Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱԴԱԲՆԱԿՆԵՐԸ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄ ԵՆ

Հունիս 25,2008 00:00

Իսկ Հայաստանում դեռ շարունակում են հազվադեպ անդրադառնալ ժամանակակից հայ կոմպոզիտորներին

Օրերս Երեւանի պետկոնսերվատորիայում վարպետության դասեր անցկացրեց թավջութակահար, Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Վահրամ Սարաջյանը, իսկ Կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես եկավ կլառնետահար, Մոնրեալի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Համբարձում Ջաբուրյանը: «Առավոտը» հանդիպեց ճանաչված երաժիշտների հետ: Նշենք, որ երկու արվեստագետներն էլ ինչպես արտերկրում, այնպես էլ հայաստանյան ելույթներում զբաղված են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմամբ:

Հիշեցնենք, որ Վ. Սարաջյանը վերջին անգամ հայաստանցի ունկնդրին է ներկայացել 2006թ.՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կատարելով Ա. Բաբաջանյանի «Կոնցերտ-ռապսոդիան», իսկ Հ. Ջաբուրյանը 2007-ին Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, «Նարեկացի» արվեստի միության սրահում եւ Շուշիի Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցում հանդես է եկել հայ միջնադարյան եւ ժամանակակից երաժշտության համերգով:

Կլառնետահարի օրերս կայացած համերգը՝ կամերային նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Ռ. Ասատրյան), այս անգամ էլ ընդգրկում էր հայ ժամանակակից կոմպոզիտորների եւ հոգեւոր երաժշտություն:

«Առավոտի» հետաքրքրությանը, թե երաժիշտներն ինչո՞ւ են իրենց «նվիրել» ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածմանը, ինչը հազվադեպ երեւույթ է հայաստանյան երաժշտական կյանքում, Վ. Սարաջյանն ասաց. «Ցանկացած ժամանակակից կոմպոզիտորի երկ, եթե այն «ասելիք չունի», չեմ կատարում, բայց ունենք իսկապես լավ գործեր, այդ թվում՝ Մանսուրյանի, Չաուշյանի, Մելիքյանի, Զաքարյանի ստեղծագործությունները, էլ չեմ նշում Հարությունյանի, Միրզոյանի ու մյուսների անունները: Կարծում եմ, ցանկացած հայ արվեստագետ, որ ճակատագրի բերումով ապրում է այլ երկրում, իր առաքելությունը պետք է համարի իր ազգի մշակույթը ներկայացնելը: 2002-ից, երբ իտալական Ալպերում հիմնեցի «Շլեռն» երաժշտական միջազգային փառատոնը, սկսեցի հնարավորինս ներգրավել հայ երաժիշտների, այդ թվում՝ դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանին, կոմպոզիտոր, դիրիժոր Կարեն Խաչատրյանին եւ այլոց»: Նույն հարցին Հ. Ջաբուրյանն էլ այսպես պատասխանեց. «1975-ից ի վեր բնակվելով Կանադայում, չեմ մոռացել արմատներս, այդ թվում հորս՝ Լիբանանի երաժշտանոցի դասախոս, կլառնետահար Քերոբ Ջաբուրյանին ու նրա պատգամը. որտեղ էլ լինեմ՝ տարածեմ հայ երաժշտությունը: Ցավոք, կլառնետի համար մենանվագ երկեր քիչ են գրվում: Արդեն 10 եւ ավելի տարիներ համագործակցում եմ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի հետ, նա հիանալի փոխադրումներ է կատարում կլառնետի համար՝ Կոմիտասի, Խորենացու, Նարեկացու, Շնորհալու երկերից, Սպենդիարյանի, Խաչատրյանի բալետներից…»:

Վ. Սարաջյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վիճակում է այսօր կոնսերվատորիայի թավջութակի դասարանը եւ ինչո՞ւ մեր թավջութակահարները, այդ թվում՝ Ս. Բագրատունին, Լ. Մուրադյանը, Ալ. Չաուշյանը եւ այլք, թեեւ պարբերաբար համերգներ են ունենում հայրենիքում, այդուհանդերձ ընտրել են «եվրոպաներն» ու «ամերիկաները»: Մեր զրուցակիցն իր օրինակով պատասխանեց. «Ժամանակին, երբ Չայկովսկու անվան դպրոցն ավարտեցի (պրոֆեսոր Չաուշյանի դասարան) եւ մեկնեցի Մոսկվա՝ ուսումս շարունակելու աշխարհահռչակ Ռոստրոպովիչի մոտ, վերջինս, հիացած հայկական թավջութակի դպրոցով, ասաց, որ առաջին ուսանողն եմ, որին շտկելու ոչինչ չունի: Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում քիչ են թավջութակահարները, հետեւաբար՝ բարձրակարգ երաժիշտների պահանջարկը մեծ է, իսկ Երեւանի կոնսերվատորիան ունի հիանալի մասնագետներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել