Լրահոս
Օրվա լրահոսը

8,5-անոց գերազանցիկնե՞ր

Հոկտեմբեր 09,2008 00:00

Գնահատման 10-միավորանոց համակարգը դպրոցներում խուճապ է առաջացրել

Սեպտեմբերի 1-ից ՀՀ հանրակրթական դպրոցներն անցել են գնահատման նոր համակարգի: Ուսուցիչներն ու աշակերտներն այլեւս պիտի մոռանան «5», «2», «3» կամ «4» գնահատականները, աշակերտներն այլեւս չեն կարող ուրախանալ «5+»-ով: Դեռեւս օգոստոսի վերջին մի առիթով «Առավոտի» հետ զրույցում ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանն այն մանկավարժներին եւ ծնողներին, որոնք դժգոհում էին այս նորամուծությունից, զգուշացրել էր. «Եթե մարդ սովոր է 50 տարվա մեթոդներով աշխատելուն եւ միշտ ախ է քաշում անցյալ ժամանակների համար, սվիններով է ընդունում ցանկացած փոփոխություն, ուրեմն դպրոցը նրա տեղը չէ»: Մեկ ամիս է անցել, սակայն դեռ չի հանդարտվել դժգոհությունների ալիքը:

«Առավոտի» հարցախույզը ծնողների, աշակերտների եւ դպրոցների տնօրենների շրջանում ցույց տվեց, որ նրանց մեծամասնությունը դեռ չի համակերպվել գնահատման նոր համակարգի հետ: Օրինակ՝ ծնող-տատիկ Քնարիկ Գյուլգյուլյանը նշեց. «Թոռնիկս առաջ դպրոցից ոգեւորված տուն էր գալիս ու հպարտորեն գոչում՝ «5» եմ ստացել: Հիմա մեկ «8» է ասում, մեկ՝ «7», բայց դա էլ այն համն ու հոտը չունի»: Բ. Եսայանը եւ մյուս պատասխանատուներն այս համակարգը արդարացնում են հատկապես այն հանգամանքով, որ աշակերտներին գնահատելու օբյեկտիվությունը կմեծանա: Այսինքն՝ եթե նախկինում «ձգած» «5»-ի արժանի երեխան էլ էր «5» ստանում, լիարժեք «5»-ի աշակերտն էլ, ապա այժմ նրանք համապատասխանաբար կգնահատվեն «8» եւ «9»: Թիվ 89 դպրոցի աշակերտուհի Անին կարծում է. «Ինչպես մեզ բացատրել են՝ այն աշակերտը, որը պատասխանում է «5-»-ի, պիտի արժանանա «8»-ի: Սակայն ամեն բան ուսուցչից է կախված: Հիմա էլ ցանկության դեպքում նա կարող է գնահատականը «ձգել» «9»-ի եւ նույն հաջողությամբ «9»-ի պատասխանողին «8» նշանակել»: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի աշակերտ Արմանն էլ անհանգստացած է. «Երբ դեռ մեզ գնահատում էին «5» միավորանոց համակարգով, սկզբնական մատյանում ֆիզիկայից «5»-եր ունեի: Այժմ նոր մատյանում դրանք, չգիտես ինչու, «8»-են դարձել, «10» ընդհանրապես չենք ստանում»:

Իսկ ծնող Գայանե Կիրակոսյանը մտահոգված է. «Ինչպես պիտի տարբերակվի այն երեխան, որի բոլոր քառորդները «8» են, միայն քառորդային «10»-եր կամ «9»-եր ունեցողից: Ըստ էության նրանք բոլորն էլ գերազանցիկ են համարվելու: Բայց լավ կլիներ, որ գովասանագրերով կամ այլ կերպ նրանք տարբերվեին միմյանցից»:

«Առավոտը» վերոնշյալ դժգոհությունները քննարկեց նաեւ որոշ դպրոցների տնօրենների հետ: Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանն ասաց. «Այս համակարգը եւս կատարելագործվելու տեղ ունի: Ինչ վերաբերում է քառորդներին, ապա քառորդային «8» ունեցող երեխան չի կարող գերազանցիկ կոչվել: Իսկ քառորդ փակելուց էլ, եթե, օրինակ, գնահատականների միջինը «8,5» է կազմում, ապա ուսուցիչը կարող է այդպես էլ թողնել քառորդային գնահատականը»:

Նշենք, որ որոշ դպրոցներ գնահատման նոր համակարգին անցել են ոչ թե սեպտեմբերի 1-ից, այլ տասն օր ուշացումով: Պատճառն այն է, որ նրանց միայն այդ ժամանակ են տեղեկացրել նորամուծության պարտադիր կիրառման մասին:

Թիվ 76 դպրոցի տնօրեն Սվետլանա Փիլոսյանն այս կապակցությամբ ասաց. «Թող գոնե օգոստոսի վերջին մեզ տեղեկացնեին, որ ուսուցիչներն էլ հունի մեջ ընկած սկսեին նոր ուսումնական տարին: Բացի այդ, լավ կլիներ, որ հստակ մեզ բացատրեին, թե «8» նշանակելու համար ուսուցիչը ինչ պիտի պահանջի աշակերտից: Այդ դեպքում ամեն ինչ հստակ կլիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել