Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼ» ԿԻՐԱՌՎԵ՞Լ Է

Հոկտեմբեր 02,2008 00:00

Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պատմեց, որ անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներն են ցուցմունք տվել, թե «տեսել են մինչ զանգվածային անկարգությունների ավարտը որոշ անձանց, որոնք բացահայտ՝ բենզինով լի տարայից պատրաստել են «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով շշեր»: Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան, թե «Մարտի 1»-ի գործով ամբաստանվող 7 գործիչների մասով նախաքննության նյութերից դատելով՝ բացահայտվա՞ծ են այն ցուցարարները, որոնք այդպիսի դյուրավառ հեղուկ են կիրառել՝ հայտնեց. «Այս «մայր» գործի մեջ ամբողջացվել են «Մարտի 1»-ի մյուս քրեական գործերը, որոնք արդեն ավարտվել են կամ դատարանում վերջնական փուլում են: 3 հատոր են կազմում այդ մասերն անջատելու որոշումներն ու այդ գործերով մեղադրական եզրակացությունները: Եվ այդ մեղադրական եզրակացություններում կան նման ձեւակերպումներ, թե քարեր է նետել, պատրաստել է «Մոլոտովի կոկտեյլներ» եւ այլն: Բայց պիտի ասեմ, որ իրականում որեւէ քրեական գործով, արդեն ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալներից որեւէ մեկի առնչությամբ դատարանում այդպես էլ չապացուցվեց «Մոլոտովի կոկտեյլ» օգտագործելու կամ քարեր շպրտելու հանգամանքը: Իսկ նման մեղադրանքներ առաջադրվել էին Նվեր Ստեփանյանին, Արթուր Նազանյանին եւ այլոց, թե իբր նրանք նետել են քարեր, ունեցել են երկաթյա ձողեր: Բայց բացի Նվեր Ստեփանյանից, որին խաբելով տարան արագացված դատաքննության եւ նա ընդունեց իր մեղքը՝ մնացած բոլոր դեպքերում չեն ապացուցվել այդ դրվագները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել