Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվող Ցխինվալ

Օգոստոս 09,2008 00:00

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ երեկ վրացական հետեւակային զորքերը բազմաթիվ տանկերի եւ զրահամեքենաների ուղեկցությամբ մտել են Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ: Կենդանի ուժի ներխուժմանը նախորդել է հրետանային ուժգին նախապատրաստություն: Թեեւ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե վրացական զորքերն անմիջականորեն Հարավօսիայի մայրաքաղաքի վարչական սահմաններում են, այնուամենայնիվ, ավելի ուշ վրաստանյան պաշտոնական աղբյուրները անուղղակիորեն հաստատել են, որ «շրջանի վրացական գյուղերի բնակչությանը պաշտպանելու» եւ հակամարտության գոտում «սահմանադրական կարգը վերականգնելու համար» վրացական զինուժը «հարկադրված» գործողություններ է իրականացնում Ցխինվալի մատույցներում:

Միջազգային լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները բավական իրարամերժ են: Ստացվող լրահոսից մոտավորապես պարզ է դառնում հետեւյալ պատկերը: Երեկ երեկոյի դրությամբ Ցխինվալ ներխուժած զրահատեխնիկան կրակ է բացել շենքերի եւ շինությունների ուղղությամբ: Օսերը դրան պատասխանել են ականանետային եւ գնդացրային կրակոցներով: Ինքնահռչակ հանրապետության բնակչության մի հատվածը նախապես տարհանվել էր: Մնացյալները պատսպարվել են շենքերի նկուղներում: Զոհերի մասին հստակ տվյալներ չկան: Լուրեր են շրջանառվում, որ դրանց իրական թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Միեւնույն ժամանակ, վրացական հեռուստաընկերությունները հաղորդումներ են տարածել այն մասին, որ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռները երեկ ռմբահարել են վրացական Գորի քաղաքը՝ պատճառելով զոհեր եւ ավերածություններ:

Երեկ իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ «ՌԴ ՊՆ-ն փորձանքի մեջ չի թողնի իր խաղաղարարներին եւ Հարավօսիայում բնակվող ՌԴ քաղաքացիներին»: «Վրաստանի ղեկավարները կեղտոտ արկածախնդրություն են սանձազերծել: Հարավային Օսիայում թափված արյունն այդ մարդկանց խղճին է»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հարավկովկասյան «սառեցված» հակամարտությունների թիվը մեկով պակասեց, քանի որ Ցխինվալում ընթացող գործողություններն այլեւս «սառեցված» բնութագրմանը տրվել չեն կարող: Պատահական չի ընտրված նաեւ պատերազմի վերսկսման պահը. այն ճշտորեն համընկավ Պեկինի օլիմպիադայի բացման օրվա հետ: Անշուշտ, ենթադրելի է, որ այս զարգացումները կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ նաեւ տարածաշրջանի մյուս հակամարտությունների ու, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության վրա՝ որոշակի շրջանակների մոտ գայթակղություն հարուցելով խնդիրները կարգավորել ռազմական ճանապարհով: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես ձեւով, այնպես էլ բովանդակությամբ, արմատապես տարբերվում է հարավօսականից, ու տվյալ պարագայում զինված արկածախնդրությունը միայն է՛լ ավելի կխճճի վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել