Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Հոկտեմբեր 02,2008 00:00

Հարգելի պարոն Գոռ Աբրահամյան, գրադարանավարներս հաճախ ենք վրդովվում, որ համայնքի շատ ղեկավարներ անուշադրության են մատնում իրենց տարածքում գործող գրադարանները: Հայաստանի ազգային գրադարանը փորձում է իր գրքափոխանակության եւ նվիրատվությունների հավաքածուից մասհանումների միջոցով պարբերաբար լրացնելով այդ բացը՝ համապատասխան գրականություն առաքել մարզային, քաղաքային եւ գյուղական գրադարաններ: Դուք դիմել էիք մշակույթի նախարարություն, խնդրանքով՝ օգնելու ձեր ենթակայության տակ գտնվող քաղաքային գրադարանը «մանկական նոր գրականությամբ» համալրելուն, որը հասցեագրվել է Մայր գրադարանին: Դա, անկեղծ ասած, ուրախալի է մեզ համար, թեեւ Ազգային գրադարանը մանկական բնույթ չունի, բայց մենք փորձեցինք հնարավորինս աջակցել ձեր նախաձեռնությանը: Ազգային գրադարանի համապատասխան ծառայության աշխատակիցները որոնեցին եւ առանձնացրին 20 միավոր գիրք, որոնք կարող են հետաքրքրել դպրոցահասակ ընթերցողին եւ տրամադրեցին Ապարանի քաղաքային գրադարանին: Անկեղծ ասած, ընտրված գրքերը պատկերազարդ ու գունավոր չեն, հրատարակվել են 70-80-ականներին, սակայն պատկանում են նշանավոր գրողների գրչին: Ձեր խնդրանքին եւ նախարարության հանձնարարականին ընդառաջ չգնալը մեր կողմից, մեղմ ասած, կդիտվեր անքաղաքավարություն, մինչդեռ կարճ ժամանակ անց նվիրատվությունը վերադարձնում եք ետ՝ ձեր ստորագրությամբ եւ ինքնատիպ գրությամբ. «…Նախարարի միջնորդությամբ ձեր գրադարանը հատկացրել է 20 կտոր հնամաշ մանկապատանեկան գրականություն, որոնցով մեր գրադարանը հարուստ է եւ անհրաժեշտության դեպքում ինքներս կարող ենք օգնել ուրիշներին, հետեւաբար՝ շնորհակալ ենք ցուցաբերած օգնությունից եւ գրականությունը ետ է վերադարձվում»: Պարոն քաղաքապետ, քաղաքակիրթ անձինք նվերը չեն քննարկում, շնորհակալություն են հայտնում, եթե նույնիսկ այն իրենց սրտով չէ: Ձեր «հերոսական» վաքագծի ողջ հմայքը չցանկանալով մանրամասնել, ձեզ առաջարկում ենք ձեր նախընտրած բարձրաճաշակ գրականությունը գնել գրախանութներից եւ չկարծել, թե Ազգային գրադարանը քմահաճույքների պատվերների սեղան է: Ի դեպ, գեղարվեստական գիրքը հին չի լինում կարդացողի համար. այն կարող է հին լինել դիտողի համար, եթե նույնիսկ գրքի կազմի կամ էջերի գույնը չի համապատասխանում կահույքի գույնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել