Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ

Հուլիս 11,2008 00:00

Իմ անքնության հերթական լուսաբացներին, ամռան հեռացող գիշերների հետքով, ամեն անգամ ակամա ներկա եւ ունկնդիր եմ դառնում Զաքիյան փողոցի թռչունների բազմաձայն երգին, որը շարունակվում է մինչեւ արեւի առաջին ճառագայթի հայտնվելը: Եվ զարմանալի բան. բոլոր թռչունները միանգամից լռում են ու ներանձնանում՝ ավարտելով արեւագալի փառաբանության իրենց հերթական ծեսը, փողոցը թողնելով մեքենաների ահագնացող աղմուկին: Բացվում է նոր օրը, եւ իմ ներսում դարձյալ ու կրկին զգում եմ շոշափելիորեն ներկա անշարժ մի տրտում տխրություն ու վախենում եմ բարձրաձայն խոսել, որ քարացող թախիծն այդ հանկարծ չտեղահանվի եւ չծավալվի քաղաքի ու բոլորի վրա, եւ որ իմ թախիծը շարունակի մնալ ինձ հետ…

Այդ երբ էր, որ մենք մոռացանք աղոթել արեւին, չդադարելով լույսին սպասել, երբ էր, որ մեր հավատքը դարձավ կրոն՝ ուր մոռանալով նախաստեղծ կերպը մեր, ձեւավորեցինք-կանոնակարգեցինք ու սկսեցինք երկրպագել մեր իսկ հաստատած կրոնը, այնինչ եթե չկա հավատք, չկա նաեւ կրոն: Եվ թվում էր, թե մենք, որ բոլորից չպատճառաբանվածորեն առաջ ենք անցել, պետք էր մի նշանակալի, առավել երեւելի բան անեինք, նման այն գրողին, նկարչին, որը մենակ է մաքուր կտավի առջեւ ու վախենում է իր ներսում ծնվող գույն ու պատկերից, եթե իհարկե, ինքը ինքն է ու իր ներսից է գալիս եւ տագնապում է, որ այն, ինչ ինքը ունի, ուրիշներին կարող է անհասանելի լինել, բայց միեւնույն է՝ նա գրում է, նկարում, քանի որ տեսնում է անդարձության նշանը՝ որպես ճակատագիր…

Այնինչ, մենք՝ հին աստվածների զավակներս, չկարողացանք անել այն, ինչը կարող էինք ավելի լավ անել, քան որեւէ ուրիշ մեկը… Թվում էր, թե կարող էինք, բայց չարեցինք այդ կարեւորը, թերեւս վախեցանք աշխարհ-կտավից եւ չձեւակերպեցինք մեզ, գրել-նկարելուց առաջ հասկանալիություն փնտրելով: Ու եղավ այնպես, որ մեր հասարակական կյանքը կորցնելով իր, կարծես թե, արդեն վաղուց ձեւակերպված նպատակը, սկսեց անհատականացնել թե հավատք, թե կրոն, թե պետություն…

Եվ ես հիմա, շարունակ իմ ներսում զգալով ինձ համառորեն հետապնդող զարմանալիորեն անշարժ տխրությունն իմ, հստակ հասկանում եմ, որ մեր հավատքը այսօր արդեն ոչ միայն մեր կրոնն է, այլեւ Հայրենիքը մեր, որի անունը այսուհետեւ եւ ընդմիշտ պետություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել