Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հերթական սկանդալը

Սեպտեմբեր 02,2008 00:00

Երեկ դատարանում հերթական սկանդալն է եղել, այս անգամ` Գագիկ Ջհանգիրյանի դատավարության հենց սկզբում

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Տվյալ դեպքում որպես «իշխանության ներկայացուցիչ» սույն gործով անցնում են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ «6-ի», երկու օպերատիվ աշխատակիցներ, ովքեր Գագիկ Ջհանգիրյանին եւ նրա եղբորը՝ Վարդան Ջհանգիրյանին, փետրվարի 23-ին բերման էին ենթարկել: «Տուժողները», ինչպես ասացինք, երկուսն են՝ Տիգրան Աղվանյանը եւ երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը: Դատաքննությունը հենց սկզբից անցավ բուռն վիճաբանության մթնոլորտում: Գ. Ջհանգիրյանը հայտարարեց, թե՝ «այստեղ այսօր բոլորովին այլ գործ պիտի քննվեր: Պիտի քննվեր սպանության փորձի, ինձ ապօրինի բերման ենթարկելու, ինձ ու եղբորս խոշտանգելու, ծեծելու գործը: Ես պետք է տուժողի տեղը նստեի»: Դատարանի նիստերի դահլիճը լիքն էր 6-րդ վարչության շուրջ 30 աշխատակիցներով, որոնք եկել էին իրենց գործընկերներին «բալետ» անելու համար, բայց չմիջամտեցին Ա. Հարությունյանի եւ դատարանի դահլիճում ներկա մյուս քաղաքացիների միջեւ ծայր առած լեզվակռվին, որը սկսվեց այն բանից հետո, երբ Գ. Ջհանգիրյանի ելույթի պահին դահլիճում ներկաներից մեկն անհարգալից ռեպլիկ նետեց «օպեր» Արման Հարությունյանի հասցեին՝ հիշեցնելով, թե նա ում ամուսինն է: Այդ ռեպլիկին «տուժողը» հայհոյախառն բառապաշարով արձագանքեց: Ու թեեւ դատավոր Ժորա Վարդանյանը, իր ասելով, որեւէ հայհոյանք «չէր լսել», այդուհանդերձ, Ա. Հարությունյանին, որը շարունակում էր հոխորտալ, դատարանի կարգադրիչները դահլիճից դուրս հանեցին: Դատարանը չքննարկեց եւ հետաձգեց Գ. Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ քրեական պատասխանատվության ենթարկել «տուժողին»՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ «խուլիգանական հայհոյանքների համար»:

Երեկ ե՛ւ Գ. Ջհանգիրյանը, ե՛ւ նրա պաշտպանները հանդես եկան մի քանի միջնորդություններով եւ հայտարարությամբ: Պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատավորին՝ ինքնաբացարկ հայտնել, նշելով, որ նա անկողմնակալ լինել չի կարող, որովհետեւ նրա որդին՝ Արշակ Վարդանյանը, ներգրավված է ՀՔԾ քննչական խմբում եւ քննել է Գ. Ջհանգիրյանի գործը: Գ. Ջհանգիրյանն ինքն էլ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց եւ, բացի նրա կողմից թույլ տրված բազմաթիվ քրեադատավարական խախտումները նշելուց, նաեւ դիմեց. «Ես տեսնում եմ՝ կաշկանդված եք, խնդրում եմ ինքնաբացարկ տվեք, գուցե գա մեկը, որի նկատմամբ ես բարոյական խնդիր չունենամ՝ ոչ վիրավորելու, ոչ դիմելու»: Շուրջ երկու ժամ խորհրդակցական սենյակում փակվելուց հետո, դատավոր Ժորա Վարդանյանը «անհիմն» լինելու պատճառաբանությամբ մերժեց միջնորդությունը: Մերժվեց նաեւ պաշտպանական կողմի երկրորդ միջնորդությունը: Լ. Սահակյանը, վկայակոչելով գործող օրենսդրությունը, պահանջեց, որ դատարանում, որպես «պատշաճ մեղադրող», մեղադրանքը պաշտպանի մեղադրական եզրակացության տակ ստորագրած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Եղավ նաեւ միջնորդություն՝ ուղղված մեղադրողներ Կորյուն Փիլոյանին, Հովսեփ Սարգսյանին եւ Լիլիթ Թադեւոսյանին: Պաշտպանը պահանջում էր, որ նրանք իրենք ինքնաբացարկ հայտարարեն: Այս միջնորդությունը ծանրութեթեւ անելու համար Ժ. Վարդանյանն անցավ խորհրդակցական սենյակ, որտեղից դահլիճ կվերադառնա միայն այսօր:

Իսկ Գ. Ջհանգիրյանը դատարանի նիստերի դահլիճում հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ (հայտարարությունն ամբողջությամբ կարդացեք 7-րդ էջում):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել