Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչությունը սննդամթերք է պահեստավորում

Օգոստոս 22,2008 00:00

Տնտեսվարողների հավաստմամբ, Վրաստանում մնացած բեռների պատճառով մարդիկ խուճապի մեջ են:

Վրաց-հարավօսեթական հակամարտության առաջին իսկ օրերին Հայաստանը զրկվեց ներկրվող բեռների փոխադրման հիմնական ճանապարհից՝ Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներից, իսկ օրեր անց պայթյունի հետեւանքով խափանվեց նաեւ երկաթուղին, ինչի արդյունքում էլ, արդեն 2 շաբաթից ավելի է, հազարավոր տոննաների հասնող բեռներով բարձված վագոնները չեն կարող մտնել Հայաստան: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով բնակիչները խուճապի մեջ ընկան եւ հատկապես սննդամթերքի եւ հեղուկ վառելիքի սպառումը, նախորդ ամիսների համեմատ, մի քանի անգամ ավելացավ: Որոշ բենզալցակայաններում նույնիսկ վերհիշել էին 90-ականները եւ բենզինը վաճառում էին շատ սահմանափակ քանակով՝ 1 լիցքավորման ժամանակ 5-7 լիտր: Բնակիչներից շատերն էլ մինչ այսօր շարունակում են համալրել իրենց սննդամթերքի պաշարները: Սա առիթ հանդիսացավ, որպեսզի որոշ տնտեսվարողներ եւ առեւտրականներ թանկացնեն իրենց ապրանքները:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օգոստոսի 8-18-ն ընկած ժամանակահատվածում մոնիտորինգի է ենթարկել Երեւանի, Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերի տասնյակ խանութների՝ ընդհանուր առմամբ 16 տեսակի 35 անուն ապրանք: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ այդ ընթացքում նույն տեսակի որոշ ապրանքատեսակներ՝ թանկացել, իսկ մյուսներն էլ հակառակը՝ էժանացել են: Մասնավորապես, հանձնաժողովի տեղեկացմամբ, 2,1%-ով թանկացել է «Լեբո» սուրճը, 5,6%-ով՝ «Լուսակերտի» տոհմային թռչնաֆաբրիկայի արտադրած ձուն, 8,5-ից 11,6%-ով՝ բրինձը, 2%-ով՝ «Չանախ» պանիրը, 2,1%-ով՝ «Գեղարդի» ֆիլեն», 4,8%-ով՝ 1-ին տեսակի ալյուրը, ինչպես նաեւ ձեթի եւ կարագի որոշ տեսակներ: Հանձնաժողովն առայժմ գնահատական չի տալիս, թե դա ինչի հետ է կապված:

«Առավոտը» փորձեց գնաճի պատճառները ճշտել արտադրող ընկերություններից: «Լեբո» սուրճի ներկրմամբ զբաղվող «Ասկալ Ուայթ» ընկերության փոխտնօրեն Արայիկ Գրիգորյանի հավաստմամբ, իրենց սուրճը թանկացել է միայն այն պատճառով, որ Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում, այսինքն՝ այնտեղ, որտեղից իրենք ներկրում են, այն եւս թանկացել է: Մեզ հետ զրույցում Ա. Գրիգորյանն ասաց նաեւ, որ իրենց սուրճի պաշարներն արդեն սպառվում են, քանի որ վերջին ներկրումն ունեցել են մոտ 1 ամիս առաջ, իսկ նոր խմբաքանակով բեռնված վագոնները 10-15 օր է, ինչ մնացել են Նովոռոսիյսկում: «Գեղարդ» մսամթերքի կոմբինատից «Առավոտին» տեղեկացրին, որ իրենց արտադրատեսակներից ոչ մեկի գինն այս ամսվա ընթացքում ոչ մի կոպեկ չի ավելացել, գնաճը տեղի է ունեցել ոչ իրենց մեղքով. «Մենք ֆիլե արտադրատեսակը նախկինի նման գործարանից վաճառում ենք 3250 դրամով: Եթե գնաճ կա, ուրեմն դրա համար պատասխանատու են խանութները»: «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի իրացման բաժնի պետ Արամ Գրիգորյանը մեզ հետ զրույցում եւս հավաստիացրեց, որ իրենց ընկերությունը ձվի գինը չի թանկացրել. «2 ամիս առաջ ձվի գինն ընկել է մոտ 15%-ով: Ընդհանրապես, այս արտադրատեսակի գինը սեզոնից կախված՝ փոփոխական է: Ձվի որոշ տեսակներ ընդամենը 1-2 դրամով թանկացրել ենք, իսկ որոշ տեսակներ էլ հակառակը՝ էժանացրել: Մենք մեր նախկին գներով առաքում ենք եւ ցանկալի է, որ խանութները մեր գնին ավելացնեն 10-12, ոչ թե, ասենք, 15-20%»:

Ինչ վերաբերում է 1-ին տեսակի ալյուրի թանկացմանը, ապա ցորենի ներկրմամբ եւ ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերության սեփականատեր Վանիկ Մոսոյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ բնակչությունն իսկապես խուճապի մեջ է, եւ մարդիկ նախկին 10-20 պարկի փոխարեն այսօր 50 պարկ ալյուր են գնում, իսկ շատ գյուղացիներ խուսափում են վաճառել իրենց ցորենը: Այնուամենայնիվ, Վ. Մոսոյանը վստահեցրեց, որ իրենց արտադրատեսակներից եւ ոչ մեկը չի թանկացել: Պարոն Մոսոյանի խոսքերով, ներկայումս իրենց ընկերությանը պատկանող 2500 տոննա ցորենը մնացել է Բաթումիում եւ եւս 7000 տոննան՝ Ռուսաստանում, սակայն իրենք փորձում են այն Հայաստան հասցնելու համար այլ ճանապարհ գտնել. «Պատրաստվում ենք ցորենը բերել Իրանով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել