Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տան» աղջիկները տուն չեն ուզում վերադառնալ

Օգոստոս 08,2008 00:00

Բայց երազում են սեփական տունն ունենալ

Էջմիածնում «Մեր տունը» հ/կ-ն ստեղծվել է 2005թ. հունվարին, որի նպատակն է ժամանակավոր կացարանով եւ բարձրագույն կրթությամբ ապահովել մանկատունը լքած արդեն չափահաս աղջիկներին: Այստեղ աղջիկների առաջին՝ 11 հոգանոց խումբը Գավառի մանկատնից եկել է 2006-ի նոյեմբերին: Նրանցից երկուսն արդեն ամուսնացել են, այժմ «Մեր տանն» ապրում է 9 աղջիկ, որոնցից 6-ը ուսանող են, իսկ 2-ը աշխատում են: Այստեղ աղջիկները առավելագույնը կարող են ապրել 4 տարի՝ հաշվի առնելով ուսման տեւողությունը, որից հետո դիպլոմը ձեռքներին՝ արդեն պիտի իրենց գլխի ճարն իրենք տեսնեն: «Առավոտի» հետ զրույցում հ/կ-ի փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը նշեց, որ աղջիկներին հասարակությունից չառանձնացնելու համար հաճախ են արվեստի գործիչների հետ հանդիպումներ եւ ուխտագնացություններ կազմակերպվում: Հ/կ-ի բարեկամներից են երգչուհիներ Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանն ու Աննա Խաչատրյանը: Նրանք մասնակցել են նաեւ ամուսնացող երկու աղջիկների հարսանյաց հանդեսներին: Վերջերս էլ դեպի Հաղպատ ուխտագնացություն է կազմակերպվել, եւ օգնության կարիք ունեցող «Մեր տան» աղջիկներն իրենք են օգնության ձեռք մեկնել հաղպատցիներին՝ չքավոր ընտանիքի երեխաներին նվիրել են հագուստներ: «Աղջիկների համար ստեղծում ենք միջինից բարձր պայմաններ, որ իրենց ստորադասված չզգան»,- ավելացրեց Մ. Կիրակոսյանը: Նա նշեց, որ աղջիկների սննդի մի մասը հոգում է Էջմիածնի քաղաքապետարանը:

Լիլիթ Ավետիսյանը 18 տարեկան է: Մայրը մահացել է, երբ ինքը 7 տարեկան էր, հայրն ու տատը չեն կարողացել նրան պահել, եւ 12 տարեկանում հայտնվել է մանկատանը: Նա սովորում է բուհերից մեկի հոգեբանության ֆակուլտետում: «Ոչ մի բարդույթ չունեմ, որ մանկատանն եմ ապրում, ինձ հասարակության լիարժեք անդամ եմ զգում: Միակ ցանկությունս է, որ աշխատատեղեր շատ բացվեն եւ կրթություն ստացած ոչ մի երիտասարդ անգործ չմնա»,- նշեց Լիլիթը: Նա հաշվառված է Հայ օգնության միությունում (ՀՕՄ) եւ շուտով պիտի բնակարան ստանա:

20-ամյա Դիանա Դանիելյանը 8 տարեկանում 6-ամյա քրոջ՝ Լիանայի հետ է մանկատանը հայտնվել: Լիանան վերջերս է հարս գնացել Էջմիածնի Ապագա գյուղ, իսկ Դիանան ապագա հոգեբան է: Նա նշեց, որ քրոջ ընտանիքին հաճախ է հյուրընկալվում, նույնիսկ «Մեր տան» աղջիկներով են նրանց տուն գնում եւ մեկ-մեկ էլ այգեգործական աշխատանքներում են նրանց օգնում: Հարազատներին գտել է, երբ քրոջ հարսանիքը ցուցադրվել է հեռուստաընկերություններից մեկով: Շատ է կարոտում տատի քրոջն ու նրա տղային: Նրա պատմելով, ծնողներին դեռ չի հանդիպել, բայց մայրը զանգում է. «Մաման ամիսը մի անգամ զանգում եւ ասում է, որ կգա, բայց խաբում ու չի գալիս, եթե նույնիսկ հիմա գա ու ինձ ուզենա տանի իր հետ ապրելու՝ չեմ գնա: Եթե 13 տարի մեզանով չի հետաքրքրվել՝ հիմա էլ ինչի՞ համար գնամ»,- ասաց Դիանան:

7 տարեկանից էլ մանկատանն է Լուսինե Հունանյանը: Նա 18 տարեկան է, սովորում է իրավաբանականում: Լուսինեն նույնպես ծնողներ ունի, այցելում են իրեն, բայց նրանց հետ ապրելուն կտրուկ դեմ է: «Արդեն սովորել եմ այս կյանքին, կարծում եմ՝ սա հենց ինձ համար էր: Ուրախ եմ, որ այստեղ եմ ու դրա համար Աստծուց շնորհակալ եմ: Հնարավոր է՝ տանը լինեի ու պայմանները լրիվ այլ լինեին: Ծնողներիս ընդունում եմ, իսկ ներելը՝ թող Աստված նրանց ների»,- նշեց Լուսինեն:

Զրույցի վերջում «Առավոտի» միջոցով բոլոր աղջիկների անունից նա խնդրեց շնորհակալություն հայտնել իրենց փողոցի տղաներին, որ միշտ իրենց թիկունքին կանգնած են եւ չեն թողնում, որ ուրիշներն իրենց նեղացնեն:

14 տարի է՝ մանկատանն է նաեւ 22-ամյա Հասմիկ Գուրջինյանը: Նրա փոխանցմամբ, իր՝ մանկատանը հայտնվելու միակ պատճառը սոցիալականն է. «Եթե լավ պայմաններ ունենայինք՝ հաստատ այստեղ չէի հայտնվի»: Ծնողների հետ կապ ունի, նույնիսկ նրանց այցելում է, բայց իր ընկերուհիների նման նա էլ չի ցանկանում ընտանիքում ապրել: Որոշ ժամանակ առաջ ծրագրել էր, տուն ստանալու դեպքում, մոր հետ ապրել, բայց հիմա ետ է կանգնել իր մտադրությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել