Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԱԾ ԵՆ

Մայիս 29,2008 00:00

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին, ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին եւ ՀՀ մյուս քաղբանտարկյալներին սատարելու նպատակով մեկ օր է՝ ինչ 51 քաղաքացի հացադուլ է հայտարարել Գյումրիի ԵԿՄ գրասենյակում եւ Պարոնյան 3 հասցեի սեփական տանը:Տեղեկացնենք, որ նրանցից 16-ը հաշմանդամ է, 12-ը՝ ազատամարտիկ, 4-ը՝ շարքային քաղաքացի: Հացադուլավորների մեջ կա 77-ամյա մի կին: Շիրակի մարզի առողջապահության վարչությունը հարկ չի համարել բժշկական որեւէ խումբ ուղարկել: Ըստ հացադուլավորների, մարզի որեւէ պատասխանատու կառույց իրենցով չի հետաքրքրվել: Սակայն ազատամարտիկներին առավել զայրացրել է այն, որ նախորդ օրը՝ դատարանում հացադուլ հայտարարելու պահին, իրենցից քսան մետր հեռավորության վրա գտնվող Գյումրիի ակադեմիայում կառավարական պարգեւներ էին հանձնում Շուշիի ազատագրմանը մասնակցած որոշ ազատամարտիկների: Այս կապակցությամբ «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի եղբայրը՝ Արմեն Զաքարյանը «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. «Շատ վրդովված ենք, որ այդ միջոցառումը լուսաբանելիս ցուցադրվում են կադրեր «Կումայրի» ջոկատի մարտական գործողություններից, այսինքն՝ հացադուլավորներիս մարտական գործողությունները վերագրում են պարգեւատրվող ազատամարտիկներին: Իբր ի՞նչ են ուզում ասել, թող այդպիսի ճղճիմ քայլերով չփորձեն հավատացնել, թե ազատամարտիկներին գնահատում են, եթե այդպես է, թող բարի լինեն հայրենիքի համար արյուն թափածների հետ այսպես ստորաբար չվարվել»: Ի դեպ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսելով ազատամարտիկների պատվին ճոխ տոնակատարություն կազմակերպելու փաստը՝ ներկաներից մեկը նկատեց. «Հայրենիքի պաշտպաններին է՞լ են բաժանում իշխանավորների ու ընդդիմադիրների, կյանքումս առաջին անգամ եմ լսում, ինչպե՞ս հասկանանք՝ պարգեւատրվողները հայրենիքի համար ավելի լավ են կռվել, քան հացադուլավորնե՞րը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել