Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» նույնացման կողմնակից չէ

Հուլիս 22,2008 00:00

Հայ ազգային կոնգրեսին միանալու կապակցությամբ նման տեսակետ կա «Ժառանգության» նորընտիր վարչությունում:

«Ժառանգության» վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրին վարչության հուլիսի 18-ի նիստում ընդունված որոշումները: Քանի որ «Ժառանգության» 5-րդ համագումարը պատվիրակել էր նորընտիր վարչությանը՝ բանակցությունների ճանապարհով ճշգրտել Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության փոխադարձաբար ընդունելի հարթությունը՝ քննարկվել է այս հարցը: «Մենք պաշտոնական նամակ ենք ստացել Ազգային կոնգրեսի նախաձեռնող խմբից: Վարչությունում հարցը քննարկվել է, եւ ստեղծվել է հանձնախումբ, որպեսզի այն կարողանա մի շարք հարցեր պարզաբանել եւ հստակեցնել նախաձեռնող խմբի հետ,- ասաց Մովսես Արիստակեսյանը:- Մեզ համար շատ կարեւոր է հստակեցնել ռազմավարական ծրագրի հիմնադրույթները, ծրագիրն իր մանրամասնություններով: Եվ մեզ համար շատ կարեւոր են որոշումներ կայացնելու հստակ մեխանիզմները: Մենք միասնական ենք Համաժողովրդական շարժման բոլոր նախաձեռնությունների հետ: Մենք միասնականության կողմնակից ենք, բայց խնդիրը եթե լինի նույնացումը՝ մենք այդ ուղով չենք գնում»: Համաժողովրդական շարժման կենտրոնը նամակում խնդրել է, որ մինչեւ հուլիսի 25-ը պատասխանեն այս հարցին: Եվ ըստ Հովսեփ Խուրշուդյանի, այդ պատասխանը կտրվի վարչության հաջորդ նիստում՝ հուլիսի 24-ին: Կուսակցության խոսնակը նշեց, թե շատ բարդ է կանխագուշակելը՝ ինչպիսին կլինի որոշումը. «Պետք չէ բացառել նաեւ, որ կարող է որոշում կայացվել, որ «Ժառանգությունն» առայժմ չմիանա Կոնգրեսին»: Հովսեփ Խուրշուդյանը փոխանցեց, թե այս կապակցությամբ ինչ հիմնավորումներ են հնչել վարչության նիստի ընթացքում. «Որոշ կարծիքներ կան, որ չմիանալը նույնիսկ ավելի օգտակար կլինի ե՛ւ իրական ընդդիմության, ե՛ւ մասնավորապես Համաժողովրդական շարժման համար, որը կարող է վերաճել Կոնգրեսի, եւ թե՛ «Ժառանգության» գործունեության հետագա արդյունավետության համար՝ ճկունությունը պահպանելու համար: Քանի որ նաեւ դեռ պարզ չէ, թե ինչ կառուցվածք ու որոշումների կայացման մեխանիզմ է ունենալու Կոնգրեսը՝ որոշ վարչականների մոտ մտավախություն կար, թե արդյոք դա չի՞ տանելու դեպի նույնացում, այլ ոչ թե զուտ համագործակցություն»: Դարձյալ ընդգծեց, թե վարչության անդամները կողմ են միասնական ու համակարգված հետագա գործողություններին, բայց նույնացման կողմնակից չեն. «Ինքնուրույնության մաքսիմալ ապահովման խնդիր էր դրված քննարկման ընթացքում»:

«Ժառանգության» վարչությունը քննարկել է նաեւ «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովին մասնակցության հարցը եւ որոշել, թե այս պահին աննպատակահարմար է իրենց ներկայացուցիչների ներգրավումը՝ պնդելով, որ Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի ներկայությունն էապես կփոխեր հանձնաժողովում իրավիճակը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի առաջարկի կապակցությամբ՝ «մարտի 1-ի» հանձնաժողովից դուրս ստեղծել փաստահավաք խումբ, Մովսես Արիստակեսյանն ասաց. «Ողջունում ենք այդ քայլը: Բայց ելնելով մեր փորձից՝ գտնում ենք, որ ինչպիսի լավ տվյալներ էլ հավաքի այդ խումբը՝ այդ փաստերի վերաբերյալ որոշումը պիտի կայացնի ժամանակավոր հանձնաժողովը»:

Արաբկիրի համայնքապետի՝ սեպտեմբերի 7-ի ընտրություններում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի մասնակցության կապակցությամբ հիշեցրին, որ ԱԺ ընտրություններում իրենց կուսակցությունն Արաբկիրում գրավել է 1-ին տեղը: Մովսես Արիստակեսյանը նաեւ առանց անունը տալու՝ որոշ մեղադրանքներ ուղղեց գործող համայնքապետ Հովհաննես Շահինյանին. «Արաբկիրը աղբանոցի է վերածվել, կանաչազրկված համայնք է: Յուրաքանչյուր կանաչ տարածքում առեւտրի օբյեկտ է, որտեղից եկամուտները գնում են ոչ թե համայնքի բյուջե, այլ հայտնի տեղեր: Ահա այս պայմաններում վարչական ռեսուրսն արդեն օգտագործվում է. սկսել են համատիրությունների ղեկավարներից՝ խնդրելով, որ վերհանեն այն հիմնախնդիրները, որ ունի համայնքը, իրենց թաղն ու շենքը, որ դրանք լուծեն: Զարմանալի է, թե 3-4 տարի ի՞նչ էին անում: Եվ հանկարծ հիմա հիշել են: Ու հանկարծ կողքից ասում են՝ գիտեք, այնքան լավ կլինի, որ ընտրեք այսինչին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել