Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ

Օգոստոս 08,2008 00:00

\"\"Խոշոր առեւտրի օբյեկտները հարկային դաշտ բերելու խնդիրը «լուծելուց» հետո կառավարությունը փորձում է «ստվերից» հանել նաեւ տոնավաճառները:

Մայրաքաղաքում գործող տասնյակ սուպերմարկետներ տուգանելուց եւ նրանց գործունեությունը մի քանի օրով դադարեցնելուց հետո՝ կառավարությունը հարկային բարեփոխումների առաջին փուլը ավարտված համարեց: Մի քանի հարյուր հազար դրամ կորցնելով կամ մի երկու օր առեւտուր չանելով՝ դեռ չի նշանակում, որ խոշոր սուպերմարկետների տերերը դարձան բարեխիղճ հարկատու: Ավելին, այսօր էլ այդ նույն խանութները, որոնք առաջինն ընկան «հարկայինի թափի տակ», շարունակում են աշխատել նույն ոճով, այսինքն՝ վաճառած ապրանքի դիմաց սպառողներին չեն տրամադրում ՀԴՄ-ի կտրոն, ինչի հետեւանքով դարձյալ հարկայինի համար «մութ» են մնում նրանց իրական եկամուտների ծավալները:

Առեւտրի խոշոր օբյեկտների խնդիրը լուծված համարելուց հետո կառավարությունն անցավ համեմատաբար մանր առեւտրականներին հարկային դաշտ բերելու խիստ պատասխանատու գործին: Օրերս հարկային վարչարարության բարելավման հարցերի վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով առեւտրի ոլորտին եւ մասնավորապես՝ տոնավաճառներին, հայտարարեց, որ այսուհետեւ տոնավաճառները պետք է լիցենզավորվեն եւ աշխատեն հարկային դաշտում: Վարչապետի խոսքերով, առեւտրի 80%-ն իրականացվում է տոնավաճառներում, այն պարզ պատճառով, որ տոնավաճառների միջոցով հնարավորություն է ստեղծվում խուսափել հարկերի վճարումից. «Այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ ՀԴՄ-ները տոնավաճառներում համատարած չեն կիրառվում: Տոնավաճառները մենք դիտարկում ենք որպես լիցենզավորման ենթակա գործունեություն: Հսկիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումը լինելու է տոնավաճառների պարտականությունը: Եթե դրանք չկան եւ չեն կիրառվում՝ պատասխանատվության են ենթարկվելու տոնավաճառի կազմակերպիչները»:

Ըստ կառավարության այս որոշման, տոնավաճառի տերերը պարտավոր են միջոցներ ձեռնարկել, որ յուրաքանչյուր տաղավարում տեղադրված ՀԴՄ-ներն իրար հետ կապված լինեն միասնական ցանցով: Բացի այդ, նրանք պետք է ամեն օր հաշվետվություն հանձնեն հարկայինին եւ վճարեն օրվա ապրանքաշրջանառության ԱԱՀ-ն: Սա նշանակում է, որ տոնավաճառների տերերի եկամուտը մի քանի անգամ կտրուկ կնվազի, ինչի հետեւանքով նրանք կփորձեն բարձրացնել տրամադրվող տարածքի գինը: Եթե մինչ այսօր տոնավաճառների տերերը կարող էին իրենց հսկայական տարածք զբաղեցնող շուկայում ընդամենը 100-150 աշխատող գրանցել ու «տեղի փողից» առաջացած հազարավոր դոլարներից պետբյուջե խղճուկ գումարներ մուծել, հիմա նրանք ստիպված կլինեն «ջրի երես հանել» իրենց տոնավաճառներում աշխատող մարդկանց իրական թիվը: Միայն արտաքուստ է թվում, որ կառավարության այս որոշումը բարեփոխումներին ուղղված քայլ է, որը խոշոր շահույթներ ստացողներին կստիպի հարկային դաշտում աշխատել: Իրականում տոնավաճառների տերերը դարձյալ կստանան իրենց միլիոնների եկամուտները, իսկ տուժողները կլինեն սպառողներն ու մանր առեւտրականները: Պարզ է, որ առեւտրականները հարկերի եւ տոնավաճառների տերերի սահմանած «նալոգների» «տակից դուրս գալու» համար կբարձրացնեն վաճառվող ապրանքի գինը, եւ սպառողները ստիպված կլինեն նախկինում, ասենք, 5 հազար դրամ արժեցող ապրանքի համար վճարել 1000 դրամ ավելի, դրանով ԱԱՀ-ի 20%-ը կվճարվի ոչ թե իրենց, այլ գնորդի գրպանից: Կառավարության այս որոշումը հարուցել է հազարավոր առեւտրականների դժգոհությունը, որոնք վստահ են, որ դարձյալ ուրիշների հաշվին հարստացողները մնալու են անպատիժ, իսկ իրենք ե՛ւ տեղի համար են ավելի շատ վճարելու, ե՛ւ առանց այդ էլ «կանգնած» առեւտրի պայմաններում ստիպված թանկացնելու են ապրանքները: Երեկ «Մալաթիա» տոնավաճառի տասնյակ առեւտրականներ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրին, որ կառավարությունը սխալ ճանապարհով է գնում ու իր օրենքներով ու որոշումներով միայն պետբյուջեն լցնելու մասին է մտածում: Առեւտրականներից մեկի խոսքերով. «Էս ամեն ինչը ձեւականություն ա, բոլորս էլ հասկանում ենք, որ մարդն ուզում ա աչքի ընկնի ու ցույց տա, որ իր վարչապետության օրոք բյուջե շատ փող ա մտնում: Էս աչքակապությունն ո՞ւմ ա պետք»: «700-800 դոլար ամսական տեղի փող ենք տալիս, բայց մի 200 դոլար հազիվ ենք տուն տանում: Աշխատում ենք, որ ապրե՞նք, թե՞ իրենց պահենք»,- մեզ հետ զրույցում դժգոհեց «Մալաթիայի» մեկ այլ առեւտրական: Այս տոնավաճառում արդեն երեկվանից սկսել էին լիցենզավորման համար մեկ առ մեկ գրանցել բոլոր տաղավարների աշխատողներին: «Մալաթիայի» առեւտրականների տեղեկացմամբ, իրենք պատրաստվում են նամակով դիմել տոնավաճառի սեփականատեր Ռադիկ Մարտիրոսյանին, որպեսզի վերջինս գոնե մի քիչ իջեցնի «տեղի փողը» եւ իրենց չաշխատած օրերի դիմաց գումար չպահանջի:

«Ռոսիա» տոնավաճառի մի քանի առեւտրականներ «Առավոտին» դժգոհեցին, որ կառավարությունը միշտ «կուժն ու կուլան» անճարի գլխին է ջարդում. «Տեղից առեւտուր չկա, հիմա պիտի ՀԴՄ աշխատեցնե՞նք: 300-400 դոլար տեղի փող ենք տալիս, ով էդ փողը վերցնում ա՝ նա էլ թող հարկ մուծի: Իբր էդ փողի տակից կարում ենք դուրս գանք, հիմա էլ հա՞րկ մուծենք: Ավելի լավ ա փասա-փուսա հավաքենք ու գնանք տանը նստենք»: Նկատենք, որ ցանկացած առեւտրական շատ հեշտ ու հանգիստ կարող է, ասենք, 10 հազար դրամ արժողության ապրանքի դիմաց այդ գումարի ընդամենը կեսը ՀԴՄ մուտքագրել կամ օրվա մեջ 10 հատ ապրանք վաճառել ու իր նախաձեռնությամբ կամ տոնավաճառի տիրոջ ցուցումով հարկայինի համար ընդամենը 1-2-ը տեսանելի դարձնել, այսինքն՝ կստացվի նույն պատկերը, ինչ սուպերմարկետների դեպքում: Նշենք նաեւ, որ Հարկային պետական ծառայության տեղեկացմամբ, եթե առեւտուրն իրականացվում է Երեւանում՝ 7 քմ, իսկ այլ վայրերում՝ 10 քմ-ն չգերազանցող կրպակներում կամ այլ վաճառատեղիներում, ապա գործունեություն իրականացնողը պետք է վճարի հաստատագրված վճար, որի չափը, անկախ աշխատելու օրերից, 1քմ-ի համար Երեւանում՝ 1815, մարզկենտրոններում, Աբովյանում եւ Վաղարշապատում՝ 792, մարզերում՝ 660, իսկ աղետի գոտում եւ սահմանամերձ բնակավայրերում 330 դրամ է: Եթե առեւտուրն իրականացվում է ավելի մեծ տարածքում, ապա գործունեություն իրականացնողը պետք է վճարի պարզեցված հարկ, որը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակի համար շրջանառության 3,5%-ի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել