Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԴԱՏ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԸ ՇՈՈ՞Ւ Է

Հոկտեմբեր 01,2008 00:00

\"\"Հրազդանի քաղաքապետարանը ոչ միայն իր որոշումները չի փակցնում նախատեսված ցուցանակներին, այլեւ հրաժարվում է այն տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին:

Երեկ Երեւանի վարչական դատարանում՝ Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, սկսվեց «Ինֆորմացիայի ազատություն» հասարակական կազմակերպության ներկայացրած հայցի քննությունն՝ ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի: Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Հրազդանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնին չի տրամադրել Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու որոշումների պատճենները: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետարանը լրագրողների հետ աշխատելու արդյունքում օրերս «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնի կազմակերպած ավանդական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է ամենափակ գերատեսչությունը՝ արժանանալով ժանգոտ կողպեքի:

Երեկ դատարան էին ներկայացել հայցվոր կողմը՝ «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը եւ նրա ներկայացուցիչ՝ Փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը, իսկ պատասխանող կողմը ներկայացնում էր Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Ռադիկ Հարությունյանը: Վերջինս ասաց, որ դեմ է լրագրողների աշխատանքին. «Շոուի են վերածել եղածը»: Ռ. Հարությունյանը միջնորդեց նաեւ դատակոչել քաղաքապետարանի հաշվապահին եւ քարտուղարին: Կ. Մեժլումյանը, ներկայացնելով հայցի բովանդակությունը, նրա հիմքերը եւ պահանջները, ասաց. «Խախտվել է իմ պաշտպանյալի տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հայցվոր կողմը դեռեւս 2007 թվականի նոյեմբեր ամսից պահանջել է քաղաքապետի եւ ավագանու որոշումների պատճենները, որոնք մինչ օրս չեն տրամադրվել: Պահանջում ենք այդ ողջ տեղեկատվությունը չտրամադրելու համար քաղաքապետարանին վարչական պատասխանատվության ենթարկել: Մեր հաջորդ պահանջը, որ օրենքն է թույլատրում, այդ որոշումների հրապարակելն ու քաղաքապետարանի ցուցանակների վրա փակցնել է, որպեսզի հասարակության համար դրանք մատչելի լինեն: Հայցադիմումի իրավական հիմքերն այն են, որ խախտվել են մի շարք օրենքներ՝ օրինակ՝ «Զանգվածային լրատվության մասին», Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան….»: Ըստ Կ. Մեժլումյանի, հայցվոր կողմը, պատասխան չստանալով, դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որոնց ահազանգերին եւս Հրազդանի քաղաքապետարանը գրավոր չի արձագանքել, այլ՝ միայն հեռախոսազանգով: Շ. Դոյդոյանը դատարանին ներկայացրեց նաեւ լրացուցիչ ապացույց՝ լուսանկար, որը պատկերում է, թե ինչպիսի «պարապուրդի» են մատնված քաղաքապետարանի ցուցանակները, որոնց վրա ոչ մի գրություն չկա: Լուսանկարն արվել է հուլիսի 4-ին: Նախնական դատական նիստն ընդհատվեց, քանի որ պատասխանող կողմը հայցադիմումի վերաբերյալ առարկություններ էր տրամադրել դատարանին, սակայն, ըստ օրենքի, այդ առարկությունները նախ պետք է տրամադրվեին հայցվոր կողմին, որպեսզի դրանց բովանդակությանը վերջիններս ծանոթ լինեին: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին: Երբ «Առավոտը» հիշեցրեց դատարանի սպասասրահում Ռ. Հարությունյանի՝ հայցադիմումից հրաժարվելու մասին կոչը, Շ. Դոյդոյանը պատասխանեց. «Բացառում եմ, որ կհրաժարվենք: Ընդամենը մեկ տարբերակ եմ տեսնում: Եթե նրանք պատրաստակամություն դրսեւորեն եւ հաջորդ դատական նիստին բերեն բոլոր պահանջվող տեղեկությունները եւ հստակ նշեն, թե յուրաքանչյուր էջի համար որքան գումար պետք է փոխանցենք իրենց հաշվեհամարին, կարող ենք համաձայնության գալ: Գրավոր դիմումից 5 օր անցնելուց հետո զանգել ենք, թե ի՞նչ եղավ: Ոչ մի պատասխան: Երբ դիմեցինք օմբուդսմենին, խառնվեցին իրար»: Մեր հարցին, թե հաճա՞խ են դեպքերը, երբ քաղաքապետարանների ղեկավարները հրաժարվում են լրագրողների հարցադրումներին գրավոր պատասխանել կամ ընդհանրապես չեն պատասխանում, արդյոք չի՞ կարելի ենթադրել, որ փաստաթղթերի չտրամադրումը, արվում է քաղաքապետարանների ծավալած ստվերային գործունեությունը քողարկելու ու կոծկելու համար, տիկին Դոյդոյանը պատասխանեց. «Միանգամայն ճիշտ եք: Այս դեպքում արդեն մեկ տարին է լրանում: Եթե համառորեն չեն տրամադրում, ուրեմն մի բան թաքցնում են հասարակության աչքից եւ ինչ-որ բան այն չէ: Երբ կստանանք այդ տեղեկությունները, կտեսնենք նաեւ արդյունքները: Պատրաստ ենք նաեւ արդյունքները լայնորեն հրապարակել, որպեսզի մարդիկ կարդան եւ տեսնեն, թե ինչ գաղտնի բաներ կան այդ որոշումներում, որ չեն տրամադրում: Ստացվում է, որ ոչ միայն չեն փակցնում ստենդներին, այլեւ պաշտոնապես դիմողներին մերժում են»:

Իսկ Ռ. Հարությունյանը լրագրողներին ասաց. «Այդ ցուցանակը դրված է տարիներ շարունակ, իսկ քաղաքապետի եւ ավագանու կայացրած որոշումները կատարվել են: «Ինֆորմացիայի ազատություն» կենտրոնի պահանջը մենք ստացել ենք շուրջ 5 օր հետո եւ չէինք կարող շուտ պատասխանել: Սակայն փաստ է, որ գրավոր չենք տրամադրել, ինչը միտումնավոր չենք արել: Օրենքի թելադրանքով հնարավոր է տալ միայն որոշումների 10 էջը, իսկ մյուս էջերի համար պետք է որոշակի վճարումներ անել: Այդ որոշումները՝ շուրջ 235 էջ, այժմ պատրաստ են: Հրազդանը շուրջ 70 հազար բնակիչ ունի եւ նրա որոշումները չեն կարող լինել 10 էջից պակաս, իսկ որոշումները ստանալու համար նախատեսված վճարումները պետք է կատարվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել