Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրացիներին հալալ է»

Հուլիս 30,2008 00:00

\"\"Ըստ երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի, նրանք շոու-բիզնեսում դեռ խորհրդային տարիներից էին լավ «կողմնորոշվում»:

Հուլիսի 23-28-ը Յուրմալայում անցկացված «Նովայա վոլնա» երիտասարդ երգիչների մրցույթում Հայաստանը ներկայացրեց մոսկվաբնակ Մհեր Մեսրոպյանը՝ «հանգրվանելով» 5-րդ հորիզոնականում: Ժյուրին համանախագահում էին կոմպոզիտորներ Ռ. Պաուլսը, Ի. Կրուտոյը, անդամներն էին ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղեր Լ. Վայկուլեն, Ի. Նիկոլաեւը, Լ. Ագուտինը, Մելաձե եղբայրները եւ այլք: Հիշեցնենք, որ մրցույթին հայերս մասնակցում ենք 5-րդ անգամ:

Ժամանակին մեր երկիրը պատվով ներկայացրել են երգչուհի Էմմին, «Հայեր» խումբը, երգիչներ Արման Գրիգորյանը (Ռուսաստան) եւ Ռազմիկ Ամյանը, որոնց մշտական ուղեկցել է «Էմի-Բի»-ի տնօրեն, գլխավոր պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը: Վրա հասած դժբախտության պատճառով (մրցույթի նախօրեին վախճանվեց Ն. Սարգսյանի մայրը) պրոդյուսերը Մհերի հետ չմեկնեց Յուրմալա:

«Առավոտը» հանդիպեց Ն. Սարգսյանին եւ հեռախոսազրույց ունեցավ Մհերի հետ: Հարցին, թե պրոդյուսերի ներկա չգտնվելը Յուրմալայում հնարավո՞ր է իր բացասական հետեւանքները թողեց, Ն. Սարգսյանը պատասխանեց. «Մհերը Յուրմալայում միայնակ չէր, նրան ուղեկցում էր մեր պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ Լինա Սեդրակյանը, որը բարեկամական կապեր ունի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ղեկավարած ARS գովազդային հոլդինգի հետ: Վերջինիս անդամ են մի շարք հեղինակավոր պրոդյուսերներ, աստղեր, ինչպես նաեւ «Մուզ TV»-ի կազմակերպած ռուսաստանյան ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, «Նովայա վոլնա» մրցույթը եւ այլն: Ի վերջո, Մհերի կողքին էին Մերձբալթիկայի հայ համայնքը եւ տեղի հայ եկեղեցու առաջնորդ հայր Խոսրովը: Ինչ վերաբերում է մրցույթին, Մհերը լավ հանդես եկավ: Ես զարմանում եմ, որ առաջին օրը երգչի մեկնաբանությամբ «Քուինի» երգացանկից «Մենք հաղթող ենք» երգը ժյուրիի անդամ Լայմա Վայկուլեն գնահատեց ընդամենը 8 միավոր, այն դեպքում, երբ երգի ավարտից հետո դահլիճը պարզապես պայթում էր օվացիաներից ու ծափերից… Թեեւ ընդհանուր հաշվով նա 5-րդ տեղում է, բայց երգչի վաստակած «Հանդիսատեսի համակրանք» պարգեւը բոլոր մրցույթներում հաշվվում է որպես 4-րդ մրցանակ»: Հաջորդ հարցին՝ որպես «Նովայա վոլնայի» «ընտանիքի անդամ», ճի՞շտ եք համարում, որ ժյուրիի կազմում են ռուսաստանյան շոու-բիզնեսի ճանաչված դեմքեր՝ երգիչ եւ պրոդյուսեր Մելաձե եղբայրները, արդյոք դա դեր չխաղա՞ց այս տարի Վրաստանը ներկայացնող «Ջորջիա» դուետին առաջին մրցանակը կամ 2006-ին երգչուհի Սոֆիկոյին դարձյալ առաջին մրցանակ շնորհելու գործում, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ այս տարի Վրաստանը, որպես իր երկրի հիթ, ներկայացրեց Ա. Բաբաջանյանի «Նոկտյուրնը», Ն. Սարգսյանն ասաց. «Մրցույթներում ամեն ինչն էլ դեր է խաղում: Հայ երգիչները 5-րդ տարին, նախնական լսումներից հետո, որին մասնակցում է շուրջ 5000 երգիչ, իրավունք են ստանում 17-18 կատարողների թվում մասնակցել մրցույթին: Սա արդեն ձեռքբերում է, ինչին տարիներ շարունակ չի կարողանում հասնել Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Մելաձե եղբայրներին, ուղիղ ասեմ՝ լավ են անում, հալալ է… Շատ կցանկանայի, որ նույն ժյուրիի կազմում երկու վրացիների կողքին գոնե կես հայ լիներ: Կցանկանայի, որ այլ երկրների նման, մեր երկրի նախագահի ուղերձն էլ հնչեր մրցույթի բացմանը: Վրացիները դեռ խորհրդային տարիներից կարողացան մտնել ռուսաստանյան շոու-բիզնես, հանձին Պավլիաշվիլու, Գվերցեթելիի, Բրեգվաձեի, Կիկաբիձեի, ինչը չբաշարեցին մերոնք: Չէ՞ որ ունեինք Էլվինա Մակարյան, Զառա Տոնիկյան…»:

Հեռախոսազրույցում Մհերից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Պուգաչովան իր մրցանակը՝ $50.000 չհանձնեց իրեն, մանավանդ, երբ տեսախցիկը ակամա արձանագրում էր նրա հիացմունքը հայ երգչի հանդեպ: «Ալլա Բորիսովնան ինձ ասաց, որ եթե ամենաբարձր մրցանակը՝ «Հանդիսատեսի համակրանքը» քեզ բաժին չհասներ, երդվում եմ՝ մրցանակս անպայման քոնն էր լինելու»,- հնչեց պատասխանը: Մհերը հայտնեց նաեւ, որ Նիկոլայ Բասկովը շնորհավորելով իրեն, հավաստիացրել է, որ այդ մրցանակը ոչ թե մեկ, այլ մի քանի ճանապարհներ կբացի երգչի առջեւ. «Ամենակարեւորը՝ ունես լավ կոկորդ, վոկալ ու գեղեցիկ տեմբր…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել