա մեր հանդեպ: Ընդհանուր առմամբ ընդդիմադիր լինելու պատճառը հայ համայնքի իրավունքների սահմանափակումն է»:

«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե լիբանանահայությունն ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներին եւ մարտի 1-ի վայրագություններին, Շ. Գանտահարյանը սահմանափակվեց այսքանով. «Լիբանանահայությունը հետեւեց իրադարձություններին, քաղաքական գնահատականներին ու մեկնաբանություններին եւ հատկապես մարտի 1-ի դեպքերից մտահոգ էր: Բարեբախտաբար, հիմա վիճակն ավելի նորմալ է»: Իսկ մեկ այլ լրագրողի հարցին, թե հավանո՞ւմ են Հայաստանի դաշնակցության գործունեությունը, Շ. Գանտահարյանը պատասխանեց. «Կարող են լինել որոշ մտահոգություններ, որոնք կարելի է ժողովրդավարության սահմաններում քննարկել»: Վերջինս իրազեկեց նաեւ, որ վերջին տարիներին լիբանանահայերի մեծ արտագաղթ չի գրանցվել՝ չբացառելով, որ քաղաքական հնարավոր լարվածության ու ցնցումների դեպքում՝ արտագաղթը, հատկապես երիտասարդության շրջանում, մեծ թափ կստանա: Ըստ հյուրերի, այսօր Լիբանանում հայ համայնքի մոտավոր թվաքանակը 140000 է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել