Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԴՐՎԱԳՆԵՐ

Հոկտեմբեր 07,2008 00:00

ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ կապված «Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած դեպքերի հետ:

Պարզվում է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 01.01-ին, Երեւան քաղաքի վարչությունն ահազանգ է ստացել ոստիկանության Կենտրոնականի բաժնից, ըստ որի՝ Խանջյան 49 հասցեում տեղի է ունենում վիճաբանություն: «Օդնոկլասնիկ» սրճարանի համասեփականատեր Աբել Միքայելյանը հայտարարություն էր տվել, որ մի խումբ անձինք մտնելով նշված սրճարան՝ խուլիգանական արարքներ են կատարել, խանգարել աշխատանքը եւ ծեծի ենթարկել իրեն ու ընկերոջը՝ Արթուր Սահակյանին, որն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հետագայում պարզվել էր, որ ծեծի ենթարկվածը ոչ թե Արթուր Սահակյանն է, այլ Անդրանիկ Բաբայանը: Սեպտեմբերի 23-ին հարուցվել էր քրեական գործ:

Նույն օրը ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել քաղաքացուհի Մ. Մ.-ն եւ հայտնել, որ «Լրագրող Արթուր Սահակյանը սեպտեմբերի 20-ին ծեծել եւ փորձել է բռնաբարել իրեն»: Ոստիկանության պարզաբանման մեջ նորություն էր, որ մեղայականով ինքնակամ բաժին ներկայացած Արմեն Սարգսյանը, որն ըստ ոստիկանության կայքէջի հայտարարել էր, թե ինքն է ծեծել բոլորին, այս անգամ «ցուցմունք է տվել, որ սեպտեմբերի լույս 21-ի գիշերը ներկա է եղել «Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին, հայհոյել է, սակայն ոչ մեկին չի հարվածել ու ծեծկռտուքին չի մասնակցել»: Նա հրաժարվեց ծեծի դրվագից այն ժամանակ, երբ մահացավ Անդրանիկ Բաբայանը:

Նորություն էր նաեւ, որ Ա. Սարգսյանի շրջապատից հարցաքննված թիկնազորային գործունեություն իրականացնող Հրաչիկ Աթոյանը, Գարիկ Պողոսյանը, Վաչիկ Կարապետյանը եւ Հովիկ Գալոյանը ժխտել են իրենց մասնակցությունը հանցագործությանը՝ պատճառաբանելով, որ սեպտեմբերի 19-ից 21-ը գտնվել են Սեւան քաղաքում: Ցուցմունք էր տվել նաեւ Արթուր Սահակյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել