Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը այլմոլորակայի՞ն է

Օգոստոս 20,2008 00:00

Նման կարծիքի են տոնավաճառների առեւտրականները, որովհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրել:

Մինչ Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում քննարկվում էր Սեւանա լճից 360 մլն խմ ջրի բացթողման եւ տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելու մասին օրինագիծը, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել մայրաքաղաքի տոնավաճառների հարյուրավոր առեւտրականներ եւ մի քանի բնապահպանական կազմակերպություններ: Ըստ բնապահպանների՝ Սեւանից նման քանակությամբ ջրի բացթողումը կարող է հանգեցնել աղետալի վիճակի՝ ջրի հաշվեկշիռը կխախտվի ու լիճը կաղտոտվի: Բնապահպանների համոզմամբ, երբ որոշվել է լճից 360 մլն խմ ջուր բաց թողնել, ոչ մի մասնագիտական փորձաքննություն չի կատարվել։ «Իրենք ասում են, որ բնապահպանության նախարարության համապատասխան հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը, իսկ մենք որպես անկախ էկոլոգներ՝ համաձայն չենք, եւ գտնում ենք, որ այդ հանձնաժողովի մասնագետներն անկախ ու օբյեկտիվ չեն: Բացի այդ, հանձնաժողովը համաձայնել էր 327, ոչ թե 360 մլն խմ ջուր բաց թողնել, թեպետ սա էլ է անհիմն, քանի որ ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչո՞ւ հենց այդ քանակությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: Նրա ներկայացմամբ, երբ որոշվել էր 327 մլն խմ խմելու ջուր թողնել՝ իբր երաշտ է եղել եւ գյուղացիները ոռոգման ջրի կարիք ունեն, իրենք Հայպետհիդրոմետից տեղեկություններ են ստացել, որ այս տարի երաշտ չի եղել, ավելին, աննախադեպ առատ անձրեւներ են տեղացել: Այսինքն, ըստ Ս. Այվազյանի, ոռոգման պատրվակը անտեղի է. «Ոռոգման սեզոնն արդեն ավարտվում է, ինչո՞ւ հենց սկզբում չեն որոշել այդ ծավալի ջուր բաց թողնել: Այս տարի արդեն, 170 մլն-ի փոխարեն, բաց են թողել 240, դա բավական չէ՞ր: Պարզապես, իրենց շահերի համար ուզում են Սեւանի ափին կառուցած օբյեկտները փրկել: Դեռ դա էլ բավական չէ, մեզ էլ ազգի թշնամի են հանում, իբր չենք ուզում, որ գյուղացին ոռոգի իր հողերը»: «Էկոլոգիական ակադեմիա» հ/կ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանի կարծիքով, Սեւանի մակարդակը 6 մետրով բարձրացնելու որոշումը լիովին հիմնավորված էր եւ հաշվարկված, նույնիսկ 170 մլն խմ ջուր բաց թողնելն էլ հատուկ ուսումնասիրվել էր եւ հիմնավորվել, իսկ 340 մլն-ը ոչ միայն մեր երկրի, այլեւ տարածաշրջանի համար լուրջ խնդիրների կբերի. «Սեւանի հատակում կա սառը ջրի մեծ ու շատ խիտ շերտ, որն իր մեջ պահում է ջրի մեջ շարունակ գոյացող տիղմը: Այդ 6 մետր բարձրացումով ապահովվում է սառը շերտի կայունությունը: Իսկ հիմա եթե խոչընդոտեն այդ բարձրացմանը, ապա սառը շերտի հարաբերակցությունը վերեւի տաք շերտի հետ կփոխվի եւ ամբողջը կխառնվի, ջրի ծավալը կփոքրանա, ջուրն ավելի կտաքանա ու տիղմը վերեւ կբարձրանա: Արդյունքում՝ Սեւանը կաղտոտվի, լճում թթվածինը կպակասի եւ ջրի հաշվեկշիռը կխախտվի: Դա անվերադարձ աղետի կվերածվի»:

Բնապահպաններից բացի, ԱԺ-ի տարածքը մյուս կողմից էլ շրջապատել էին տոնավաճառների աշխատակիցները, որոնք պահանջում էին կամ ընդհանրապես չտեղադրել ՀԴՄ-ներ, կամ՝ նախ իրենց հետ քննարկել այդ օրինագիծը, հետո նոր որեւէ որոշում կայացնել: «Այս ՀԴՄ-ներն ընդամենը ժողովրդին թալանելու միջոց են: ՀԴՄ են ուզում դնենք, որ ամեն վայրկյան տուգանելու ու փող աշխատելու միջոց լինի, սա է դրանց նպատակը»,- «Առավոտին» դժգոհեցին ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներ: Մեր դիտարկմանը, որ ՀԴՄ տեղադրելով եւ ավելի հարկ վճարելով՝ իրենք իրենց եկամուտներից չեն զրկվի, քանի որ ապրանքի գինը կբարձրացնեն, ցուցարարներից մեկն ասաց. «Մտնենք ժողովրդի գրպա՞նը: Ամեն ապրանք իր գինն ունի, հո չի՞ կարելի 100 դոլարանոց ապրանքը 200-ով վաճառել»: Առեւտրականներից մեկի խոսքերով էլ. «Տեղի փողի, եկամտահարկի ու մաքսազերծման հետ միասին ի վիճակի չենք հիմա էլ 3% շահութահարկ վճարել։ Ամիսը 600-ից 1000 դոլար տեղի վարձ ենք տալիս»: «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկն էլ դժգոհեց. «Մեր վարչապետն այլմոլորակայի՞ն է, էս երկրու՞մ չի ապրում, էս օ՞դը չի շնչում: Ի՞նչ է խելքին փչել՝ ՀԴՄ դնել: Թող ՀԴՄ էն մեծահարուստների օբյեկտներում դնի, իսկ մենք սոցիալապես անապահով խավ ենք, մեզ համար աշխատում ենք, էլի, ուզում են թողնենք-գնա՞նք էս երկրից»: Առեւտրականների պատմելով. «Մենք մեր աշխատանքով ավելի լավ միջազգային հարաբերություններ ենք ստեղծում, քան մեր երկրի դիվանագետներն ու այլ պաշտոնյաներ: Համ թուրքի հետ ենք ընկերական շփվում, համ ռուսի, համ վրացու եւ ադրբեջանցու: Ի՞նչ են ուզում, էլ էս գործը չանե՞նք: Ամիսը 10 մլն մենակ տոնավաճառի տերն իր գրպանն է դնում, թող նրանից էլ գնան հարկ ուզեն: Հազիվ հասարակ ժողովրդի վրա է ռիսկները հերիքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել