Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս դիմել Հաագայի քրեական դատարան

Օգոստոս 08,2008 00:00

Բացատրում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը

Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը անդրադարձել է «Մարտի 1»-ի դեպքերին՝ հայտարարելով, որ այդ օրվա գործողությունների հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը: Դ. Շահնազարյանը պնդել է, որ բանակը գործողություններին մասնակցել է դեռեւս մարտի 1-ի առավոտից, եւ եթե հարկ լինի, ինքը կներկայացնի իր խոսքի ապացույցներ: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանին պետք էին զոհեր՝ իր իշխանությունը պահելու համար, եւ նա գնաց այդ քայլին, ինչը Դ. Շահնազարյանը որակեց «ահաբեկություն ժողովրդի դեմ»:

Բանախոսն անդրադարձել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելու ընդդիմության նախաձեռնության առնչությամբ իշխանական թեւի արձագանքներին: Այդ նախաձեռնության վերաբերյալ իշխանական ճամբարում առկա կարծիքները, ըստ «Lragir.am»-ի, նա բաժանել է երեք մասի: Առաջինն այն է, թե ընդդիմությունը Հաագայի վերաբերյալ նախաձեռնությամբ ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին, որը նույնպես ցանկանում է Ռ. Քոչարյանին տանել Հաագա՝ Ղարաբաղի պատերազմում կատարած ռազմական հանցագործությունների համար: Հակադարձելով այդ մեղադրանքին՝ Դ. Շահնազարյանը հայտարարել է, թե այդպես մտածողներն իրենք են դառնում այն ջուրը, որ լցվում է Ադրբեջանի ջրաղացին, որովհետեւ Ադրբեջանը Քոչարյանին մեղադրում է ԼՂ պատերազմում կատարած ինչ-որ կոնկրետ հանցագործությունների համար, եւ եթե մեր իշխանական թեւի ներկայացուցիչները խոսում են Ադրբեջանի այդ նախաձեռնությանը ընդդիմության նախաձեռնությամբ ջուր լցնելու մասին, ապա դա նշանակում է, որ նրանք ընդունում են Ադրբեջանի մեղադրանքները: Մինչդեռ դրանք, ըստ Դ. Շահնազարյանի, բացարձակ սուտ են եւ մտացածին. Ղարաբաղի պատերազմում չեն եղել նման հանցագործություններ, ինչի համար ադրբեջանցիները մեղադրում են Քոչարյանին: «Ինչո՞ւ եք կրկնում ադրբեջանցիների ստահոդ պրոպագանդան՝ դրանով ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին»,- հռետորական հարցադրում է արել Կոնգրեսի ներկայացուցիչը:

Նա միաժամանակ շեշտել է, որ Հաագայի դատարան Ռ. Քոչարյանին տանելու ընդդիմության մեղադրանքը որեւէ առնչություն չունի որեւէ ռազմական գործողության կամ նման հանցանքների հետ, այլ հիմնված է խաղաղ քաղաքացիների հանդեպ սիստեմատիկ հետապնդումների փաստերի վրա, որոնք ընդդատյա են Հաագայի միջազգային քրեական դատարանին: Դ. Շահնազարյանը նաեւ բացատրել է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը չպետք է շփոթել նաեւ Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի դատարանի հետ, որովհետեւ, ի տարբերություն սրա, միջազգային քրեական դատարանը իրավասու է քննել միայն այն գործերը, որոնք տեղի են ունեցել 2002 թ. հուլիսի 1-ից հետո, այսինքն՝ Հռոմի ստատուտի ընդունումից հետո:

Երկրորդ՝ ասում են, թե մեր հարցերը պետք է լուծվեն ներսում: «Է, լուծե՛ք: Կալանավորեք Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա հանցագործ է»,- հակադարձել է Դ. Շահնազարյանը: Երրորդ՝ ասվում է, թե ընդդիմությունը Հաագա դիմելու իրավասություն չունի: Կոնգրեսի ներկայացուցիչը բացատրել է, որ կա դիմելու երեք ձեւ: Առաջին. Հաագա կարող է դիմել տվյալ պետությունը, եթե նա վավերացրել է Հռոմի ստատուտը: Հայաստանը չի վավերացրել:

Երկրորդ. Հաագա կարելի է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Երրորդ. Հաագայի դատարանում գործ կարող է հարուցել հենց Հաագայում մեղադրող դատախազի գրասենյակը, որին կարող է դիմել յուրաքանչյուր ոք: Դատախազի գրասենյակը կուսումնասիրի դիմումը, բավարար համարելու դեպքում կդիմի դատարանին եւ հավանության արժանանալու դեպքում կներկայացնի մեղադրանք: Դ. Շահնազարյանի ասելով, ընդդիմությունն ընտրել է հենց այդ երրորդ ճանապարհը: Իսկ նրանց, ովքեր հայտարարում են, թե ընդդիմությունը չունի Հաագա դիմելու իրավական հնարավորություն, նա համարեց «անգրագետ»:

Ինչ վերաբերում է Հաագա դիմելու ժամկետին, ապա Կոնգրեսի ներկայացուցիչը նշել է, թե դա շատ շուտ չի լինի, քանի որ ստորագրահավաքը դեռ ակտիվ ընթանում է, բայց չի լինի նաեւ շատ ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել