Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը շա՜տ մեծ-մեծ էր խոսում

Սեպտեմբեր 09,2008 00:00

Իսկ մենք փնթի եւ ինքներս մեզ չսիրող ենք

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղն ավելորդ անգամ ապացուցեց, որ մենք՝ հայերս, մեծախոս, թափթփված ու փնթի ենք: Խաղը դիտել եմ հեռուստացույցով: Պարտությունը ցավով տարա, խայտառակ պարտություն էր, տպավորությունն այնպիսին էր, որ մեր ֆուտբոլիստները դաշտում ավելի քիչ էին, քան թուրքերը: Հետո ինձ բացատրեցին, որ այդ տպավորությունն եմ ունեցել այն պատճառով, որ մերոնք խիստ պասիվ էին: Բացատրեմ, թե ինչու ենք փնթի: Հեռուստաէկրանից երեւում էր, որ դաշտում անթիվ մոմլաթե (ցելոֆանի) տոպրակներ էին այս ու այն կողմ թռչկոտում՝ խանգարելով ֆուտբոլիստներին: Իսկ խաղից հետո տուն գալով՝ հարազատներս ուղղակի զայրույթով փաստեցին, որ օթյակներում, միջանցքներում եւ ողջ տարածքում խաղից հետո հսկա աղբակույտեր էին գոյացել՝ «Սթար» խանութի մոմլաթե տոպրակները, կոկա-կոլայի եւ այլ շշեր բառացիորեն մարդկանց ոտքերի տակ էին լցված եւ քայլելը դարձրել էին անհնարին: Էս ենք, հետո մեծ-մեծ խոսում ենք դարավոր մշակույթի մասին: Բայց չէ՞ որ այս ամենը տեսան նաեւ թուրքերը, տեսան եւ հաստատ մտքներում ծիծաղեցին մեր փնթիության եւ անկազմակերպվածության վրա: Նկատելի էր, որ մարզադաշտում ֆուտբոլ դիտողների խիստ պակաս կար, գոնե կարելի էր մարզադաշտը լցնել, ասենք, տոմսի արժեքը էժանացնել, կամ էլ մի քանի օլիգարխի պարտադրել, որ գնեին տոմսերը եւ բաժանեին մարդկանց: Հետո մեծ-մեծ խոսում են, թե իրենք եւս կարող են մարդ հավաքել՝ դե հավաքեիք: Եվ քանի որ ամենից շատ այս այցի մասին խոսում էին դաշնակցականները, հենց նրանցից մեկին էլ ուղղեցինք մի քանի հարցեր: ՀՅԴ Բյուրոյի անդամ, դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին հարցրինք՝ մի՞թե հնարավոր չէր ավելի մեծ թվով ցուցարարներ հավաքել. «Իհարկե՝ հնարավոր էր, եթե ուրիշ քաղաքական ուժեր էլ միանային մեզ: Ես չեմ մեկնաբանում նրանց պահվածքը, բնականաբար, ակնհայտ է, որ մնացինք պասիվ դիտորդի դերում, սա, կարծում եմ, իրենց խղճի հարցն է: Բայց դաշնակցությունը քիչ բան չարեց, պատկերացրեք, որ մենք, փաստորեն, միաժամանակ քաղաքի երեք տարբեր մասերում մեծ բազմություն էինք հավաքել: Մի մասը գտնվում էր օդանավակայանում, մյուս մասը՝ նախագահի պալատի մոտ, ինչը սկզբում նախատեսված չէր, դա կատարվեց երթուղու փոփոխության պատճառով: Եթե մենք Մաշտոցի պողոտայի երկայնքով բոլոր շարք կազմածներին եւ օդանավակայանում հավաքվածներին մի տեղ հավաքեինք, դա շատ ավելի տպավորիչ կլիներ, քան վերջին ժամանակների որեւէ միտինգ: Բայց մեզ պետք էր քաղաքի տարբեր հատվածներում միջոցառումներ անցկացնել, ինչը եւ մենք արեցինք, շատերը հիմա ափսոսում են, որ չմիացան, բայց՝ ուշ է»:

Իսկ մարզադաշտի դատարկության մասին մեր հարցին պատասխանելով, պարոն Հովհաննիսյանը ասաց, որ մարզադաշտը լցնելը իրենցից կախված չէր. «Հավանաբար՝ դա տոմսի գնի հետ է կապված, ըստ ամենայնի՝ տոմսն այնքան թանկ էր (3-10 հազար դրամ- Մ. Ե.), որ շատ-շատերը նախընտրեցին հեռուստացույցը»: Մեր հարցին՝ կարելի էր, չէ՞, մի քանի օլիգարխի խնդրել, որ տոմսերը գնեին եւ բաժաներին ավելի անապահով մարդկանց, պարոն Հովհաննիսյանը սառնասրտորեն ասաց. «Դա մեր անելիքը չէր»: Ուզեցինք հասկանալ, թե, ի վերջո, ինչպե՞ս էր արտահայտվում դաշնակցության միջոցառումների ցանկը արդեն մարզադաշտում, չէ՞ որ նախապես ասվում էր, թե նաեւ մարզադաշտում ունեն ծրագիր: Հեռուստատեսությամբ լսվում էր միայն «Արարատ-Արարատ» վանկարկումը, դրանից բացի՝ դաշնակցականները այլ բան չե՞ն արել: ՀՅԴ Բյուրոյի անդամն ասաց, որ դրանից բացի՝ նաեւ երգել են. «Երգել են մերոնք, եւ մեր օպերատորները, հետաքրքիր է, որ միայն թուրք երկրպագուներին էին ցուցադրում, մեր հեռուստատեսությունների մեծ մասը ցույց էր տալիս միայն թուրքերին, միայն նախագահներին: Իսկ մեր ժողովրդին, մեր երիտասարդներին, որ երգում էին եւ փորձում էին ոգեւորել մեր ֆուտբոլիստներին, ցույց չէին տալիս, հավանաբար՝ կարծում էին, որ դա քաղաքական կոռեկտություն է, բայց դա քաղաքական կոռեկտություն չէ, դա ծառայամտություն է, որի համար ես իսկապես ափսոսում եմ»:

Այս ամբողջ պատմության մեջ միակ կոնկրետ արդյունքը եւ հուսադրողն այն է, որ Աբդուլլա Գյուլի այցը դիվանագիտական մեծ հաղթանակ էր մեր երկրի եւ նախագահի համար, եւ հուսանք, որ այդ այցի արդյունքները բոլորս զգանք շատ արագ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել