Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔՆ Է»

Հունիս 19,2008 00:00

ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը վստահ է, որ սա է իրար կողքի նորմալ ապրելու միակ պայմանը:

– Որպես երիտասարդ հանրապետական պատգամավոր, գո՞հ եք խորհրդարանական անցուդարձից:

– Խորհրդարանի աշխատանքները գրված եւ չգրված բարդ ընթացակարգեր ունեն: Խոստովանեմ, որ մեկ տարին բավարար ժամկետ չէ խորհրդարանական գործիքների ողջ զինանոցին տիրապետելու համար: Թեպետ այդ մարմնի լիազորությունները բարեփոխված Սահմանադրությամբ բավականին ընդլայնված են, սակայն պառլամենտարիզմի կայացման ճանապարհին դեռ բազում խնդիրներ իրենց լուծմանն են սպասում: Դա, նախ եւ առաջ, Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիաների լիարժեք իրացումն է եւ Հայաստանի քաղաքական թիվ մեկ հարթակ ծառայելը: Ազգային ժողովը փաստացի միակ քաղաքական մամինն է, որտեղ ներկայացված են լինում ընդդիմադիր ուժերը, որոնց մոտեցումները խորհրդարանական կյանքում եւ գործունեության մեջ պետք է այս կամ այն կերպ լսելի եւ ընկալելի լինեն:

– «Ժառանգությունը» հրաժարվեց ինչպես մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից, այնպես էլ, ըստ էության, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովում աշխատելուց: Ձեր կարծիքով, ընդդիմադիր խմբակցության այս քայլից մեծամասնությունը կարո՞ղ է որոշակի հետեւություններ անել:

– Գնահատական չեմ ուզում տալ, բայց ընդհանրապես առաջին տպավորությունս այն է, որ ցանկացած բան, որ իրենց առաջարկվում է, մերժում են կամ խուսափում են, որովհետեւ դա ենթադրում է պատասխանատվություն, իսկ իրենք պատասխանատվությունից խուսափում են: Ես հասկանում եմ, որ մարդիկ ավելի շատ PR են անում, քան ցանկություն ունեն աշխատելու:

– Ձեր կարծիքով, արտաքին ճնշումները ի՞նչ չափով են ազդում քաղաքական կոալիցիայի, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության վրա:

– Այն, որ Հայաստանի վրա որոշակի ճնշումներ բանեցվում են, շատերի համար ակնհայտ է: Այդ ճնշումները, ըստ իս, կապ չունեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ հետագա ժողովրդավարացման հետ, այլ տեղավորվում են ավելի գլոբալ, տարածաշրջանային համատեքստում: Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ընտրություններից հետո, ոչ այնքան պատճառ էր, որքան առիթ մեր երկրի հանդեպ որոշ կոշտ մոտեցումների համար: Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է նաեւ, որ հետագա զարգացման համար մեր երկրին անհրաժեշտ է իրական ժողովրդավարության առավել կատարյալ աստիճան: Առանց բարեփոխումների հնարավոր չի լինի իրականացնել մեր երկրի զարգացման այն ռազմավարությունը, որը որդեգրվել է երկրի նոր ղեկավարության կողմից: Վերջիվերջո, ոչ ոք հավերժ իշխանություն եւ հավերժ ընդդիմություն չի կարող լինել: Մի օր էլ մենք կարող ենք լինել ընդդիմություն, ուստի նաեւ ինքներս ենք շահագրգիռ նմանօրինակ մեխանիզմների ներդրման հարցում:

– Ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո բավականին ակտիվ քաղաքական դերակատարում ունի երիտասարդությունը: Սակայն երիտասարդությունն այսօր խիստ բեւեռացված է, ըստ Ձեզ՝ ՀՀԿ-ական երիտասարդները պատրա՞ստ են նույն ոգով պաշտպանել իրենց առաջնորդին, ինչպես այսօր դա անում են ընդդիմադիր երիտասարդները:

– Անհանդուրժողականության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում մերժելի է ի սկզբանե: Երիտասարդության մի մասին մյուս մասի դեմ հանողները ամենամեծ վնասն են տալիս պետությանը: Չէ՞ որ մենք ապրում, սովորում եւ աշխատում ենք կողք կողքի: Կարծում եմ, միմյանց տեսակետների եւ անձերի նկատմամբ փոխադարձ հարգանքն է այս չարաբաստիկ ժառանգությունը թոթափելու միակ ճանապարհը: Ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ երիտասարդներին դիտում են ընդամենը գործիք՝ իրենց ճանապարհը հարթելու համար: Իրոք, երիտասարդներն են եղել բոլոր գունավոր հեղափոխությունների հիմնական դերակատարները: Այն, որ Հայաստանում նույնպես այսօր փորձում են երիտասարդներից կազմված ինչ-որ «հատուկ նշանակության ջոկատներ» ստեղծել, վկայում է այն մասին, որ ընդդիմության գործելաոճը իր էությամբ հեղափոխական է: Սակայն, որպես բժիշկ, ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած թույն ունի նաեւ իր հակաթույնը: Եվ այս ճանապարհով գնալը անհեռանկարային է թե՛ հասարակության, թե՛ երկրի համար: Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա հիշեցնեմ, որ հանրապետականի երիտասարդությունը թե՛ խորհրդարանական եւ թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ եղել է իր նախագահի կողքին եւ այն բոլոր ծրագրերը, որ իր առջեւ դրել է նախագահը, երիտասարդները իրականացրել են եւ պատրաստ են իրականացնել, քանի որ հստակ գիտակցում են, որ դա է մեր երկիրը դեպի ժողովրդավարական ապահով եւ բարեկեցիկ երկիր տանելու միակ ճանապարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել