Լրահոս
Օրվա լրահոսը

Խռռացնո՞ւմ եք՝ հիվանդ եք

Օգոստոս 08,2008 00:00

Եթե տղամարդն ունի կարմիր, այտուցված դեմք, խռպոտ ձայն, մեծ փոր՝ ուրեմն նա հաստատ գիշերը ձեր քունը կխանգարի, քանի որ, ըստ մասնագետների, այդպիսի տղամարդը քնած ժամանակ խռռացնում է:

«Ամուսին ընտրելիս պետք է հաշվի առնել՝ նա խռռացնո՞ւմ է, թե՞ ոչ: Քանի որ խռռացնելն ազդանշան է այն բանի, որ մարդը մի շարք հիվանդություններ ունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բժիշկ թոքաբան Մարինա Պետրոսյանը:

Մեր երկրում տիկին Պետրոսյանն այս հիվանդության գծով միակ մասնագետն է: Թեեւ մեզ մոտ մարդիկ խռռացնելը հիվանդություն չեն համարում, սակայն Մ. Պետրոսյանը վստահեցնում է, որ այն առողջության համար շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Ըստ մասնագետի, եթե քնելու ընթացքում մարդ խռռացնում է, ուրեմն շնչականգ է առաջանում, այսինքն՝ գիշերը մարդու շնչառությունը կանգնում եւ նորից վերականգնվում է, այսպես՝ մեկ ժամում 100-120 անգամ, ինչը, Մ. Պետրոսյանի խոսքերով, հանգեցնում է թթվածնային քաղցի. «Իսկ թթվածնային քաղցը փոքր մահվան նման մի բան է, շնչականգից հետո մարդը խռռացնելով շնչուղիները բացում է: Այս քաղցը ուղեղին ազդանշան է տալիս, որ մարդն արթնանա եւ շնչի, թե չէ կմահանա, այսինքն՝ սա ինչ-որ տեղ նաեւ պաշտպանական ռեակցիա է։ Լավ պատկերացնելու համար կարող ենք արթուն ժամանակ փորձել անընդհատ մեր շունչը պահել, հետո նորից շնչել եւ կզգանք, թե դա ինչ սթրես է մեր օրգանիզմի համար: Իսկ սթրեսներից արյան ճնշումն է բարձրանում, սրտի աշխատանքն է արագանում, որի հետեւանքով էլ սրտանոթային համակարգը ծանրաբեռնվում է: Այս ամենը նպաստավոր պայմաններ է ստեղծում կաթվածների համար»: Մ. Պետրոսյանին զարմացնում է այն, որ բժիշկները երբեւիցե չեն հարցնում, թե հիվանդները գիշերն ինչպես են քնում, քանի որ սա հենց քնի հետ կապված հիվանդություն է. «Այնինչ, քունը մեր կյանքի 1/3-րդ մասն է կազմում, ու շատ կարեւոր է՝ մենք քնած ժամանակ խռռացնո՞ւմ ենք, թե՞ ոչ»:

Օրինակ, խցանված շնչուղիների առաջին ազդանշանը հենց խռռոցն է: Նման խնդիր ունեցողները ցերեկվա ժամերին չափազանց քնկոտ են լինում: Սա, մասնագետի ներկայացմամբ, վտանգավոր է հատկապես վարորդների պարագայում, քանի որ երբեմն նրանք քնում են հենց ավտոմեքենա վարելու ընթացքում. «Անգլիայում եւ Ճապոնիայում մինչեւ մարդկանց լիցենզիա տան քաղաքային տրանսպորտ վարելու համար՝ հետազոտում են, որպեսզի պարզեն՝ նրանք ունե՞ն գիշերային շնչականգ, թե՞ ոչ: Ճապոնիայում մի անգամ հատնաբերվել է, որ վագոնավարը վարելիս քնած է եղել, եւ գնացքն ընթացել է ավտոպիլոտով: Այժմ այս հիվանդությունն ավելի մեծ ռիսկի գործոն է համարվում, քան ոգելից խմիչքները»:

Բժշկի խոսքերով, այս հիվանդությամբ ավելի շատ տառապում են տղամարդիկ: Իսկ գեր մարդկանց հիվանդանալու հավանականությունը 10 անգամ ավելի է. «Երեխաների մոտ էլ, նորածիններից մինչեւ դեռահաս հասակը, հանդիպում է շնչականգ: Դեռահասների մասին ասեմ, որ նրանց մոտ սա հանդիպում է հատկապես այն պատճառով, որ ունենում են վերին շնչուղիների անատոմիական դեֆեկտներ: Հակառակ մեծահասակների՝ երեխաները շատ ակտիվ են լինում ու չեն կարողանում կենտրոնանալ, դպրոցում վատ են սովորում, շնչում են բերանով, այս երեխաները շատ ցայտուն դեմք են ունենում՝ կոպերը ներքեւ իջած են լինում, դեմքներն այտուցված ու դեբիլական արտահայտությամբ»:

Մ. Պետրոսյանի ներկայացմամբ, այս հիվանդության համար դեռեւս դեղորայքային բուժում նախատեսված չէ: Միայն վիրահատական միջամտություն է լինում, ինչը, սակայն, հնարավոր է՝ ոչ մի արդյունք էլ չտա: Տիկին Պետրոսյանը խռռացնողներին խորհուրդ է տալիս ձեռք բերել Սիպապ կոչվող ապարատը, որը արտաքին օդը ճնշման տակ տալիս է վերին շնչուղիներին. «Սա մեխանիկական բուժում է։ Այս գործիքը մարդը պետք է օգտագործի ամբողջ կյանքի ընթացքում՝ քնած ժամանակ»:

Մեր հարցին, թե խռռացնելը հատո՞ւկ է այս կամ այն ազգին, տիկին Պետրոսյանը պատասխանեց. «Աֆրիկյան ռասաներն այս հիվանդությամբ ավելի շատ են տառապում, քան եվրոպական ազգերը: Այս հիվանդությունը տարածված է նաեւ Ճապոնիայում: Եթե շատերի մոտ գիրության հետ է կապված, ապա ճապոնացիների պարագայում քաշի հետ հիվանդությունը բացարձակ կապ չունի, քանի որ նրանք հիմնականում նիհար են: Հայերի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ Հայաստանում դեռ հետազոտություններ չենք արել: Ռուսաստանում էլ է տարածված, քանի որ ռուսները ալկոհոլ շատ են օգտագործում: Իսրայելցի մասնագետները, որոնք հետազոտել են 15 հազար հիվանդի, եկել են այն եզրակացության, որ մինչեւ 50 տարեկան տղամարդկանց մոտ գիշերային շնչականգի պատճառով մահացություններն ավելի շատ են լինում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել