Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՈԼԱՆԻ ՀԱՄԱՐ

Մայիս 31,2008 00:00

Իսրայելի հանրությունն ընդդիմանում է վարչապետին՝ նրան մեղադրելով «մինչեւ կոկորդը» կոռումպացված լինելու մեջ

Անցած շաբաթը մերձավորարեւելյան ճգնաժամի համատեքստում նշանավորվեց Իսրայելի եւ Սիրիայի միջեւ սկսված աննախադեպ բանակցություններով: Այս երկու պետությունները, որոնք ոխերիմ թշնամիներ են՝ սկսած 1981 թվականից, երբ Իսրայելն օկուպացրեց Սիրիայի տարածքում գտնվող Գոլանի բարձունքները, երբեւէ այս հարցի շուրջ, առնվազն հրապարակայնորեն, խաղաղ բանավեճ ծավալելու փորձ չէին արել: Մի քանի օր առաջ արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Ալոն Լիելը հայտարարել էր, որ Թուրքիայի միջնորդությամբ սկսված այդ բանակցությունների մեկնարկին Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը պարտավորվել է խնդրո առարկա տարածքներից ամբողջությամբ դուրս բերել իր երկրի զինված ստորաբաժանումները, եթե, իհարկե, սիրիական կողմը պատրաստակամություն հայտնի կատարել Թել-Ավիվի առաջադրած պայմանները: Ըստ Լիելի, կողմերի միջեւ սկսված բանակցություններն առաջիկայում կարող են շարունակվել Թուրքիայում: Նրա խոսքերով, Թել-Ավիվ-Դամասկոս ոչ պաշտոնական շփումներում արտասովոր ոչինչ չկա, եւ այդպիսիք վերջին երեք տարիների ընթացքում տեղի են ունեցել Թուրքիայում, Շվեյցարիայում, Բելգիայում եւ ԱՄՆ-ում:

Չնայած Իսրայելի արտգործնախարարության նախկին պաշտոնյայի այս պնդումներին, ավելի ուշ վարչապետ Էհուդ Օլմերթը իսրայելական լրատվամիջոցներին հայտնեց, որ ինքը Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու հետ կապված որեւէ նախնական խոստում չի տվել: Այդուհանդերձ, վարչապետը խոստովանեց Դամասկոսի պաշտոնական ներկայացուցիչների հետ անուղղակի շփումներ ունենալու փաստն ու հաստատեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում Թուրքիայում կարող է տեղի ունենալ բանակցությունների նոր փուլ:

Մեկնաբանելով Թել-Ավիվ-Դամասկոս բանակցությունների փաստը, Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնին հայտարարել է. «Մեր երկիրը ցանկանում է խաղաղ ապրել իր հարեւանների հետ, սակայն Սիրիան էլ, իր հերթին, պետք է դադարեցնի «Հզբոլլահ» եւ «Համաս» ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելը եւ, անշուշտ, Դամասկոսը պետք է հեռու մնա Իրանի հետ խնդրահարույց ու կասկածելի կապեր ունենալուց»: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը եւս հանդես է եկել այս հարցի շուրջ հրապարակային մեկնաբանություններով: Նա, մասնավորապես, նշել է, որ Սիրիայի հետ վերջնական խաղաղության հասնելու գործընթացը շատ երկար է լինելու եւ երկու կողմերից պահանջելու է «շատ ցավոտ փոխզիջումներ»:

Ինչպես եւ կարելի էր սպասել, այս իրադարձություններն Իսրայելի բնակչության կողմից միանշանակ չեն ընդունվել: Ավելին, մի շարք սոցհարցումների արդյունքներով՝ իսրայելցիների գերակշիռ մասը կտրականապես դեմ է արտահայտվել Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու հնարավորությանը: Այս հարցով հանրության տարբեր շրջանակներում ընթացող բանավեճերը վերջին օրերին այնքան են թեժացել, որ Իսրայելի խորհրդարանում (Կնեսեթ) շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, համաձայն որի՝ Գոլանի ճակատագիրը կարող է որոշվել միան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի (80 մարդ) քվեարկությամբ: Տեղի փորձագետների պնդմամբ, ի շարս եղած առաջարկների, իբրեւ կարգավորման միակ հնարավոր տարբերակ է քննարկվում օկուպացված տարածքների համատեղ օգտագործման վերաբերյալ երկարաժամկետ միջպետական պայմանագրի կնքումը, եւ ոչ ավելին:

Սակայն, նույնիսկ նման փոխզիջումային մոտեցումը լուրջ հակազդեցություն է առաջացրել Իսրայելի քաղաքական գործիչների շրջանում: Այսպես. «Լիկուդ» կուսակցության նախագահ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իր կուսակցության հաղթանակի դեպքում «Լիկուդն» իրեն ամենեւին էլ պարտավորված չի համարի կատարել ներկայիս կառավարության ստանձնած պարտավորությունները: Նաթանյահուն (ի դեպ, ինչպես եւ Իսրայելի շատ ուրիշ քաղաքական գործիչներ) Օլմերթին մեղադրել է նման բանակցությունների միջոցով հասարակության ուշադրությունը կոռուպցիոն սկանդալներից շեղելու մեջ: Այն սկանդալների, որոնց մեջ «վարչապետը խրված է մինչեւ կոկորդը»:

Ինչպես վերը նշեցինք, Գոլանի խնդիրն անտարբեր չի թողել ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական շրջանակներին: Մի քանի օր առաջ բողոքի ցույց է արել իսրայելցի ուսանողների մի ստվար խումբ: Երիտասարդները նաեւ փորձ են արել խանգարել ուսանողական ավաներից մեկում Էհուդ Օլմերթի ունեցած ելույթը, ինչը, սակայն, չի հաջողվել: Ավելի ուշ արտակարգ նիստ է հրավիրել Գոլանի բարձունքների՝ հրեաների կողմից բնակեցված հատվածների ներկայացուցիչների կոմիտեն: Նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. «Կառավարության ղեկավար Էհուդ Օլմերթը գործում է հակառակ պետական եւ ազգային շահերի: Օլմերթը Իսրայելին ենթարկում է մեծագույն վտանգի եւ նա արժանի չէ կառավարության ղեկավարի պաշտոնին»:

Հաշվի առնելով ներկայիս զարգացումները, միջազգային դիտորդական շրջանակները խուսափում են այս հարցի առնչությամբ լավատեսական կանխատեսումներ անելուց: Այդուհանդերձ, փորձագետներից շատերը նկատել են տալիս, որ Գոլանի հարցով բանակցությունների սկսման բուն փաստը, ինքնին, արդեն դրական երեւույթ է: Ճիշտ է, Իսրայելի ներսում այն առայժմ գնահատում են միայն ներքաղաքական խմորումների համատեքստում, այդուհանդերձ, շատերն են ընդունում, որ Թել-Ավիվում վերջին տարիներին արդեն իսկ նշմարվում է հանուն խաղաղության փոխզիջումների գնալու հստակ միտում: Այդ միտումն առկա էր նաեւ Իսրայելի նախընթաց վարչապետների օրոք: Այն վարչապետների, որոնց դժվար էր մեղադրել կոռումպացված լինելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել