Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Օգոստոս 06,2008 00:00

ՄԱՔՍԱՆԵՆԳՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է

\"\"Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի, վնասազերծվել է մաքսանենգությամբ զբաղվող կայուն հանցավոր խումբ:

Հանցավոր խումբը ղեկավարել է «Գվարզին» ՍՊԸ տնօրեն, Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի բնակիչ Յուրա Նարիմանի Հարությունյանը, որը անհատ ձեռներեց «Էդիկ Էվինյան» կազմակերպության միջոցով զբաղվել է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրմամբ: Բեռնատարներով ապրանքը, ըստ նախնական վարկածի, հասցվել է մինչեւ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Դեղձավան գյուղի հարակից վրացական տարածք, որտեղից այն վերաբարձվել է բարձր անցողականություն ունեցող մի քանի փոքր բեռնատարների մեջ եւ գիշերվա ժամերին, շրջանցիկ ճանապարհներով մաքսանենգորեն տեղափոխվել է Հայաստանի տարածք:

Յու. Հարությունյանի եւ նրա խմբի կողմից թաքցվել է ներմուծվող բեռի իրական քանակը եւ ուղեկցող փաստաթղթերի կեղծման միջոցով ցույց է տրվել եւ ձեւակերպվել ներկրված ապրանքի մի մասը:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, միայն վերջին 6 ամիսների ընթացքում հանցավոր խմբի կողմից, առանց մաքսային հսկողության, հանրապետություն է ներկրվել 895 տոննա ապրանք՝ զգալի վնաս հասցնելով ՀՀ տնտեսությանը:

Յու. Հարությունյանի կողմից ղեկավարած հանցավոր խմբի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի տարածաշրջանի, ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցներ (ապահովում էին բեռի «անվտանգ» տեղափոխումը), ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներ (իրականացնում էին բեռի ձեւակերպումը կեղծ փաստաթղթերով): Հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ կալանավորվել է 5 անձ:

Ի ՀԱՎԵԼՈՒՄՆ

«Առավոտի» «Օրինական շինո ւթյունը քանդում են» (30.07.2008թ.) հրապարակման մեջ անդրադարձել էինք Ջրաշատի 54/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի քանդման պատմությանը:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007թ. մայիսին կայացրած որոշման կապակցությամբ՝ պատասխանող Վահան Տեր-Հովակիմյանի (հայցվոր՝ Արմեն Տեր-Հովակիմյան) փաստաբան Արթուր Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե դատարանը չէր կոնկրետացրել վիճարկվող տարածքում գտնվող ո՞ր կառույցը պետք է քանդվեր ու բերվեր նախկին տեսքի: Դատական ակտերի հարկադիր կատարողներին պարզաբանելուց հետո՝ քանդվել էր ձեղնահարկը: «Դատավոր Նոյեմ Հովսեփյանն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները՝ էական վնաս հասցնելով քաղաքացուն»,- ասել էր փաստաբանը, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի հաջորդ որոշումը: Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնենք, որ այս տարվա հունիսի 24-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննության է առել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքային բաժնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ. Հարությունյանի դիմումը՝ վերոհիշյալ գործով կատարողական թերթի պարզաբանման մասին: Դատարանը՝ Ն. Հովսեփյան, Է. Մուրադյան, Վ. Թորոսյան կազմով հղում էր արել իր նախորդ որոշմանը. «Հայցը բավարարել, պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին՝ քանդել Երեւանի Ջրաշատ 54/1 հասցեում իրականացված ինքնակամ կառույցները եւ տարածքը բերել նախկին տեսքի»: Նաեւ արձանագրել էր, որ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: ՀՀ վերաքննիչ դատարանը իր նոր որոշման պատճառաբանական մասում փաստել էր. «Գործի նյութերից երեւում է, որ վեճը վերաբերում է ոչ թե ինքնակամ կառույցին, այլ ինքնակամ կառույցներին, այդ թվում՝ ձեղնահարկին, ինչի քանդման հետեւանքով տարածքը պետք է բերել նախկին տեսքին: Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ կատարողական թերթը պետք է պարզաբանել հետեւյալ կերպ. քանդել ինքնակամ կառույցները՝ ավելացված հարկը, ներառյալ՝ ձեղնահարկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել