Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն, որ նվիրում է Գագիկ Ծառուկյանը

Մայիս 27,2008 00:00

\"\"Մայիսի 24-ին Աբովյանում տոն էր։ Տոն, որ արդեն 9-րդ տարին է՝ քաղաքին նվիրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Այս տարի եւս Աբովյան քաղաքի շրջանավարտները վստահ էին, որ իրենց քաղաքի պատվավոր քաղաքացին ու սիրելի պատգամավորը Վերջին զանգի նվիրական օրը լինելու է իրենց հետ, կիսելու է իրենց հոգսերն ու անմոռանալի օր է նվիրելու։ Որովհետեւ բոլորը գիտեն՝ Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է, եւ շրջանավարտներին գեղեցիկ ու հիշարժան տոն նվիրելու ավանդույթը՝ շարունակական։ Դեռ մինչեւ Վերջին զանգի օրը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից Աբովյան քաղաքի բոլոր 901 շրջանավարտները արդեն ստացել էին գումար՝ Վերջին զանգի նախապատրաստության համար, որպեսզի իրենց կյանքի այդ անմոռանալի օրը ոչ մի բանի կարիք չզգան եւ անհոգ հրաժեշտ տան սիրելի դպրոցին։

Եվ ահա մայիսի 24-ին Աբովյանի քաղաքապետարանին հարող հրապարակում հավաքված Աբովյանի եւ հարակից որոշ համայնքների շրջանավարտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները, բոլորը մեկտեղվել էին՝ միասին նշելու Վերջին զանգը։ Ներկաների ուրախությունն ու հուզմունքը կրկնապատկվեց, երբ շրջանավարտներին շնորհավորելու, կարեւոր այդ օրը նրանց հետ անցկացնելու եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Սիրելի տասներորդցիներ. այսօր հնչեց ձեր Վերջին զանգը։ Հարազատ դպրոցն ու սիրելի ուսուցիչները այլեւս մնալու են ձեր ամենագեղեցիկ ու նվիրական հուշերում։ Հետո արդեն, երբ կդառնաք հասուն մարդիկ եւ ձեզանից յուրաքանչյուրը կունենա իր ընտանիքը, ընտրած կլինի կյանքի իր ճանապարհը՝ դպրոցը, ձեզ ճշմարտության առաջին դասեր տված ուսուցիչներն ու դպրոցական ընկերները կդառնան ձեր հիշողության լուսավոր էջերը։ Վերջին զանգը նաեւ ազդարարում է նոր սկիզբ՝ դեպի մեծ կյանք, եւ փակելով ձեր կյանքի առաջին այս էջը՝ դուք բացում եք դուռը դեպի հասունություն։ Ես շնորհավորում եմ ձեզ նոր կյանք մտնելու կապակցությամբ եւ ուզում եմ, որ դուք դառնաք մեր երկրի համար պիտանի քաղաքացիներ, որովհետեւ դուք եք մեր երկրի ապագան ու մեր վաղվա օրվա հենասյուները։ Իսկ մենք մեր փորձառությամբ, մեր խորհուրդներով եւ մեր օժանդակությամբ միշտ կլինենք ձեր կողքին։ Ասում են՝ Վերջին զանգի հնչյունների տակ պահած նվիրական բոլոր երազանքները իրականանում են։ Ես մաղթում եմ ձեր բոլոր երազանքների եւ ցանկությունների իրականացում»,- շրջանավարտներին մաղթեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը, ու մինչ ուշ երեկո Աբովյան քաղաքում շարունակվեց աստղային համերգը, որի ավարտին քաղաքի երկինքը լուսավորվեց շքեղ եւ գունեղ հրավառությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել