Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը

Մայիս 31,2008 00:00

Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերն ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել առավելապես քվեարկությունից հետո: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հրապարակված վերջնական զեկույցում:

«Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական եւ քվեարկության շրջանում՝ լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ պարտավորությունների առնչությամբ, մասնավորապես, ընտրության օրվանից հետո»,- նշված է զեկույցում, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում: Այնուհետեւ զեկույցն արձանագրում է. «Դա անբավարար հարգանքի դրսեւորում էր ժողովրդավարական ընտրությունների հիմնական չափանիշների նկատմամբ, ինչն արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը: Հատկապես ձայների հաշվարկի գործընթացում ի հայտ եկան թափանցիկության եւ հաշվետվության թերություններ, իսկ բողոքարկման գործընթացները լիարժեք արդյունավետ չէին»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունների մոնիտորինգ է իրականացրել 44 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցությամբ՝ ներկայացված ԵԱՀԿ անդամ շուրջ 40 պետություններից: Զեկույցը գնահատում է ընտրական գործընթացները ԵԱՀԿ պարտավորությունների, այլ միջազգային չափանիշների եւ ազգային օրենսդրության համապատասխանության տեսանկյունից:

«Հայաստանում առկա են հիմնավոր իրավական հիմքեր՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. մեր զեկույցում առանձնացված թերությունները ծագում են առկա օրենքների եւ կանոնների արդյունավետ եւ անկողմնակալ գործադրման վճռականության պակասի արդյունքում»,- հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Քրիսթիան Շթրոհալը՝ հավելելով. «Հայաստանի ընտրական համակարգը պահանջում է ոչ այնքան հետագա տեխնիկական կամ իրավական բարեփոխումներ, որքան անհարկի պետական միջամտությունից զերծ եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական ընտրական գործընթացին իշխանությունների (բոլոր մակարդակներով), ինչպես նաեւ այլ քաղաքական դերակատարների իրական նվիրվածություն»:

«Զեկույցը ներկայացնում է նաեւ կոնկրետ առաջարկություններ Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման ուղղությամբ՝ ներառյալ ընտրական գործընթացներում հասարակական վստահության պակասի հետ կապված միջոցառումներ՝ բոլոր քաղաքացիների համար ապահովելու ուժի գործադրումից եւ ահաբեկումից զերծ քվեարկություն եւ հաստատելու հստակ սահմանազատում պետական կառույցների եւ իշխող քաղաքական կուսակցության միջեւ»,- նշված է ԵԱՀԿ-ի հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել